Ըստ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայում հայ համայնքը, համենայն դեպս, կենցաղի, պետության հետ հարաբերությունների ձեւերի տեսակետից որոշ երաշխավորություններ ունեցել է։
«Թուրքիայի հայի հոգեբանությամբ եւ զգայնություններով դժվար է այդ հարցը մեկնաբանել։ ՀՀ-ում էլ վերաբերմունքը միանշանակ չէ, ուստի ես համարձակվում եմ ասել, որ ժամկետը գոնե վիճելի է»,- «Առավոտի» հիշեցմանը՝ կարծիքներ կան, որ Նեմեսիսի արձանի տեղադրումն այս պահին ժամանակին չէր, այսպես պատասխանեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ «Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-Թուրքիա. լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում հինգ հայ լրագրողներ ՀՀ-ից այցելեցին Ստամբուլ։
Ըստ Արա Գոչունյանի՝ արդեն ՀՀ-ում հասարակությունը բավականին ցավոտ է ընդունում Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացման յուրաքանչյուր փորձ. «Այս ուղղությամբ լուրջ խնդիր է այն իմաստով, որ մի շրջան բնականոնացման գործընթացի ժամանակ իշխանության գլուխ գտնվող քաղաքական ուժը հաջորդ բնականոնացման փորձին ընդդիմություն է լինում, տրամագծորեն տարբեր մոտեցում է պաշտպանում։ Այսինքն՝ այստեղ պետականի, քաղաքականի, կառավարականի կամ ընդդիմադիրի իշխանության տարանջատումները պետք է հստակ լինեն»։
Կարդացեք նաև
Խմբագրի փաստմամբ՝ հուշարձանները նախեւառաջ խորհրդանշաններ են։ Նա այս առիթով նշեց. «Այս նախաձեռնության ժամկետը կարծես այս նոր բնականոնացման գործընթացը, եթե չասենք վերջնականապես փակուղու մեջ է մտցնում, ապա գոնե խորհրդանշան է դարձել առաջին լուրջ փորձաքարի առջեւ կանգնեցնելու տեսակետից։ Կգտնե՞ն կողմերը փոխադարձ ընդունելի մի եզրահանգում, թե՝ ոչ, այս պահին դժվար է ասել։ Այսինքն՝ դատելով այն հանգամանքից, որ անգամ ՀՀ-ից ամենաբարձր մակարդակով միանշանակ մոտեցում չկա այդ հարցի վերաբերյալ, դժվար է ակնկալել, որ Թուրքիան կարող է ճկունացնել իր դիրքորոշումն այս հարցի առումով»։
Հարցին՝ լուծումը ո՞րը պետք է լինի, քանի որ պաշտոնական Երեւանից հայտարարել են, որ չեն ապամոնտաժելու արձանը, Արա Գոչունյանը պատասխանեց. «Բնականաբար, չի կարելի ակնկալել, որ Երեւանում այդ արձանը պետք է հանեն, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացման գործընթացն այսքան ցավոտ, որ ընկալվում է, արժանապատվության հասկացությունը կա։ Արձանն այդտեղ տեղադրելուց հետո հանելն աննկարագրելի բան է։ Ես այս նոր՝ ամենավերջին բնականոնացման սկզբում էլ ասել եմ, որ այն, որ պատմական հանգամանքներն առաջ են քաշվում, դա գործնականորեն չկամություն է նշանակում այս գործընթացը առաջ մղելու համար։ Եվ հիմա կամա, թե ակամա հայկական կողմից եղել է մի նախաձեռնություն եւ նրան ի շարունակություն թուրքական կողմի ազդեցության եւ հակազդեցության հարաբերակցության մեջ այսպիսի վիճակ կա։ Ըստ երեւույթին՝ Թուրքիայի ԱԳ նախարար պարոն Չավուշղօլուն, որ այս խնդիրը բարձրացրեց, պետք է հաշվի առնել, որ նախընտրական տրամադրությունների մեջ եղավ այդ հակազդեցությունը։ Արդեն ընտրությունների արդյունքով էլ հաստատվեց, որ Թուրքիայում ազգայնական տրամադրություններն ինչ վերելք են ապրում, եւ այդ մարդիկ, որոնք զգում են այդ զարկերակը, բնականաբար, ազգայնականությանն առնչված թեման հրահրված պետք է առաջ մղեին։ Մյուս կողմից նույնիսկ հուշարձանի պարագայում Անկարայի կողմից արտահայտած բողոքի հիմնավորումի բանաձեւում չէր անտեսվել մատնանշումը, որ եւ’ Նեմեսիսի հուշարձան է դնում, եւ’ Զանգեզուրի միջանցք չի բացվում։ Քաղաքական խնդիրն այս պահին, եթե մինչեւ մոտավոր անցյալը ցեղասպանության հարցն էր այսպես արգելք նկատվում, իսկ հիմնականում գործնական ռեալ պոլիտիկ նշանակության խնդիրը Արցախի հիմնախնդիրն էր, այսօր Արցախի հիմնախնդիրը՝ ի դեմս Թուրքիայի եւ Ադրբեջանի, լուծված հարց է, ընդորում Երեւանի ղեկավարության ուղերձներն էլ վերահաստատում են դա, այսօր ռեալ պոլիտիկ մնացել է պարզապես Զանգեզուրի միջանցքը»։
Հարցին՝ Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կգնահատեք հայ համայնքի շահերի տեսանկյունից, Արա Գոչունյանը պատասխանեցգ «Հայ համայնքի, Թուրքիայի ոչ իսլամական փոքրամասնությունների ներուժն այնպիսին է, որ մնում է միայն արդյունքների հետ համակերպվել։ Փոքրամասնությունները եւ հայերը չունեն այն ներուժը, որ կարողանան ընտրությունների արդյունքի վրա ներազդել։ Թուրքիայում ազգայնական տրամադրությունների՝ այս աննախընթաց վերելքը փոքրամասնությունների տեսանկյունից մեղմ ասած անուշադրության մատնելու հանգամանք չէ։ Սա շատ լուրջ նկատի առնելու հանգամանք է։ Էրդողանի՝ ավելի քան երկու տասնամյակ տեւած կառավարման տարիներին Թուրքիայում փոքրամասնությունները եւ հայ համայնքը համենայն դեպս իրենց կենցաղի, պետության հետ հարաբերությունների ձեւերի տեսակետից որոշ դյուրություններ, երաշխավորություններ ունեցել է։ Հիմնական դրական հանգամանքն էրդողանի՝ մինչեւ այսօր փոքրամասնությունների եւ հայերի նկատմամբ որդեգրած կուրսն է եւ ընդհանուր առմամբ Թուրքիայում տիրող ընդհանուր մտայնությունն է, որ հասարակության զանազան խավերը չպետք է իրար կենցաղին, դավանանքին միջամտեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստամբուլ
«Առավոտ» օրաթերթ
20.05.2023