ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ՏԻԿԻՆ Ա. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ
Հարգելի՛ տիկին ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ,
Հայտնում եմ, որ տարիներ շարունակ Երևան քաղաքի վարչական տարածքում գեոդեզիական և հողաշինարարական ծառայություններ է մատուցում (մասնավորապես հողամասերի գլխավոր հատակագծեր է թողարկվում) գրեթե բացառապես Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության (Երևանի քաղաքապետարան) կողմից, ընդ որում՝ «կամավոր-պարտադիր» սկզբունքով։
ՀՀ գործող որևէ նորմատիվ իրավական ակտում թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում բացակայում են սահմանված այնպիսի նորմեր, որի համաձայն Երևան քաղաքում գեոդեզիական և հողաշինարարական ծառայությունների մատուցումը (առանձին հողամասերի հատակագծերի, հողամասերի գլխավոր հատակագծերի կազմումը) վերապահվի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերությանը (Երևանի քաղաքապետարան), իսկ, օրինակ, Սյունիքի մարզի Տեղ կամ Տավուշի մարզի Բերդ համայնքներում որևէ այլ ընկերությանը կամ համապատասխան որակավորում ունեցող այլ անձի։
Կարդացեք նաև
Բացի այդ, շատ հաճախ քաղաքացիներից պահանջում են փաստաթղթեր, որոնց կազմին և բովանդակությանը անտեղյակ են նույնիսկ այդ փաստաթղթերը պահանջող համայնքային ծառայողները (պաշտոնատար անձինք)։ Մասնավորապես, ինքնակամ կառույցների օրինականացման համար քաղաքացիներից պահանջում են հողամասի և շենք-շինության հատակագծեր, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման թղթային տեղեկանք (մինչդեռ 2021 թվականի ապրիլի 23-ից դրանք էլեկտրոնային են և ողջ փաթեթը հնարավոր է դիտել e-cadastre.am կայքում համապատասխան ծածկագրով), քաղաքացիներից պահանջում են տեղագրական հանույթ (տեղագրական հատակագծեր) 1։500 և 1։2000 մասշտաբի, կներեք, չհասկանալով թե ինչ է նշանակում տեղագրական հատակագիծ։ Նշում ենք, որ չեն հասկանում թե ինչ է նշանակում տեղագրական հատակագիծ, քանի որ քաղաքացիները ներկայացնում են իրավիճակային (իրադրության) հատակագծեր, որին չի հաջորդում պատասխանն առ այն, որ դա տեղագրական հատակագիծ չէ։ Քաղաքացու կողմից սեփական հողամասում հողօգտագործման իրավունքի իրացման ժամանակ պահանջում են նաև հարևան սեփականատերերի ստորագրությունները (համաձայնությունները)։ Ավելին, ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացում, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման, ո՛չ տեղագրական հատակագիծ, ո՛չ հարևան սեփականատերերի ստորագրությունները (համաձայնությունները) չեն պահանջվում։
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի կողմից պարբերաբար խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ազատ տնտեսական մրցակցության պահանջները գեոդեզիական և հողաշինարարական ծառայությունների մատուցման բնագավառում, ոչ կոմպետենտ համայնքային ծառայողների (պաշտոնատար անձանց) կողմից քաղաքացիների համար ստեղծվում են անհարկի խոչընդոտներ՝ խաթարելով քաղաքացիների իրավունքների իրացման ազատությունը հողօգտագործման բնագավառում։
Հայտնում եմ, որ խնդրի առնչությամբ դիմել ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ պարոն Գեղամ Գևորգյանին և այլ պատկան մարմիններին։
Երևանի քաղաքապետարանի կողմից չարաշահումների փաստն արձանագրված է մի շարք պետական կառավարման մարմինների համապատասխան գրություններով, ավելին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N486-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետարանին տվել է նախազգուշացում։
Սակայն ոչ մի դրական տեղաշարժ։
Համաձայն www.e-register.am պաշտոնական կայքի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության (հասցե՝ Հայաստան, Երևան, Կենտրոն, Բյուզանդի, 1/3, 0010, գրանցման համար՝ 286.120.03280, 1998-07-21, ՀՎՀՀ՝ 02542059) կողմից 2023 թվականի փետրվարի 12-ին ներկայացրած իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի միակ բաժնետերը Երևան համայնքն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը: Երևան համայնքը 100% բաժնետեր է:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունը և համայնքները կարող են լինել Ընկերության բաժնետեր` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հանդես գալ որպես Ընկերության բաժնետերեր:»։
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը խախտելով օրենքով սահմանված պահանջները զբաղված է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ավելին, համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում, վստահաբար պնդում եմ, որ չեք գտնի որևէ հողամասի հատակագիծ, որն ՀՀ գործող օրենսդրության համաձայն պետք է հաստատվի Երևանի քաղաքապետի կողմից, կազմված լինի այլ կազմակերպության կողմից։ Երևան քաղաքի վարչական տարածքում պետական գրանցման նպատակով հողամասի հատակագծերը կազմվում են բացառապես «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության կողմից՝ խախտելով ՀՀ գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։
Հարգելի՛ տիկին Վարդապետյան, հաշվի առնելով վերոգրյալը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, խնդրում եմ Ձեր հանձնարարականը քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։
Արայիկ ՀԱԿՈԲՅԱՆ
«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ նախագահ