Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն ժամկետներ չի՞ խախտում

Մայիս 22,2023 13:30

«Հայաստանի դատական օրենսգիրք» սահմանադրական օրենսգրքի 150 հոդվածի առաջին եւ երկրորդ մասի համաձայն՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

Բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով»: Իսկ 84 հոդվածի 11 կետի համաձայն. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում եւ վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդն այլ մարմինների հետ հարաբերություններում, ինչպես նաեւ իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ լիազորություններ»:

Որքան ծանոթանում եմ վարույթները հետաձգելու մասին որոշումներին, այնքան համոզվում, որ ժամկետների խախտման մասին որեւէ հիմնավորում չկա:

Հունիսի 1-ին, օրինակ, նշանակվել է Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին գործով նիստը: Միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պարտականություններն այդ ժամանակ կատարող Արմենուհի Հարությունյանը: Խոսքն այս տարվա ապրիլի 19- ի ԲԴԽ դիմելու 29 Ա որոշման մասին է: Իսկ արդարադատության նախարարին դիմել էր քաղաքացի Կ. Պողոսյանն այս տարվա փետրվարի 9-ին…

Մայիսի 29-ին Բարձրագույն դատական խորհրդում՝ ԲԴԽ-ում կլսվի Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի եւ Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանի գործերով ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության քննությունը, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դ. Սարգսյանի գործով ԲԴԽ-ն մեկ անգամ՝ մայիսի 8-ին արդեն իսկ հետաձգել էր, այն նշանակելով մայիսի 15-ին: Պաշտոնական կայքում 8-ի որոշումից հետո չկան մայիսի 15-ի որոշումներն այն մասին, թե նիստերը ինչու են հետաձգվել եւ նշանակվել երկու շաբաթ հետո ժամանակացույցով:

Նշեմ, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք էր հանդիսացել անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին գլխավոր դախախազ Ա. Վարդապետյանի կողմից ԱՆ պարտականությունները կատարողին ուղղված հաղորդումը: Իսկ այդ ժամանակ նախարարի պարտականությունները կատարել է Արմենուհի Հարությունյանը:

Այս տարվա մարտի 14-ին թիվ 17 Ա որոշմամբ հարուցվել էր վարույթ:

Դատավոր Մուրադ Հովակիմյանի գործով 2022թ. նոյեմբերի 18-ի գրությամբ ԱՆ-ին վերահասցեագրված դիմումով դիմել էր Կարեն Կիրակոսյանի ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյանը: Դեկտեմբերի հինգին ներկայացվել է նախարարին զեկուցագիր:

Միայն այս տարվա մարտի 23-ին ԱՆ նախարարի որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Ապրիլի քսանին հետեւել է միջնորդություն ԲԴԽ ուղարկելու գործընթացը՝ որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-ԲԴԽ պաշտոնական կայքից տեղեկացա, որ 2023-ին դատավորների նկատմամբ «վերջին» որոշումը կայացվել է այս տարվա մարտի 20-ին:

«Առավոտ» օրաթերթ
20.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031