Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքի միջազգային տոն Գյումրիում՝ ռոմանտիկ ելևէջներով․ հորդառատ անձրևի ու երաժշտության ներքո  (ֆոտոշարք)

Մայիս 21,2023 20:23

Գյումրիում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ նշվեց Ընտանիքի միջազգային օրը։

Այն որպես տոն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, ամեն տարի նշվում է մայիսի 15-ին՝ 1994 թվականից։ Պաշտոնապես ընդունվել է աշխարհի բազմաթիվ պետությունների կողմից։

Յուրաքանչյուր տարի այս տոնի շրջանակում հատուկ թեմա է ընտրվում․ մե՛կ կարևորվում են ընտանիքն ու առողջ ապրելակերպը, մե՛կ գենդերային հավասարությունը կամ երեխաների իրավունքները ժամանակակից ընտանիքներում։

Տոնը Գյումրիում կազմակերպել էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ «ՄԱԿ կանայքի» և ՄԱԿ-ի Բնակչության հայաստանյան հիմնադրամի հետ համատեղ։

Այս  կառույցների ջանքերով՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց հավասարության․ Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակում Հայաստանի երեք մարզերում՝ Շիրակում,  Լոռիում և Տավուշում՛ «Ընտանիքի անկյուններ» ռեսուրսային կենտրոններ, «Հայրիկների դպրոցներ» են հիմնվել։

Ընտանիքի օրվան նվիրված միջոցառումն  էլ  Եվրամիության վերոնշյալ  ծրագրի մաս է կազմում։

Այդ անկյուններում հատուկ դասընթացների ու հանդիպումների միջոցով  փորձում են փոխել կանանց և տղամարդկանց դերերի մասին կարծրացած ընկալումները,  բարձրացնել տղամարդկանց ներգրավվածությունը երեխայի խնամքի և ծնողավարման գործում։

Ինչևէ, չնայած հորդառատ անձրևին՝ Գյումրիում տոնը նշվեց բացօթյա՝ երաժշտական  կենդանի կատարումներով։

Ելույթ ունեցան «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի» սաներն՝ իրենց դասախոսների հետ։

ՄԱԿի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սարգսյանն իր ելույթում նշեց․ «Ընտանիքը սիրո, բալանսավորված աշխատանքի բաժանման և  համատեղ հիանալի պահերի մասին է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք այն ընտանիքները, որոնք իրենց օրինակով ցույց են տվել, թե ինչպես կարելի է  հասնել այդ համերաշխությանը, միասին զբաղվել երեխաների խնամքով և ունենալ գեղեցիկ և ժպտերես երեխաներ»։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ  միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ իր խոսքում ընտանիքներին մաղթեց ներդաշնակություն, առողջություն և խաղաղություն։

«Գյումրիում նշելով ընտանիքի միջազգային օրը՝ նպատակ ունենք ևս մեկ անգամ խթանելու մեր հասարակության մեջ ընտանիքի դերի կարևորությունը և ընտանիքում զույգերի հավասար ներգրավվածության արժևորումը»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Գյումրու նորանշանակ փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն էլ կարևորեց ընտանիքի բացառիկ դերը պետության կայացման գործում։

Միջոցառմանը «Կենդանի գրադարան» խորագրող զրույց-քննարկում տեղի ունեցավ մասնակիցների հետ։ Բանախոս-հյուրերը կիսվեցին ընտանեկան դժվարությունները հաղթահարելու, երեխաներին դաստիարակելու իրենց փորձով։

Հնչեցին մտքեր այն մասին, որ ընտանիքում անընդմեջ հնչող «չի կարելի» արտահայտությունը ևս բռնության տեսակ է, երբեմն նույնիսկ ավելի վատը, քան ֆիզիկական բռնությունն է։

Խոսք գնաց երեխաների՝ կարծրատիպերից զուրկ դաստիարակության մասին, նրանց մոտ փոքրուց վերլուծական միտքը զարգացնելու, կյանքի հաջորդ փուլերին նախապատրաստելու անհրաժեշտությունից։

Գյումրիում հյուրընկալվել էին ընտանիքներ նաև Լոռուց ու Տավուշից։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031