Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Գալստյան․ «Հայ հասարակությունը այսօր ունի իշխանություն, որը թշնամիների քարոզչական կոդերն է դրել հայ հասարակության ներսում»

Մայիս 21,2023 19:12

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը առավոտյան կառավարության շենքի մոտ էր։ Նա եկել էր իր զորակցությունը հայտնելու 44-օրյա պատերազմում որդի կորցրած Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու դատարանի որոշման դեմ կազմակերպված նստացույց իրականացնող որդեկորույս ծնողներին։

«Իմ մոտեցումն այս իրավիճակի հետ կապված հետեւյալն է։ Եթե մարդու միջից անհատապես հանես բարոյականությունը, մարդը դառնում է աշխարհի ամենասարսափելի գիշատիչը։ Եթե հասարակության միջից հանում ես բարոյականության իմպերատիվները, հասարակությունը վերածվում է դժոխքի՝ երկրի վրա։ Այսօր Հայաստանը դժոխք է երկրի վրա, որովհետեւ իշխանությունները այս հասարակության ապաբարոյականացման կոդերը եւ այն հենասյուները, որոնք հազարամյակներ շարունակ ձեւավորվել են, ցաքուցրիվ են անում։ Հայ հասարակության բարոյական կոդն ու իմպերատիվն ու բոլոր ժամանակներում եւ բոլորի համար սրբության սրբոց է եղել մոր կերպարը։ Արցախյան ազատամարտի զոհասեղանին դրված որդեկորույս մայրերը այս հասարակության համար պետք է լինեին ամենաբարձր արժեքային նշաձողը։ Այսօր հարված հասցնո՞ւմ ենք այդ նշաձողին, իհարկե, հասցնում ենք։ Հայ հասարակության ամենաբարձր գաղափարները եղել են ընտանիքի գաղափարը, հայրենիքի համար կյանքը չխնայած հերոսների գաղափարը, եկեղեցու կերպարը, հավատքի կերպարը։ Մեր բարոյական բոլոր կարեւոր հենասյուները այսօր այս իշխանությունները միտումնավոր, բահը վերցրած, փորում, հիմքից խարխլում են։ Դրա համար մենք այսօր ունենում ենք անդեմ, անբարոյականության մեջ թաթախված հասարակության զգալի հատված, որի դեմ ուղղակի պայքարում է ծնողների այս փոքրամասնությունը։

Մենք պետք է հասկանանք, որ այս իշխանության յուրաքանչյուր քայլը էլ ավելի է թուլացնելու հայ հասարակությունը։ Պետականության մասին էլ չեմ խոսում, որովհետեւ մեր պետականությունն այսօր թղթի վրա է․ դեռ դրոշ ու զինանշան, ինչ-որ իշխանություն ունենք, բայց  հայոց պետականություն այսօր փաստացի չունենք։ Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես է հայոց պետականությունը դրված աշխարհաքաղաքական զոհասեղանին։ Հայ հասարակությունը, որ պետք է կարողանար դիմակայել, այսօր ունի իշխանություն, որը թշնամիների քարոզչական կոդերն է դրել հայ հասարակության ներսում։ Դրա համար էլ մենք այսօր նման ենք անգլուխ ձիավորի, որի օրգանիզմի տարբեր մասերը թպրտում են, բայց պետությունը ղեկավարող գլուխը, կամ կտրված է, կամ շեղված է օրգանիզմից։ Այդպես լինում է այն ժամանակ, երբ անհաջողակները կարողանում են ինչ-ինչ պայմաններով թելադրված պայմաններով վերցնել իշխանությունը ու բոլորը դառնում են դրա գերին»,-ասաց Խաչիկ Գալստյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031