Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք որոշումներով կար երեք հատուկ կարծիք՝ մի դատավորի կողմից

Մայիս 22,2023 14:00

Մայիսի 17-ին Սահմանադրական դատարանն իր պաշտոնական էջում տեղադրեց երեք որոշումները՝ ՍԴՈ- 1686, ՍԴՈ -1687, ՍԴՈ-1688: Երեք որոշումներով կար երեք հատուկ կարծիք, կռահեցիք հավանաբար, որ հայտնողը ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանն էր:

Դատարանը մայիսի 16-ի «դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով» նախ քննել է «2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում ստորագրված «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Կառավարության ներկայացուցիչը եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում` տնտեսական աճի աջակցման եւ Կողմերի փոխադարձ ու արտաքին առեւտրատնտեսական կապերի ընդլայնման համար Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման նպատակով:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ: Համաձայնագրի անբաժանելի մասը Ընկերության կանոնադրությունն է, իսկ Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային ֆինանսական կազմակերպություն է, ունի միջազգային իրավունակություն եւ իր իրավասության շրջանակներում իրավունք ունի կնքելու միջազգային պայմանագրեր: Համաձայնագիրը համապատասխանում էր գործող Սահմանադրությանը:

Գրավոր ընթացակարգով քննվել էր «2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Այս գործով էլ կառավարության ներկայացուցիչը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վ. Կոստանյանը: Այս համաձայնագիրը նույնպես համապատասխանում էր ՀՀ սահմանադրությանը: Համաձայնագրով սահմանվում է, որ մի Կողմի պետության քաղաքացիները, անկախ նրանց մշտական բնակության վայրից, իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի, մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթեւեկելու եւ դուրս գալու մյուս Կողմի պետության տարածքում՝ ընդունող պետության սահմանն անցնելու ամսաթվին հաջորդող ցանկացած 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով՝ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների ինքնությունը եւ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի (քաղաքացու անձնագիր, ծառայողական անձնագիր, դիվանագիտական անձնագիր, կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտ (միայն երկու կողմերի տարածքների միջեւ ճամփորդելիս, այդ թվում՝ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում) հիման վրա:

2019 թվականի ապրիլի 9-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով էլ խնդիրներ չեն ծագել: Այս գործով էլ կառավարության ներկայացուցիչը եղել է ՀՀ ՊՆ փոխնախարար Ա. Սարգսյանը: ՀՀ ստանձնել է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, աջակցություն ցուցաբերել ռազմատեխնիկական բնագավառում հայկական եւ չեխական կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ հետեւյալ ուղղություններով՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, շահագործում, նորոգում, արդիականացում եւ տեխնիկական սպասարկում, ռազմական նշանակության արտադրատեսակների լիցենզավորված արտադրության կազմակերպում, ռազմական նշանակության արտադրանքի հետազոտում եւ մշակում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031