Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի ծնող․ «Դուրս է գալիս, որ մեկը կարող է սպանել հազարավոր երեխաների ու չդատվել, բայց որ իր երեխային ասում են՝ արի գնանք Եռաբլուր, տես հայրդ ինչ է արել, դրա համար դատում են»

Մայիս 21,2023 17:22

Հերոսածին ծնողներն ի պաշտպանություն 44-օրյա պատերազմում որդուն կորցրած եւ մեկ ամսով կալանքի դատապարտված Գայանե Հակոբյանի, երեկվանից անժամկետ նստացույց են սկսել կառավարության շենքի առջեւ:

Զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, Aravot.am-ին ասաց. «Հայրենիքով, ժողովրդով գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում: Ազգովի անհույս հիվանդ ենք ու սպասում ենք փրկության: Պիտի պայքարենք, որ փրկվենք, ազատվենք հրեշից, որը բոլորիս հիվանդացրեց: Նա ոչ հայրենիք գիտի, ոչ մայր, ոչ էլ զավակ: Ու դրա համար որդեկորույս ծնողներին ճնշում է, որովհետեւ վախենում  է մեզնից: Բայց Գայանեի տեղը վաղը ես եմ լինելու, բոլորս ենք լինելու»:

Սեւանցի Վարուժան Մելքոնյանը՝ զոհված Սերոբ Մելքոնյանի հայրը, որ 1994  թվականից ապրել է Շուշիում, մեր հարցին, թե մարդկանցից ակնկալվող զորակցություն զգո՞ւմ են, պատասխանեց. «Մենք որ այստեղ ենք, մարդիկ պետք է գիտակցեն, որ մենք թեեւ  արդեն մեր որդիներին կորցրել ենք, այց մեր զավակները միշտ մեր հոգում ու սրտում են: Ու այդ ցավը միշտ կա: Ես ուզում եմ, որ ամբողջ հայ ազգը հասկանա, որ ինքը ծնող է: Հազարավոր զինվորներ այսօր կանգնած են սահմանին ու մեր տղաների նման երկիրն են պաշտպանում: Այդ ծնողները չե՞ն մտածում, որ իրենց երեխաներն էլ նույն վտանգի տակ են: Պատերազմից հետո քանի՞ զոհ ունեցանք: 15 հոգի Վարդենիսում այրվեցին, 30-ը զոհվեցին Սիսիանում, 4-ը՝ Գորիսում: Եվ այդպես շարունակվում է: Ասում ենք՝ ծնող, մայրություն: Ամեն մի ծնող ապրում է հանուն իր ապագա սերնդի: Մեր ապագա սերունդը Նիկոլը տարել է: Այսօր մենք այստեղ ենք գլխավորապես, մեր Գայանեի համար: Ավելի վաղ, մենք դիմում էինք գրել, անունն էլ չեմ ուզում տալ, որ որպես ազգի դավաճան, հազարավոր երեխաներին սպանող, դատեն: Փաստորեն, դուրս գալիս, որ նա կարող է սպանել այդքան երեխայի, ու դրա համար դատ չի հասնում: Բայց որ իր երեխային ասում են. արի գնանք Եռաբլուր, տես հայրդ ինչ է արել, դրա համար դատում են:

Ու այսօր մեր ժողովուրդը քար լռության մեջ է: Ժողովուրդ, չենք ցանկանում, որ դուք էլ ապրեք այն կյանքը, որում մենք ենք ապրում: Այստեղ հավաքվածներից ոչ մեկի դուրը չի գալիս գիշերը մնալ փողոցում: Երկու-երեք օր է՝ չենք կարողանում գնալ մեր երեխաների շիրիմների մոտ, մաքրենք, խնամենք, հետները զրուցենք ու գոնե մի թեթեւ հանգստանանք:

Եկեք նստենք՝ զրուցենք, դուք ձեր ճիշտն ապացուցենք, մենք մեր ճիշտը ու ընդհանուր եզրակացության հանգենք: Թե չէ, ծնողներիս պառակտում են, դարձնում անտարբեր: Հենց սա էլ ազգի կործանումն է։ Մարդկանց զոմբիացրել են: Երեկ մեկն ավտոբուսի միջից Աշոտիկին նկատի ունենալով ասում էր՝ էն խեղճ երեխային գողացել են: Գողանալը ո՞րն է, երբ Գայանեն նրան ասել է՝ արի գնանք, Եռաբլուրը ցույց տամ: Պատերազմի ավարտից հետո նա հորն ու մոր հետ միասին քանի՞ անգամ է բարձրացել, Եռաբլուր ու իր հասակակիցների շիրիմներին ծաղիկ դրել: Չնայած, ավելի լավ, որ չեն գնացել ու պետք էլ չի, որ գնան: Գիտեք չէ՞ որ խնձորի ծառի տակ թափվածը փտած խնձոր է: Մարդիկ կան, որ նույն անունը կամ ազգանունը ունեն ու մեզ հանդիպելով անմիջապես շեշտում են, որ իրենց հետ կապ չունեն:

Նա չի կարող Արցախը, Հայաստանի տարածքներից թշնամուն տալու որոշում կայացնել: Նա կարող է միայն իր տունը տալ: Իսկ Արցախն ու Հայաստանը բոլորիս տունն է: Արցախում հողը երեք պատերազմների արյունով է ներկված: Իսկ արյունով ներկված հողը միայն պատերազմով են տալիս»։

Նստացույց անող ծնողները ասացին, որ մեր զրույցի պահին Ստեփանակերտում ցույցեր են ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031