Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգությամբ եզդի իրավապաշտպան․ «120 հազար արցախահայությունը աշխարհում իր նման երկրորդը չունեցող կալանավորի կարգավիճակում է հայտնվել»

Մայիս 21,2023 21:56

Չորրորդ օրն է՝ ՆԵՄԵՍԻՍ-ի հուշակոթողի մոտ նստացույց է անում եզդի իրավապաշտպան, «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը, որն Aravot.am-ի հետ զրույցում հատուկ ներկայացավ նաեւ որպես Արցախի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման պահանջատեր։

-Ո՞րն է նստացույցի պատճառը, եւ որո՞նք են ձեր պահանջները։

-Պատճառը շրջափակման մեջ գտնվող արցախահայության իրավունքների ոտնահարումն է, որ միանշանակ պետք է ներկայացվի։ Պահանջս ոչ թե Հայաստանի Հանրապետության ներսում, այլ ամբողջ աշխարհում կույր, համր, փուչիկ արդարադատության ուշադրությունը հրավիրելն է խնդրի վրա ոչ թե միայն թղթի վրա, այլ իրական քայլեր անելու։ Արցախահայությունը աշխարհում իր նման երկրորդը չունեցող կալանավորի կարգավիճակում է հայտնվել։ Ես Արցախի իմ քույրերի եւ եղբայրների իրավունքների պաշտպանության հարցն եմ բարձրացնում, որպեսզի լինի հարցի իրական քննարկում։ Անհրաժեշտ է ելք գտնել ոչ միայն բառերով, այլ կոնկրետ գործողությունների դիմել, որը տվյալ վիճակից կհանի արցախահայերին, որոնք իմ ընտանիքի անդամներն են։

Մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանությունից, արցախահայության կարգավիճակից, տարածքային ամբողջականություններից, հետեւում ենք աշխարհում տեղի ունեցող  իրադարձությունների եւ տեսնում աշխարհի խտրական վերաբերմունքը Արցախի ու արցախահայության, Հայաստանի բնակչության հանդեպ։ Ու դա նողկալի է։

-Ասացիք, որ չորրորդ օրն է, ինչ նստացույց եք անում։ Ի՞նչ արձագանք կա։

-Եթե խոսքը գերտերությունների, արտասահմանյան մամուլի մասին է, այս պահի դրությամբ ես շոշափելի արձագանք չեմ տեսել։ Հայաստանի լրատվամիջոցներն արձագանքել են ու շարունակում են անդրադառնալ։ Երեկ հեռախոսով ինձ շնորհակալություն է հայտնել Արցախի արտգործնախարարը։ Ամեն օր ինձ այցելում են երիտասարդներ, հատկապես ուսանողությունը, տարեց մարդիկ, անգամ երեւանի ծայրամասերից ընտանիքով եկող կա։ Զրուցում ենք, քննարկում հարցեր։ Մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում։ Նույնիսկ տանը իմ համար ճաշ պատրաստելու պատրաստակամություն են հայտնում, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Բայց ես այս ամենն անում եմ իմ պատկերացումներով ու համոզմունքներով։ Ասացի, որ արցախահայությանը ընդունում եմ որպես իմ ընտանիքի անդամներ ու իմ պայքարը իմ ընտանիքի անդամի համար է։ Այդպես պիտի վարվի ամեն ոք, ով կրում է հայաստանցի կամ արցախցի լինելու տիտղոսը։ Ես շատ կարեւորում եմ երիտասարդներին։ Երբեմն մինչեւ ուշ գիշեր տարբեր բուհերի ու ֆակուլտետների ուսանողների հետ երկար զրույցներ ենք ունում։Եվ երբ  բացատրում ես, որ իրենք են երկրի շարժիչ ուժը, նշում, թե ինչեր կարելի է անել, տեսնում ես, որ ի պաշտպանություն Արցախի ու արցախահայության համազգային շարժում սկսելու մեծ ներուժ կա։

-Այստեղ իշխանությունը անելիք չունի՞։

-Իմ արած քայլը ներքին իշխանության հետ որեւէ կապ չունի։ Ես տեղական իշխանությունից ոչինչ չեմ  խնդրում, չեմ պահանջում, չեմ առաջարկում։ Իմ ուղերձը ամբողջ աշխարհում  կույր արդարադատությանն է ուղղված ու կարծում եմ, որոշակի արդյունքի հասնելու եմ մեր ժողովրդի օգնությամբ եւ Աստծո օրհնությամբ։

-Երեկ մեկ ամսով կալանավորվեց պատերազմում զոհված հերոսի մայր Գայանե Հակոբյանը։ Որդեկորույս ծնողները ի պաշտպանություն նրա կառավարության առջեւ նստացույց են անում։ Նրանց ասելիք ունե՞ք։

-Ինչ տեղի ունեցավ տիկին Գայանեի հետ, հետեւել եմ։ Եթե ես այստեղ նստացույցի մեջ չլինեի, որպես իրավապաշտպան կմիանայի տիկին Գայանեի շահերի պաշտպանությանը կամ հերոսածին ծնողների նստացույցին։ Արդարության եւ արժանապատվության համար պայքարել պետք է։ Քանի որ լիարժեք տեղեկություն չունեմ, թե իրականում ինչ է եղել մինչեւ Աշոտիկի մեքենա նստելը, մեքենայում եւ մեքենայից դուրս գալուց հետո, զերծ կմնամ որեւէ կոնկրետ հայտարարություն անելուց։ Օրենքով արարք կատարած անձը պետք է կրի պատասխանատվություն։ Բայց այս պահին տիկին Գայանեի կողմից արարք չկա, հանցավոր արարք որպես այդպիսին գոյություն չունի։ Եթե վարչապետի որդին վախեցել է զոհված զինվորի, իր տարեկից տղայի մոր մեքենա վարելուց եւ դա կալանավորման պատճառ է դարձել, ուրեմն ես ժամանակին ճիշտ գնահատական եմ տվել ՀՀ իրավապահ համակարգին։ Իրավապահ համակարգից գարշահոտ է փշում։ Եվ սա դրա վառ օրինակը կարող է դառնալ։

Ես նստացույց անող ծնողներին իմ զորակցությունն եմ հայտնում։ Եվ եթե նրանց կտեսնեք, փոխանցեք իմ խոսքը․ պետք է պայքարել եւ դիմանալ։ Արդարադատություն միանշանակ տեղի է ունենալու։ Ես հոգով միանում եմ իրենց պայքարին․ես իրենց հետ եմ, թեկուզ այստեղ նստած, բայց իրենց հետ եմ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031