Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը Զվարթնոցում

Մայիս 22,2023 12:00

Զվարթնոցի տաճարը գտնվում է Վաղարշապատ քաղաքի արեւելյան մասում: Տաճարի շինարարությունը սկսվել է 643թ. եւ ավարտվել 652թ.: Ըստ ավանդության այդ վայրում հանդիպել են Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ թագավորը:

Զվարթնոցը մեզ է հասել ամբողջովին կործանված վիճակում: Դարեր շարունակ փլատակները ծառայել են շրջակա բնակչության համար որպես մշակված քարերի շտեմարան: Այս տարածքից հնագույն վավերագիրը Հայոց Ռուսա Բ արքայի (մ.թ.ա. 685-645 թթ.) կոթողն է սեպագիր արձանագրությամբ: Այստեղ հետագա դարերում էլ շինարարություններ եղել են, ամենայն հավանականությամբ եղել է պալատական ինչ-որ համալիր, որից մեզ են հասել առանձին շենքերի հենապատերը: Զվարթնոցում 1900-1907թթ. հնագիտական պեղումներ է կատարել Խաչիկ վարդապետ Դադյանը, իսկ 1904թ. ամռանը՝ պեղումներին մասնակցել է Թորոս Թորամանյանը եւ հաջորդ տարի հրատարակել տաճարի վերակազմության իր նախագիծը:


Տաճարը բարձրացել է մի լայնարձակ բարձրանիստ հարթակի վրա, որը հվ-ամ կողմում միաձուլվել է պալատական կառուցվածքների առջեւ ձգվող հրապարակի սալահատակի հետ: Ըստ հատակագծային հորինվածքի, այն հավասար աբսիդներով կազմված շինություն է՝ շրջապատված արտաքին բոլորաձեւ պատով: Նրա արեւելյան պատը խուլ է, իսկ մյուս թեւերը կազմված են վեցական սյուներից: Աբսիդների հատման տեղերում վեր են խոյանում չորս հզոր մույթեր, որոնց հետնամասում տեղավորված են մեկական առանձին կանգնած սյուներ: Արտաքին պատը ներսից բոլորաձեւ, դրսից բազմանիստ է եւ ունի 32 նիստ: Նրա մեջ են բացվում տաճարի հինգ մուտքերը: Աբսիդը ունի փոսորակ, կողային մասերում տեղավորված աստիճաններով հանդերձ: Ինչպես այդ փոսորակը, այնպես էլ բեմը արդյունք են հետագա վերակառուցումների. այդ մասին են վկայում պահպանված վերակառուցման ակնհայտ հետքերը: Տաճարի առավել տպավորիչ մասերից են նրա հզոր մույթերը: Բոլոր մույթերն էլ ունեցել են սեպաձեւ խարիսխներ եւ նրանց կենտրոնական մասում՝ անկյունագծային ուղղութամբ դասավորված շրջագծային որմնասյուներ: Վերջիններս պսակվել են լայնանիստ խոյակներով:

Տաճարի քարային կոնստրուկցիաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում մույթերի հակառակ կողմերում տեղավորված անհամեմատ ավելի ուժեղ եւ բարձր սյուները, իրենց լայնարձակ արծվազարդ խոյակներով: Տաճարի ներքին հորինվածքը աչքի է ընկնում կոնստրուկտիվ ձեւերի մշակման մեծ վարպետությամբ: Ուժեղ մույթերի վրա հենվել են գմբեթակիր կամարները, որոնց անկյունային մասերում էլ տեղավորված են եղել առագաստային փոխանցումները:

Տաճարում մի քանի անգամ վերակառուցվել է աղոթատունը: Առաջին վերակառուցումը, ամենայն հավանականությամբ, կատարվել է 9-րդ դարում, երբ երկրաշարժից կործանված Դվինից այստեղ տեղափոխվեց կաթողիկոսարանը:

