Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջ մղումը։ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, եւ մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ եւ ստորագրել այն։ Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձեւին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխան 29 800 քկմ եւ 86․600 քկմ տարածքային ամբողջականությունը։ Եվ ԼՂ հայության անվտանգության ու իրավունքների շուրջ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ պետք է տեղի ունենա երկխոսություն։ Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը եւ բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմնները չափազանց կարեւոր են»,- ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեց սահմանից զորքերը հայելային հետքաշելու վերաբերյալ համաձայնություն տալ։ Հարցին, թե ի՞նչ քարտեզների մասին է խոսքը, որով պետք է սահմանագիծը որոշվի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դրանք նույն քարտեզներն են, ինչի մասին Ռուսաստանն է խոսում։ «Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, մենք վերահաստատում ենք այդ դիրքորոշումը՝ 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը, մեր կարծիքով, այս իրավիճակում կնշանակի կայունության ապահովում։ Պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը արդեն տեսնում ենք ձեւակերպված միջազգային հանրության կողմից, ինչը ողջունելի է։ Գոնե այս պահին ես Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել՝ միաժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարեւոր մաս է։ Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն՝ փորձելով ռազմական ճնշման միջոցով ավելի նպաստավոր պայմաններ ստանալ բանակցությունների ընթացքում։ Բայց միաժամանակ պետք է արձանագրեմ, որ դա միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների խախտում է, որովհետեւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են եւ պարտավորվել խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից։ Ուզում եմ ընդգծել, որ զորքերի սահմանային հետքաշումն ինքնին չի կանխորոշում սահմանագծման-սահմանազատման աշխատանքները, դա առանձին գործընթաց է»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ 1975 թվականի քարտեզը կարող է եւ պիտի հիմք հանդիսանա նաեւ հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետեւ դա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ալմա-Աթայի հռչակարգի հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