Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ եմ՝ պայքարը մեկ օր պսակվելու է վերջնական հաջողությամբ. Գուրգեն Ներսիսյան

Մայիս 22,2023 13:12

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, չորս ոլորտային նախարարների ուղեկցությամբ, մայիսի 21-ին բնակչության հետ հանդիպումներ և անհատական ընդունելություններ է կազմակերպել Մարտակերտի շրջանի Հաթերք և Մարտակերտ համայնքներում՝ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովման և բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով:

Պետական նախարարը հանրային հանդիպումներում ներկայացրել է շրջափակմամբ պայմանավորված իրավիճակը և կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նա ընդգծել է, որ այս ծանր պայմաններում կառավարությունն անում է առավելագույնը՝ հնարավորինս մեղմելու քաղաքացիների սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք, բարեբախտաբար, չեն կոտրում Արցախի ժողովրդի ազատատենչ կամքն ու ոգին:

«Մենք մեր տասնամյակների պայքարը շարունակում ենք մեր սեփական հողին արժանապատվորեն ու ազատորեն ապրելու համար, և, չնայած տարաբնույթ մարտահրավերներին, վստահ եմ, որ այդ պայքարը մեկ օր պսակվելու է վերջնական հաջողությամբ: Ադրբեջանական սպառնալիքներն ու ճնշումները երկար ժամանակ են ուղեկցելու մեզ, և մենք պետք է կարողանանք տևական ճգնաժամի պայմաններում ապահովել մեր գոյությունն ու պայքարը: Ուրախ եմ, որ կարողացել ենք վերջին շաբաթներին ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի աջակցությամբ որոշակիորեն կարգավորել հումանիտար բեռնափոխադրումների խնդիրը, սակայն գիտակցում եմ նաև, որ դա մեր բնակչության կարիքների միայն չնչին մասն է բավարարում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Գյուղատնտեսությանն առնչվող հարցերին ի պատասխան՝ Գուրգեն Ներսիսյանն ընդգծել է, որ, չնայած շրջափակման ու բնակլիմայական պայմանների հարուցած մեծ դժվարություններին, կառավարությունն անում և անելու է հնարավորը գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու և պարենային ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ աջակցության ու փոխհատուցման լրացուցիչ ծրագրեր են իրականացվելու հատկապես բնական աղետներից տուժած գյուղատնտեսներին և սեփականատերերին, որոնց մի մասն արդեն կատարվել է:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ ապրանքների գնագոյացման, զբաղվածության ապահովման, կենսական ենթակառուցվածքների գործունեության, ճանապարհների բարեկարգման և այլ թեմաների շուրջ: Պետական նախարարը տեղում տվել է մի շարք հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների ուսումնասիրման և լուծման ուղղությամբ:

Գուրգեն Ներսիսյանը ճանապարհին ծանոթացել է նաև Սարսանգի ջրամբարի վիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է էներգետիկ ու բնապահպանական ահաբեկչությունը՝ խափանված պահելով Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ Արցախի կառավարությունը կատարում է բոլոր ջանքերը էներգահամակարգի ճգնաժամային արդյունավետ կառավարման ուղղությամբ:

Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, քաղաքաշինության և սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարները:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031