Մեր միջնադարյան պատմիչներից միայն երեքն են գրել Զվարթնոցի տաճարի քանդվելու մասին: Դրանցից Ասողիկը (11-րդ դ.) գրել է, որ Զվարթնոցը «փլեալ եւ կործանեալ» է: Կիրակոս Գանձակեցին է (13-րդ դ.) գրել է, թե Զվարթնոցը քանդել են արաբները. «աւերեցաւ ի տաճկաց» եւ Մխիթար Այրիվանեցին (13-րդ դ.) նույնպես տաճարի ավերման պատճառը համարում է արաբներին՝ «քակեցաւ ի տաճկաց»:

Զվարթնոցը ուսումնասիրողներից Կարո Ղաֆադարյանը նույնպես այն կարծիքին է եղել, որ տաճարը քանդել են արաբները: Նա գրում է, որ «Գիտության մեջ այն տեսակետն է ընդունված եղել, որ իբր Զվարթնոց տաճարը կործանվել է երկրաշարժից: Այդ կարծիքը հայտնողները նկատի են ունեցել այն հագամանքը, որ Զվարթնոցի երկրորդ հարկաբաժնի հսկայածավալ պատը նստած է եղել հատակագծում կորություն ունեցող ութ կամարների վրա, որոնք հանգչել են մույթերի հետեւին գտնվող արծվաքանդակ սյուների ու տաճարի կենտրոնական մասում կիսաբոլոր կազմող սյունաշարքերի միջին երկու սյուների վրա: Երկրորդ հարկաբաժնի պատի ամբողջ ծանրությունն իրենց վրա կրող այս սյուներն են, որ Զվարթնոցի կառուցվածքի մեջ համարվել են թույլ եւ տաճարի կործանման պատճառ: Եվ իրոք, այդ իսկ պատճառով Անիի Գագկաշեն տաճարի համապատասխան տեղերում, սյուների կողքերին լրացուցիչ հենապատեր են կառուցվել, բայց Զվարթնոցում այդպիսի լրացուցիչ կառուցվածքներ չկան եւ նրա թույլ համարվող հենակետերն ամրացնելու կարիք չեն ունեցել: Նրանք դիմացել են այնպիսի աշխարհավեր երկրաշարժերի, ինչպիսին էր 893թ., երբ շրջապատում մեծ թվով հուշարձաններ կործանվեցին: Հիմնահատակ փլվեց Դվինի Կաթողիկե եկեղեցին եւ ալեւս չվերականգնվեց, հիմնովին ավերվեց հաստ պատեր ունեցող Դվինի միանավ բազիլիկ տաճարը: Զվարթնոց եկեղեցին այդ ժամանակ շեն էր, նա երկրաշարժից չէր վնասվել, եւ Հայոց Գեւորգ կաթողիկոսը Դվինում անօթեւան մնալու պատճառով տեղափոխվեց Զվարթնոց ու այնտեղ հաստատեց իր բնակությունը: Զվարթնոցը կործանված չի եղել նաեւ 10-րդ դարի առաջին տասնամյակներում: Այդ գիտենք նախ Դրասխանակերտցուց, որն իր պատմությունը հասցրել է մինչեւ 924թ. (մահացել է 929թ.) եւ ապա Թովմա Արծրունուց, որ նկարագրել է մինչեւ 930թ. դեպքերը: Այդ երկու պատմագիրների գործերից երեւում է, որ Զվարթնոցը մինչեւ վերջ կանգուն էր»:

