Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իմ նկատմամբ իրականացվողը  քաղաքական հետապնդում է»․ Մենուա Սողոմոնյան

Մայիս 22,2023 13:08

«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իմ նկատմամբ իրականացվողը  քաղաքական հետապնդում է։ Ուզում եմ շեշտել, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա իմ նկատմամբ հարուցված երկրորդ քրեական գործն է»,- ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակին հարող տարածքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Համախմբում» շարժման անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։

Նա տեղեկացրեց, որ իրեն վերագրվել է  մեղադրանք՝ պաշտոնական դիրք չարաշահելու, կոռուպցիոն սխեմայի մեջ լինելու, հովանավորչությամբ զբաղվելու հատկանիշներով, ինչի առնչությամբ ԵՊՀ-ին պատճառվել է 5,7 միլիոն դրամի վնաս։

Խոսելով գործի մասին՝ Մենուա Սողոմոնյանն նշեց․ «2016-ի մայիսին ԵՊՀ-ի նորակառույց «Հյուրերի տան» համար հայտարարվել է գնման մրցույթ, որի արդյունքում ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, էլեկտրական սարքեր, օդորակիչներ, սառնարաններ, հեռուստացույց  և այլն։ Հյուրատունը պետք էր կահավորել հրատապ կարգով, որովհետև այն ժամանակ ունեինք արտասահմանից այցելուներ, որոնք պետք է գային ԵՊՀ՝ տարբեր ծրագրերի համագործակցության թեմաներով, և այդ ամենը ձեռք է բերվել։ Գնումների մասին օրենքի համաձայն՝ կազմվում է գնման գնահատման մրցույթի հանձնարարական, հայտարարվում է բաց հրապարակային մրցույթ, երկու մասնակից են մասնակցել, առավել ցածր գումար առաջարկողը հաղթել է։ Ուսումնասիրությունների մեջ հայտնվել է այն գործը, որ իբր թե այն կազմակերպությունը, որը մատակարարել է ապրանքը, էժան գնով ձեռք է բերել այն, մեջն աշխատել է 5,7 միլիոն դրամ գումար, և գնման հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ ես, ունենք որոշակի մասնակցություն։ Այս պահին չեմ ցանկանում խորանալ գործի իրավական, դատավարական դետալների մեջ։ Գործը դատարանում է։ Համոզված եմ, որ դատավարության ընթացքում ամեն ինչ վեր է հանվելու, և ես արդարացվելու եմ»։

Մենուա Սողոմոնյանն այս ամենը կապում է իր գործունեության՝ ավելի արմատական փուլի սկսելու հետ։ Նա պատմեց․ «Երբ «Համախմբում» շարժման հետ միասին փողոցում սկսեցինք պայքար գործող իշխանությունների՝ հանձնվողական օրակարգի դեմ, այդ ժամանակ ինձ հրավիրեցին քննչական կոմիտե և հայտնեցին այս գործի մասին։ Մոտ մեկ ամիս առաջ էլ կանչեցին ու ասացին, որ մեղադրանք են ներկայացրել։ Քաղաքական այս հետապնդման նպատակն ինձ ահաբեկելը, լռեցնելը և հետ պահելն է հանձնվողական օրակարգի դեմ պայքարի գործից։ Սա միայն իմ նկատմամբ չի տեղի ունենում, այլ՝ Ավետիք Չալաբյանի, Էդգար Ղազարյանի, Գևորգ Էմին-Տերյանի։ Այս փուլում իշխանության համար կարևոր է, որ դիմադրության բոլոր օջախները կոտրեն՝ այսպիսի վախի մթնոլորտ ստեղծելու միջոցներով»։

Մենուա Սողոմոնյանը հավաստիացրեց՝ իր կոմֆորտը, հանգստությունը, իր հարազատների հանգստությունը շատ ավելի ցածր է, քան այն նպատակը, որի համար դուրս է եկել հրապարակային քաղաքական պայքարի․ «Այդ տեսանկյունից իմ անձը ցածր է, որ համաձայնեի այն առաջարկին, որ իմ հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնեն համաներման հիմքով։ Ես հրաժարվել եմ դրանից և բաց ճակատով գնում եմ դատարան։ Համոզված եմ, որ այս գործը ջարդվելու է»։

Մենուա Սողոմոնյանն ասաց, որ իր ամբողջ կյանքը կապել է ԵՊՀ-ի հետ և հիմա, երբ իրեն մեղադրում են, դա նույնն է, ինչ մարդուն մեղադրեն իր ընտանիքից գումար հափշտակելու մեջ։ Այս առիթով ասաց․ «Երբեք չեմ խոսել ԵՊՀ-ի համար իմ արած բաների մասին։ Բայց հիմա մի օրինակ եմ ուզում բերել։ Այսօր, որ կա ԵՊՀ-ի Ուսանողի տունը Ծարավ Աղբյուր հասցեում, այդ կառույցի հիմնանորոգումը տեղի է ունեցել և գործում է իմ կարևոր ներդրման շնորհիվ։ Իմ ամենօրյա աշխատանքի արդյունքում նպաստել եմ, որ ԵՊՀ-ին հատկացված կտակը՝ 1 միլիոն երեք հարյուր հազար դոլար գումարը, մտնի ԵՊՀ, և ԵՊՀ-ն այսօր ունի Ուսանողի տունը։ Ես սա ասում եմ նրա համար, որովհետև այս օրերին ինձ մոտենում են իմ ուսանողները, գործընկերները և ափսոսանք են հայտնում, որոշներն ասում են՝ այդ հինգ միլիոնը, այդ ի՞նչ գումար է, որի համար նման գործ են բացել։ Անգամ հարյուր դրամ կորսվելու պարագայում ես պատրաստ եմ կրել պատասխանատվություն օրենքի ամենայն խստությամբ»։

Մենուա Սողոմոնյանն ասաց, որ այս ամենն արվում է իրենց գործունեությունը լռեցնելու համար։ Այս առիթով հայտնեց․ «Հատկապես այս օրերին մենք կարևոր և արդյունավետ գործունեություն ենք սկսել պաշտոնատար անձի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու վերաբերյալ։ Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի գործիքն առաջին անգամ կկիրառենք։ Դրանով պայմանավորված՝ առաջ են բերել այս թեման։ Սա հանրությանը մոլորեցնելու հերթական խայծն է՝ մեր պայքարը ներկայացնելու որպես աթոռակռվի հանգամանք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031