Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրենասիրությունը սկսվում է ընտանիքում, ամրապնդվում՝ դպրոցում

Մայիս 22,2023 13:00

Երեւանի Մոնումենտ թաղամասում է տեղակայված Լեւ Տոլստոյի անվան դպրոցը: Այն արդեն մի քանի տասնամյակ է՝ իր ջերմ պատերի ներսում շարունակում է սերունդներ կրթել: Դպրոցի աստիճանների մոտ մեզ է դիմավորում դպրոցի զինղեկը՝ ավագ ենթասպա Արսեն Կարապետյանը… Ժպիտով, մեծ ոգեւորությամբ մեզ ուղեկցում է դեպի դասարան, որն անվանակոչվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի անունով: … Օդն անգամ այստեղ լցված էր հայրենասիրությամբ:


Գեղեցիկ կահավորված դասարանն ակամայից հպարտության զգացումով էր լցնում սիրտդ՝ «կամուֆլյաժ» նստարանները, ցանցապատ պատերը, հերոսների դիմանկարներն ու հիշատակի անկյունը մեզ տեղափոխել էին մի ուրիշ աշխարհ՝ որտեղ ամրապնդվելու էր ընտանիքում հիմք դրված հայրենասիրությունը: Պարոն Կարապետյանը տնօրենի մեծ աջակցությամբ էր դասարանն այս տեսքին բերել…Աշակերտները հոգատարությամբ էին պահում ու փայփայում իրենց դասարանը, որտեղ կրթվում եւ ամրապնդվում էր հայոց պաշտպանի ամուր ու անկոտրում ոգին: Դասարանում յուրաքանչյուր իր, ձեռքբերում իր պատմությունն ուներ… Զինղեկ Կարապետյանը ոգեւորությամբ էր պատմում այդ ամենի մասին…Պատերին ամրացված ցանցերը գործվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ վերջին ցանցը զինղեկը պահել էր դասարանում՝ ի նշան դպրոցի անձնակազմի միասնականության, մեծ հավատի եւ անսահման սիրո՝ դեպի հայրենիքն ու հայ զինվորը: Դասարանի մի անկյունը զինղեկը հատկացրել էր այս դպրոցն ավարտած հերոսներին…Յուրաքանչյուր հերոսի համար իր մոմն էր վառվում՝ ի նշան հավերժության…Դասը սկսվեց: Հնչեց ՀՀ պետական օրհներգը, այնուհետեւ հերոսների ճանաչողության վիկտորինա անցկացվեց…Աշակերտները մեծ ոգեւորությամբ էին մասնակցում դասին…Նկատեցինք, որ հայ ազգային եւ Արցախի հերոսների նկարների տակ անուններ չկային գրված: «Դա իմ մտահղացումն է… Ազգովի պետք է ճանաչենք մեր հերոսներին հենց նկարներով,- ասաց զինղեկը,- դպրոցը 7 հերոս է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ…»:

Բոլորը տարբեր էին, յուրաքանչյուրն իր տեսակով անհատ էր՝ չկրկնվող, իր նմանը չունեցող… Նրանք բոլորն էլ իրենց պատմությունն ունեն, իրենց ուղին, որը կերտել են իրենց կյանքի գնով, որի համար մենք պարտական ենք իրենց… Բանակը մեր բոլոր արժեքների ու ձեռքբերումների պահպանման երաշխավորն է: Մենք պետք է անցյալի վերքերը մեր սրտում կարողանանք կերտել հզոր ու միասնական երկիր: Յուրաքանչյուրս պետք է ռազմահայրենասիրության ամուր հիմքեր դնենք մատաղ սերնդի մեջ, կրթենք նրանց որպես իսկական հայ, որպես Հայոց պետականության ամրապնդման եւ հարատեւ խաղաղության հաստատման մարտիկների:

Դպրոցի տնօրեն տիկին Ուզունյանի խոսքերն են՝ դասարանի պատին փակցված, որ պետք է անվերջ հիշեցնեն մեր հայորդիների անձնուրանց սխրանքների մասին եւ ամրացնեն հայրենասիրության արդեն իսկ դրված հիմքերը. «Եթե մի օր մեզ մոռանաք, Մայր հողի մեջ հունդեր դարձած ձեզ կժպտանք, ձեզ կներենք… Մեր մայրերի՜ն թե ուրանաք, Երազի մեջ կոտրած սիրտը կփայփայենք, կգուրգուրենք. Իսկ թե հանկարծ վարանեցիք, Էս անհավատ, պիղծ շներից երկյուղելով՝ Մեր սուրբ հողը չպահեցիք… Հա՛ցն ու գինին, Տե՛ր կենդանին, Մեր ցասումից չեք ազատվի… Այս աշխարհում անհայրենիք թափառողներ՝ ինչքան ուզեք, Հայի հողում Հայ մնալն է պատիվ բերում…»:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԻՆՅԱՆ

Լուսանկարները՝Արման Արշակյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031