Ուսումնասիրողներից Տիրան Մարությանն էլ տաճարի կործանման պատճառը համարել է թշնամական պայթեցումը. «Զվարթնոցը ավելի քան երեք հարյուր տարի կանգուն ապրելուց հետո կործանվել է արտակարգ մեծ ուժերի ներգործման հետեւանքով: Բնական ուժերից ամենահավանականը կարելի է համարել մեծ ուժի երկրաշարժը: Հիմքում խաչաձեւ մեր եկեղեցիները իրենց ծավալային-տարածական կառւցվածքներով բավականին սեյսմակայուն են: Զվարթնոցի կենտրոնն էլ խաչաձեւ է, դեռ ավելին, այնտեղ խաչաթեւերը բոլորակ պատով միացվել, կառուցվածքը դարձրել է մոնոլիտ, առավել սեյսմակայուն: Դրանով պետք է բացատրել, որ Զվարթնոցը չի կործանվել եւ դիմագրավել է այնպիսի աշխարհավեր երկրաշարժերի, ինչպիսիք են տաճարի կառուցումից քիչ անց՝ 7-րդ դարում եւ, ապա 862 եւ 893 թթ. տեղի ունեցած երկրաշարժերը, որոնք երկիրը վեր են ածել ավերակի, կործանել շատ կառուցվածքներ: Այդ երկրաշարժերից հետո Զվարթնոցը շարունակել է իր կանգուն գոյությունը, ընդհուպ մինչեւ 10-րդ դարավերջը, հետեւաբար տաճարի կործանման առիթը չի եղել երկրաշարժը: Տաճարի կործանման արհեստական պատճառ կարող էր լինել նաեւ թշնամական պայթեցումը: Ավերակների ուսումնասիրությունը ենթադրել է տալիս, որ թերեւս տաճարը իսկապես պայթեցվել է»:

Ուսումնասիրողներից Էդուարդ Մելիքյանը այն կարծիքն է հայտնել, որ Զվարթնոցը կործանվել է գնդային կայծակի հարվածից: Նա գրում է. «Մինչեւ օրս Զվարթնոցի ավերման վերաբերյալ համոզիչ վարկած չկա: Երկրաշարժի ներգործությունը բացառվում է, քանի որ տաճարի բեկորները, այդ թվում եւ չորս հսկայական զանգվածները, դուրս են մղված շինության ներքնատարածքից, շրջանաձեւ թափված նրա շուրջը: Դա կարող էր լինել միայն այն դեպքում, եթե երկրաշարժի էպիկենտրոնը գտնվեր տաճարի ուղղահայաց առանցքի տակ, որը քիչ հավանական է, բացի այդ, բացակայում են նաեւ նման ուժգնության ցնցումներից շինության հատակի փլուզման անխուսափելի հիմքերը: Առաջարկվել է նաեւ տաճարի պայթեցման վարկածը, որը հնարավոր էր, եթե հսկայական քանակությամբ պայթուցիկ նյութ զետեղված լիներ շինության կենտրոնում»:

Զվարթնոցի տաճարը երկրաշարժից կործանվելու մասին առաջինը գրել է Մեսրոպ Թաղիադյանցը: Նա, 19-րդ դարի առաջին քառորդում, Զվարթնոցի տաճարի ավերակները նկատելով գրել է. «Ուրեմն յավետ յերկրաշարժէ եղել զպատահարն ճանաչեմ, քան թե յորեւիցէ արտաքին բռնութենէ»:

Տաճարի երկրաշարժից կործանման մասին ակնարկել է նաեւ Թորոս Թորամանյանը. «Պեղումներու ժամանակ որոշ տեսնվեցավ, թե երկրաշարժով մը կործանվեր է հանկարծ ճեղքվելով եւ չորս կողմին վրա համանման բեկորներ թափվելով: Թեեւ նշաններ ալ երեւցան, որ, նախքան երկրաշարժը, բարբարոս ձեռքեր պատերու ստորին մասերեն քարեր քանդեր էին, աստիճաներեն շատերը հաներ էին եւ շուրջը քանդակված մարդոց պատկերներու երեսները տաշեր էին: Այս պարագան ալ ոչ նվազ նպաստեր է հանկարծական փլուզման երկրաշարժի մը ժամանակ»:

Ճարտարապետներից Վարազդատ Հարությունյանը Զվարթնոցի կործանումը պայմանավորել է ճարտարապետական թերություններով. «Զվարթնոցի կյանքը տեւական չի եղել, արդեն 10-րդ դարում այն ավերակ էր: Այդ հանգամանքը բացատրվում է որոշ կոնստրուկտիվ թերություններով, որ բխում է այդ տիպի տաճարների (Իշխանի եւ Բանայի եկեղեցիներ, Գագիկի եկեղեցին Անիում, Լյաքիթի տաճարը) հորինվածքային լուծումից»:

