«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
– Պարոն Սիմոնյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը։ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։
– Առհասարակ պետք է գիտակցենք, որ անգամ Ալմա Աթայի հռչակագրով Արցախի հարցը վերջնականապես պարզաբանված չէ, որովհետեւ երբ այդ հռչակագիրն ստորագրվում էր, Արցախի վերաբերյալ որեւէ վերջնական որոշում կայացված չէր։ Դեռեւս բանակցային գործընթացներ էին ընթանում։ Եվ պետք է հիշենք, որ Արցախի հարցով հայկական կողմն էր պատերազմում շահած դուրս եկել։ Եվ եթե Ալմա Աթայի հռչակագիրը չեն արծարծում, ապա ստացվում է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի այն տարածքները, որոնք մենք հիմա պատկերացնում ենք, կողմերը կարող են վիճարկել։ Իսկ մենք գիտենք, որ հիմա Ադրբեջանի զինված ուժերը շատ ավելի մարտունակ են, եւ բալանսը խախտված է հօգուտ նրանց։ Նրանք շարունակաբար կվիճարկեն եւ բիրտ ուժ կիրառելով՝ անընդհատ Հայաստանի Հանրապետությունից կտոր առ կտոր կպոկեն։ Սա է պատճառը, որ այս պահին գոնե դեկլարատիվ ձեւով այդ հռչակագրին հղում կատարելը ճիշտ է, բանակցային գործընթացը գոնե այդ ձեւաչափով շարունակելը ճիշտ է, մինչեւ Հայաստանի Հանրապետությունը կհասցնի վերականգնել բնական հավասարակշռիչները։ Իսկ բնական հավասարակշռիչը բացառապես Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են։
– Այսինքն՝ ստեղծված իրավիճակում մեր նպատակը պետք է լինի բանակը ուժեղացնե՞լը։
Կարդացեք նաև
– Այո, ինչքան հնարավոր է արագ պետք է դա կազմակերպել, որովհետեւ միջազգային օժանդակությունը եւս հավասարակշռիչ հատկություն ունի, բայց իր օժանդակիչ ուժը ժամանակի ընթացքում կարող է կորցնել։ Իսկ պետության պաշտպանունակության, զինված ագրեսիային դիմակայելու համար բնական հավասարակշռիչ կարող է հանդես գալ տվյալ պետության Զինված ուժերը, ուրիշ ոչինչ։
– Եվրամիության ստանձնած դերակատարությունն ի՞նչ արդյունք կարող է տալ բանակցային գործընթացում։ Եվ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանության քաղաքականությունն այս համատեքստում։
– Եվրամիությունը չի կարող գործել այլ կերպ, քան հավաքական արեւմտյան ճակատը։ Իսկ Արեւմուտքի գլխավոր առաջամարտիկ պետությունը Միացյալ Նահանգներն է։ ԱՄՆ հանձնարարությամբ մոդերացիան իր ձեռքն է վերցնում Եվրամիությունը, եւ երկու դերակատար են նրանք ուզում նետել թատերաբեմ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Երկուսի օժանդակությամբ փորձում են Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքում իրավիճակը պահել վերահսկողության տակ։ Եթե լիակատար չհանգուցալուծվի, գոնե վերահսկողության տակ լինի, որովհետեւ սա աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանի դեմ ռազմարշավի համատեքստում մենք պետք է դիտարկենք։ Ընդ որում, Եվրոպայի եւ Արեւմուտքի ուղղակի ագրեսիայի պատճառով չէ այս իրավիճակը, սա Ռուսաստանի սխալ ռազմաքաղաքական հաշվարկների հետեւանքն է։ Այդ ճաշը ռուսներն են եփել, հիմա ստիպված են ուտել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս հարաբերական կայունությունը պայմանավորված է ԱՄՆ գործուն միջամտությամբ։ Եվրամիությունն ընդամենը օժանդակիչ եւ այդ քաղաքական օրակարգը կիրարկող կողմն է։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների նախաձեռնած քայլերին, ես դրանք բավարար չեմ համարում, բայց հանուն արդարության պետք է նշել, որ այս մանեւրումները, չակերտավոր ամեն ինչի պատրաստ լինելը դեռեւս առկախում է ագրեսիան, մենք մի քիչ ժամանակ ենք շահում։ Բայց կան որոշակի նարատիվներ, որոնք վնաս են հասցնում Հայաստանին։ Դա կեղծ խաղաղության օրակարգն է, որը թեպետ պետք է դեկլարատիվ անընդհատ շրջանառվի, բայց իրական քաղաքականություն չպետք է դառնա Հայաստանում։ Հայաստանի Հանրապետությունում պետք է օրակարգային լինի պաշտպանունակության բարձրացման քաղաքականությունը։
– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ տարածքը, սա ինչպե՞ս եք գնահատում։
– Դա Նիկոլ Փաշինյանի պրոբլեմն է, անձնական խնդիրն է այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Երբ Նիկոլ Փաշինյանից հետո կգան հաջորդները, քաղաքական գնահատական կտան Նիկոլ Փաշինյանի վերբալ արտահայտություններին։ Ինչպես մենք հիմա գնահատում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի սխալ քաղաքական քայլերը, նույնկերպ կգնահատենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործողությունները եւ դեկլարատիվ հայտարարությունները, որոնք նա շարունակաբար անում է։ Իսկ ինչ վերաբերում է փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու հարցին, ես կարծում եմ, որ վերջին պահին չստորագրողը լինելու է ադրբեջանական կողմը։ Անգամ եթե Հայաստանի Հանրապետության համար ամենախայտառակ «խաղաղության» պայմանագիրը լինի դա, վերջին չստորագրողը լինելու է Ադրբեջանը, որովհետեւ նրանց վերջնական նպատակը մաքսիմալիստական է։ Շատ ավելի շատ, քան հիմա աշխարհը պատրաստ է տեսնել պարտված Հայաստանի Հանրապետության համար չակերտավոր կապիտուլյացիոն փաստաթղթում։ Ինչ վերաբերում է կապիտուլյացիային, դա եւս սխալ օրակարգ է, որովհետեւ մենք կապիտուլյացիայի չենք ենթարկվել։ Դա կանգնեցված պատերազմ էր՝ Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ։ Դեռ հարց է, որ եթե պատերազմը շարունակվեր, ինչ կլիներ։ Եվ ես մեծ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանն այս հաղթանակը կարող էր չունենալ։
– Շառլ Միշելի հայտարարությունից հետեւություններ են արվում, որ այսպիսով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Ի՞նչ էր նշանակում այդ հայտարարությունը։
– Ոչ, Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչվում, ճանաչվում է Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության մաս։ Եվ ԽՍՀՄ լուծարումից հետո Արցախը, ինչպես մյուս հանրապետությունները, իբրեւ ինքնավար մարզ, որոշեց անկախություն հռչակել եւ շարունակել իր ուղին Ադրբեջանից անկախ։ Ոչ վաղ անցյալում՝ 1988 թվականից սկսած, հայատյաց քաղաքականություն էր մոլեգնում Ադրբեջանի տարածքում, եւ ցեղասպան գործողություններ էին իրականացվում։ Եկեք չմոռանանք, որ աշխարհը Վլադիմիր Պուտինին քրեական պատասխանատվության է ուզում ենթարկել, եւ ցեղասպան քաղաքականություն են որակել միայն այն, որ ուկրաինացի երեխաներ են առեւանգել։ Ինչո՞ւ են բոլորը մոռացել, որ Սումգայիթի եւ Բաքվի ծննդատներում հայկական ծագում ունեցող երեխաների նկատմամբ ագրեսիա էին կատարում։ իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանության կողմից կիսատ-պռատ քաղաքականություն է իրականացվում, մենք Արցախի մասով կոնցեպտուալ բաց ունենք։ Եվ ես այդ կոնցեպտուալ բացերը լրացնելու իրական քայլեր չեմ տեսնում։ Եվ այդ կոնցեպտուալ բացը 30-ամյա է, միայն այսօրվա խնդիր չէ։ Ես կարծում եմ, որ հենց արեւմտյան հարթակները թույլ չեն տալիս Հայաստանի Հանրապետությանը վիրահատական մեթոդներով Արցախն օտարել։
– Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին փորձում է հիմնավորել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, սա ի՞նչ նպատակ է հետապնդում։ Անգամ այս համատեքստում Մադրիդյան սկզբունքներին է հղում անում՝ ասելով, թե Հայաստանը դրանով ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։
– Արցախը արցախցիներինն է, արցախաբնակ հայերինն է։ Ես կարծում եմ, որ մենք մեր ճիշտ ու բնականոն ուղուց շեղվեցինք 1994 թվականի ստատուս քվոյից սկսած, երբ «միացում» քաղաքական օրակարգը փոխարինվեց «անկախություն» քաղաքական օրակարգով։ Սա աբսուրդի ժանրից էր, ԽՍՀՄ վարչատարածքային միավորների համատեքստում պետք է Արցախի հարցը լուծվեր՝ իբրեւ ԽՍՀՄ մեկ միավորից անջատվելով՝ մեկ այլ միավորի միանալու նկատառումով։ Արցախի եւ շրջակա տարածքների նկատմամբ տարածքային պահանջ պետք է ձեւակերպվեր։ Պետք է նպատակային քաղաքականություն վարվեր՝ սեփական ապավենը գտնելով սեփական պետության հզորացման մեջ, ոչ թե հույս դնել ինչ-որ գերտերության վրա, իսկ տեղում կոռուպցիայով, ալան-թալանով զբաղվել՝ ավերելով պետական կառավարման համակարգը։
– Վերջին ամիսներին իշխանությունները խոսում են արցախահայերի իրավունքների ու անվտանգության մասին, կարգավիճակի հարցը չի քննարկվում, դա ինչպե՞ս եք գնահատում։
– Ես ժամանակի առումով սա դրական եմ համարում, որ ՀՀ-ն փորձում է գոնե բանակցային իմիտացիոն ֆոն ստեղծել։ Թեպետ ես վստահ եմ, որ սա մեր կառավարության կողմից բանակցային իմիտացիա չէ, նրանք ռեալ գնում են բանակցությունների, բայց իմ կարծիքով սա բանակցային իմիտացիա է։ Ինչո՞վ է օգտակար։ Մենք շատ լավ գիտենք, որ այն իրավիճակը, որը կար 2021 թվականին, այսօր արդեն այլ է։ Գոնե կարող ենք ասել, որ 2023 թվականին մեջքներս ուղղել ենք, վառ օրինակը Սոթքի ագրեսիան էր, երբ թուրքերը մի լավ պատասխան ստացան։ 2021 թվականին ինչքան ուզում, առաջ էին գալիս։ Եվս 2-3 տարի, արդեն հարաբերականորեն կվերականգնվի բալանսը, կգա հերթական ընտրությունների շրջանը, կոնյունկտուրա կփոխվի։ Կատարվող աշխատանքը իմ սրտով չէ, այն հնարավորությունները, որը մենք ի վիճակի էինք բացազատել, բացազատված չեն, բայց իրավիճակը ռադիկալ կփոխվի։ Այդ դեպքում արդեն բանակցային օրակարգն էլ, հռետորաբանությունն էլ կփոխվի։ Կարեւորն այն է, որ չշտապեն որեւէ փաստաթուղթ ստորագրել։ Առաջիկայում փաստաթղթի ստորագրում հնարավոր է, եթե գերտերություն միջամտի, բայց, իմ կարծիքով, ԱՄՆ-ն հատված չէ կոպիտ ու կոշտ միջամտություն կատարել, որովհետեւ հարաբերական կայունություն է պահպանում, երկու կողմերի նկատմամբ անկողմնակալ միջնորդի դեր է ստանձնել։ ԱՄՆ-ին պետք է եւ ՀՀ-ն, եւ Ադրբեջանը, չեն ուզում Հայաստանը լիակատար խեղել, Արցախի հարցը պրոադրբեջանական գործընթացով լուծել եւ չեն էլ ուզում Ադրբեջանին լիակատար սեղմել։ Հետեւաբար, ԱՄՆ-ն չի ստիպելու եւ ոչ էլ արագացնելու է գործընթացը։ Չկա այլ գերտերություն, որը կկարողանա ստիպել, որ փաստաթուղթը մտնի օրակարգ։ Ռուսաստանն այդ ներուժն արդեն չունի, կորցրել է, Թուրքիան եւս չունի, Իրանը սեփական խնդիրներ ունի, Չինաստանը Կենտրոնական Ասիայից այսկողմ չի գալու։ Հետեւաբար, ես հիմքեր չեմ տեսնում, որ առաջիկայում որեւէ փաստաթուղթ կստորագրվի։ Մեկ տարբերակ էլ կա, դա այն է, եթե Հայաստանն ու Ադրբեջանը լիակատար կոնսենսուսի գան, ինչը գրեթե բացառվում է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.05.2023