Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարծում, որ Արեւմուտքը ՌԴ ձեռքը բռնել է եւ թույլ չի տալիս, որ իր պարտավորությունները կատարի»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 22,2023 13:16

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ եթե ՀԱՊԿ առաքելությունն արդեն գործեր Հայաստանի տարածքում, տարածաշրջանում իրավիճակն ավելի շահեկան կլիներ։ Հարցին, թե Հայաստանն այդպիսի ազդակներ ստացե՞լ է, Փաշինյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով՝ ՀԱՊԿ-ն, ըստ էության, չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ «Ֆունդամենտալ պրոբլեմն այս է, երբ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա։ Պրոբլեմների 90 տոկոսը կամ դա է, կամ բխում է դրանից»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արումուտքից ազդակներ չեն ստացվել «ռուսներին քշելու» վերաբերյալ։ Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է այդ թվում՝ Ռուսաստանին։ «ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում, կարծում ենք, որ որեւէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում ՌԴ եւ մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ։ Եկեք դիտարկենք Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը, ի վերջո, չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը ՌԴ պարտավորությունն է։ Եվ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից հենց այդ պարտավորության խախտում է։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է պահեր միջանցքն իր վերահսկողության ներքո։ Երկրորդը՝ Խծաբերդից մինչեւ Փառուխ տեղի ունեցած իրադարձությունները։ Ի վերջո՝ եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է շփման գիծ հասկացությունը եւ արձանագրվել են շփման գծից ներս ՌԴ խաղաղապահ ուժերի պարտավորությունները։ Ես չէի ուզի, որ Արեւմուտքը կամ Արեւմուտքից արված որեւէ ենթադրյալ հայտարարություն դառնար ՌԴ եւ մեր հարաբերություններում կարեւոր կամ առանցքային գործոն։ Մեր հարաբերությունների ամենակարեւոր գործոնն այն փոխադարձ պարտավորություններ են, որ ունենք իրար նկատմամբ։ Ինչքանո՞վ են կատարվում այդ  պարտավորությունները։ Ես չեմ կարծում, որ Արեւմուտքը որեւէ մեկի ձեռքը բռնել է եւ թույլ չի տալիս, որ իր պարտավորությունները կատարի»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ այսօրվա գերեվարված հայ զինծառայողների 90 տոկոսը գերեվարվել են ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո ու խաղաղապահների պատասխանատվության գոտում, Արեւմուտքն ի՞նչ կապ ունի այստեղ։ «Հայաստանի եւ ԵՄ, Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ պարզապես գոյություն չունի, չկա։ Այլ հարց, որ մենք նաեւ արեւմտյան մեր գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաեւ անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031