44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե մի խումբ ծնողներ, որոնք տեւական ժամանակ է՝ բողոքի ցույցեր են անում, ուղղորդվում են, գումար կամ բնակարան են ստացել։ Այսօր կառավարության շենքի մոտ, որտեղ ծնողները նստացույց են անում, Աստղիկ Գալեյանն ասաց․ «Ապրիլի 14-ի առավոտից են սկսել այդ լուրերը տարածել, թե իբր 15 միլիոն, բնակարան, 30 միլիոն, էլի բնակարան եւ այլն․․․ Դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր երեխաների արյունը չի վաճառվում, մենք ոչ բնակարանի կարիք ունենք, ոչ էլ առավել եւս՝ գումարի կարիք ունենք։ Մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել»։
Գալեյանը խնդրեց այլեւս այդ թեման չարծարծել․ «Անընդհատ գալիս է, թե՝ դատի տվեք, եւ այլն։ Մենք բազմաթիվ իրավաբանների հետ ենք խոսել, այդքան հեշտ չէ այդ գործընթացը, այնպիսի մի ֆաբրիկա է աշխատում ֆեյքերի, որ անգամ դրանց սկզբնաղբյուրը չենք կարող գտնել։ Չկա նման բան։ Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ ծնողներն ակտիվանում են, պահանջատեր են դառնում»։
Աստղիկ Գալեյանն ասաց, որ իրենց ՀԿ-ն՝ «Որդիներ կանչ»-ը որեւէ մեկը չի ֆինանսավորում, ծնողներն իրենց սեփական միջոցներով են ամեն ինչ կազմակերպում։
Նա ասաց, որ սոցիալական ցանցերում ծնողների հասցեին անպատիվ խոսքեր են գրում, ինչը ծնողների համար անհասկանալի է․«Եթե մենք դեմ ենք այս իշխանությանը, դուք էլ իշխանամետ եք, ինչո՞ւ եք այդպիսի բառեր օգտագործում մեր ընտանիքի հասցեին։ Գրում են՝ դու ի՞նչ մայր ես։ Դու իմ մայր լինելուց, իմ ընտանիքից տեղյա՞կ եք։ Ես այնպիսի մայր եմ, որ այս երկրի համար որդի եմ դաստիարակել, ուղարկել ծառայության ու այսօր մնացել եմ դատարկ։ Մի՛ արեք նման բաներ, ծնողների հասցեին նման անհեթեթ բաներ մի՛ գրեք»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման համար մեղադրվող զոհված զինծառայողի մայրը՝ Գայանե Հակոբյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Նրա պաշտպանները խնդրել էին դատարանին դիտարկել կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառել, առաջարկելով կամ տնային կալանք (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), կամ վարչական հսկողություն (Աշոտ Փաշինյանի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), կամ գրավ (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ) 4) երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն էին հայտնել երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր եւ Հրանտ Թոխատյանը)։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