Զվարթնոցի կոնստրուկտիվ թերությունների մասին գրել են նաեւ ճարտ. Տ. Մարությանը եւ շատերը, իսկ երկրաշարժից կործանման մասին՝ Ս. Բադալյանը, Թ. Թադեւոսյանը, Ա. Կարապետյանը, Ս. Մնացականյանը եւ ուրիշներ:

Երբ ուսումնասիրում ենք Արարատյան դաշտում եւ Արագածի նախալեռներում կանգուն եւ կիսավեր եկեղեցիներն, ապա դրանցում նկատում ենք մի շարք վերանորոգությունների հետքեր: Այսպես՝ Արուճի տաճարը վերանորոգվել է 973թ. ոմն Գորամի կողմից: Նորոգվել է հյուսիսային պատի արեւմտյան կողմի վերեւի մասը, որտեղ պատի մեջ է ագուցվել նորոգման մասին վկայող արձանագրությամբ խաչքար: Կարեն Մաթեւոսյանը ուսումնասիրելով կառույցը գրել է. «Իր բազմադարյան գոյության ընթացքում տաճարը բազաթիվ երկրաշարժեր ու զանազան ավերածություններ է տարել, որոնք իհարկե, անհետեւանք չեն անցել: Երկրաշարժի զոհ է դարձել տաճարի հսկայական գմբեթը: Մինչեւ օրս շինության արեւմտյան պատի հյուսիսային մասում երեւում է առաստաղից մինչեւ գետին հասնող մի ճեղք, որը եւս երկրաշարժի հետեւաք է»: Նա նշում է, որ տաճարի գմբեթը հավանաբար ընկել է 970-973 թթ. տեղի ունեցած հուժկու երկրաշարժի ժամանակ, երբ կործանվել է Զվարթնոցի տաճարը:

Եվ, երբ դիտարկում ենք նաեւ 974թ. վերանորոգումը Թալինում, 975թ.՝ Շենիկում, ապա առավել հավանական է դառնում, որ 970-ական թթ. սկզբին Արարատյան դաշտում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ, որից եւ վնասվել են վերը նշված բնակավայրերի եկեղեցիները: Կարծում ենք, որ այդ երկրաշարժից ավերվել են նաեւ Ավանի, Այգեշատի, Օշականի, Կարբիի, Փարպիի, Կոշի, Մաստարայի եւ այլ բնակավայրերի եկեղեցիներն ու աշխարհիկ շինությունները, որոնք, արդեն խարխալվել էին Դվինի 9-րդ դարի երկրաշարժերից: Անշուշտ, Զվարթնոցն էլ էր վնասվել Դվինի երկրաշարժերից, որը սակայն, արագ վերականգնվել էր:

Նշենք, որ Զվարթնոցում քանդակված արծիվները հանդիսացել են պահապան-հսկիչներ՝ շինությունը չար ուժերից կործանելուց եւ բնական արհավիրքներից պաշտպանելու համար: Եվ կարելի է ենթադրել, որ մինչ Զվարթնոցի տաճարի կառուցումը, տեղում եղել է հայոց դիցարանի Տիր աստծուն նվիրված գլխավոր տաճարը, որը կոչվել է Երազամույն: Իսկ մույնը հին հայերենում նշանակել է սուզվել, ընկղմվել: Եվ քանի որ այդ տաճարը, հավանաբար, կործանվել է երկրաշարժից, մեր ճարտարապետները կառուցելով Զվարթնոցը, քանդակել են արծիվներ՝ շինությունը երկրաշարժերից պահպանելու համար: Սակայն, ավա՜ղ, այն նույնպես կործանվեց երկրաշարժից:

Հեթանոսության օրոք ջրի օգնությամբ չար ոգիներից ազատագրվելու ծեսը կատարվել է բարի ոգիների հսկողության ներքո, որոնք կոչվել են զվարթուններ: Այդ հասկացությունից էլ առաջ է եկել Զվարթնոց անունը:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
20.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031