Աշխարհում լուրջ գործընթացներ են ծավալվում, անհավանական թվացող հայտարարություններ են հնչում գերտերությունների ղեկավարների շուրթերից եւ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց ազդեցությունը կարող է վճռորոշ լինել մեզ նման փոքր երկրների վրա: Սակայն դրանք հասկանալու եւ մարդկանց հասկացնելու փորձերը մամուլում ու տեղեկատվական այլ միջոցներում աննշան են: Նոր աշխարհակարգի կանոնները, ինչպես միշտ, մշակվում են պատերազմների միջոցով: Մենք հայտնվել ենք փակ շղթայի մեջ, որից ելքեր չենք տեսնում: Հայ քաղաքական միտքը մի տեսակ խամրել է, ինքն իր մեջ պարփակվել:
Այս խառն անցուդարձի համապատկերին Ադրբեջանի նախագահը վաշինգտոնյան բանակցությունների օրերին հայտարարում էր, որ եթե Հայաստանը չստորագրի իրենց ուզած պայմանագիրը, Ադրբեջանն այդ երկրի նկատմամբ կկիրառի դիվանագիտական եւ այլ կարգի ճնշումներ, քանզի իրենք շտապելու տեղ չունեն: Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը գտել է փոփոխվող աշխարհակարգում իր ապագա տեղը, իսկ Հայաստանն իր տեղը չի գտնում, եւ Ադրբեջանը շարունակելու է Երեւանին մեկուսացնելու քաղաքականությունը՝ թույլ չտալով նրան ինտեգրվել աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ապագա ծրագրերին: Սա բառացի քաղվածք չէր, այլ՝ բովանդակային:
Այս մեջբերումը համահունչ չէ Հայաստանի հանրության, լրատվամիջոցների թեմաների եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացներին: Առհասարակ՝ պետությունների,- խոսքը հատկապես փոքրերի մասին է,- գոյությունն ու նշանակությունը պայմանավորված են աշխարհաքաղաքական ու տնտեսական հարաբերություններում ունեցած դերով: Ունես դեր՝ ուրեմն ունես նշանակություն մյուս երկրների համար, չունես՝ ուրեմն կամ դադարում ես գոյություն ունենալ ու ստանալ զարգացման հնարավորություն, կամ քո գոյությունը մյուսների կողմից մնում է աննկատ:
Սա է ամենագլխավոր օրակարգը, որ պետք է քննարկվի (քննարկվեր) քաղաքական, պետական շրջանակներում ու լինի (լիներ) մամուլի լուսաբանման կիզակետում, ինչը մենք, ցավոք սրտի, չենք տեսնում եւ, բնականաբար, չենք տեսնում նաեւ «դեժավյու» իրավիճակը շտկելու ելքերը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում