Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չեմ առաջարկում «ցելոֆանների մեջ» թաքցնել մարդկանց

Մայիս 22,2023 14:30

2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց մրցույթ «Անօթեւան մարդկանց համար ժամանակավոր օթեւանի տրամադրման ծառայություններ ծրագրի իրականացման համար»: Հիշում եմ, երբ այդ նույն տարվա սկզբին, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, անդրադառնալով հայ-դանիական բարեգործական ընկերության կողմից հիմնադրված Վարդաշենում գտնվող անօթեւանների կացարանին, փաստել, որ «նախարարությունը թերի է կազմակերպել անօթեւան մարդկանց համար ժամանակավոր օթեւանի, կացարանի տրամադրման խնդիրը, մարդիկ կանգնել են բարդությունների առաջ՝ պետության կողմից իրենց խնդիրները ժամանակին չլուծելու պատճառով», նկատի նունենալով կացարանի փոփոխությունը:

ՄԻՊ-ը բերել էր օրինակներ, համաձայն որոնց՝ իրենց դիմած անօթեւանի կարգավիճակ ունեցողները հայտնվել են դրսում, քանի որ նույն այդ Վարդաշենում պայմանագրի ժամկետն ավարտվել էր, իսկ իրենց տրամադրված այլ կացարանների պայմանները, մեղմ ասած, ավելի վատն են, քան փողոցում «Երեւան» գրված նստարանների վրայինը, ինչպես լուսանկարում պատկերված դեպքում է:

Վարդաշենի փոխարեն անօթեւաններին Երեւանի թիվ մեկ ինտերնատը հանձն առավ ծածկ տրամադրել: Նույն ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այց կատարեց, որի ընթացքում արձանագրվեց, որ տուն-ինտերնատի առաջարկվող մասնաշենքում չկան մարդկանց արժանապատիվ բնակության եւ կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ։

Լուսանկարն արվել է Հանրապետության մետրո կայարանից դուրս գալուց հետո:

Լուսանկարահանման ժամանակ այս անօթեւանը միայնակ էր վայելում նստարան-քնելատեղը, հիմա երեք այլ նստարանների վրա իրենց բուրավետ, անհասկանալի հնոտի- տոպրակներով զբաղեցրել են այլ անօթեւաններ, որոնց կողքով անցնելը տխուր իրականության, անգործության, արհամարհանքի, խեղճության տարատեսակ հարցերի տեղիք է տալիս: Գնալով շատանում են անօթեւանները, հավանաբար, եղանակներն են տաք, նրանք գերադասում են դուրսը, ՄԱՐԴաբնակ համայնքը, ուր իրենց նաեւ կնկատեն, կօգնեն:

Նրանց առջեւով վազվզում են երեխաներ, քայլում են, զբոսնում տարեցներ, մայրեր, մարդիկ, հյուրեր, ու դա մետրոյից դուրս գալուց ամենամարդաշատ վայրն է:

Ես չեմ առաջարկում «ցելոֆանների մեջ» թաքցնել մարդկանց, այլ առաջարակում են հարցին լուծում տալ:

Լուսանկարահանման ժամանակ, նրանց կողքերին հերթապահություն իրականացնող ոստիկաններից մեկին գործընկերս դիմեց՝ ասելով, թե ինչու չեք բարձրաձայնում այս մարդկանց մասին, որոնք զբաղեցրել են նստարանները, որոնց կողքին հաճախ տհաճ միջադեպեր են կատարվում: Ոստիկաններից մեկը չնայելով վաստակաշատ կնոջը, նրա տարիքին, որը իրենց մոր հասակակիցն էր հաստատապես, արհամարհանքով ասաց. «Տար քո տանը պահիր»:

Մի նստարան էլ զբաղեցրել է Չարենցի տուն-թանգարանից ներքեւ կանգառում մի կին, նա քնում է նստարանին, առավոտ վաղ հավաքում իր «զգեստապահարանը», հաճախ մեջքով դեպի փողոցը նստում՝ իր վրա ուշադրություն չգրավելու համար…

Շեֆիլդի համալսարանի գիտնականներից մեկը, ում հետազոտության արդյունքում պարզվել էր, որ անօթեւանները վաղաժամ են հեռանում կյանքից, մի թեւավոր խոսք ուներ, որը տարատեսակ սեմինարների ժամանակ լսում ենք. «Անօթեւանությունը լուռ մարդասպան է»: Ու մենք ակամայից դառնում ենք «լուռ պարտակողը» այս երեւույթի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031