Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար դեռևս մեկ շաբաթ էլ կպահանջվի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Այսօր արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել։ Մասնակի էր, հետո ծավալվեց ամբողջ պարագծով։ Երեկ շատ դժվար աշխատեցինք, եղանակը թույլ չտվեց։ Մոբիլիզացված է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ամբողջ շարժակազմը, վարչական շրջանի ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերություններից տեխնիկա է եկել, շատ մեծ օգնություն ցուցաբերեց մեր ճարտարապետության և քաղաքաշինության վերահսկողության վարչությունը»,-ասաց նա։
Կամո Արեյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար մեծ քանակությամբ տեխնիկա է բերվել, այս պահին աշխատանքները դեռ ընթանում են, սակայն հրդեհի վերջնական մարման համար դեռ ժամանակ կպահանջվի։
«Եթե ռեալ գնահատենք, դեռևս մեկ շաբաթ կպահանջվի մեզնից՝ ամբողջությամբ մարելու և ծուխը դադարեցնելու համար: Հարցի հետագա ընթացքի և վերահսկողության համար, թույլ տվեք մեր հետագա քայլերը քննարկել առանձին՝ ձեզ հետ։ Կառաջարկեի արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի ընթացքին»,-ասաց Կամո Արեյանը:
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն այս պահի դրությամբ արդեն ընթացքի մեջ է։ Նա առաջարկեց օրվա երկրորդ կեսին այցելել Նուբարաշենի աղբավայր և շրջայց կատարել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