«Համախմբում» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը Կոռնիձորում մինչեւ «Հանուն հայկական Արցախի» հանրահավաքի մեկնարկը Aravot.am-ին ասաց․ «Այսօրվա հանրահավաքը խորհուրդ ունի։ Մենք հիմա գտնվում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների սահմանում։ Եվ մեր հայկական երկու հանրապետությունների սահմանում Հայաստանի գործող իշխանության թողտվությամբ ապօրինաբար տեղակայվել են թշնամու զորքեր եւ շրջափակել են Արցախը, կտրել Հայաստանից։ Մեր նպատակն այդ ապօրինի շրջափակումը վերացնելն է եւ առաջին գործողությունը խաղաղ հանրահավաքն է մեր երկու հանրապետությունների սահմանին։ Մենք վճռական ենք՝ պայքարելու հայկական երկու հանրապետությունների ազատության, անկախության, հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ, ազատ կյանքով ապրելու իրավունքի համար։
Սա խաղաղ հանրահավաք է։ Այստեղ քաղաքացիական մարդիկ են։ Բայց եթե թշնամին, թշնամու թիկունքում կանգնած ուժերը, Հայաստանի ներսում գտնվող թշնամու կամակատարները չհասկանան այս խորհուրդը, վաղ թե ուշ այս սահմանը կբացվի հայոց բազկի ուժով։ Թող չփորձեն հայոց բազկի ուժը։ Մենք թույլ չենք տալու, որ Արցախի մեր հայրենակիցները անվերջ մնան շրջափակման մեջ, թշնամու սպառնալիքի տակ։ Այդպես չի լինելու։ Հայ ազգը մեծ ազգ է եւ կարողանալու է իմի բերի, համախմբի իր ուժերը եւ ի վերջո վերահաստատի սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքը։
Մենք Հայաստանում ունենք բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը գործում է սեփական ժողովրդի ճնշող մեծամասնությանը հակառակ։ Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը եւ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում եւ Սփյուռքում կանգնած է Արցախի թիկունքում եւ համարում է, որ Արցախը պետք է անկախ լինի Ադրբեջանից, ի վերջո, վերամիավորվի Հայաստանին որպես մեկ միասնական հայկական պետություն եւ պատրաստ է շարունակել դրա համար պայքարել։ Իսկ գործող իշխանությունը փորձում է ջլատել հայ ժողովրդի միասնական ուժերը, փորձում է համոզել, թե հայ ժողովուրդը թույլ է եւ պետք է տեղի տա թշնամու ուժային ճնշմանը։ Դա տեղի չի ունենալու։
Ցանկացած ժողովրդավարական երկրում հանգուցալուծումը մեկն է․ եթե իշխանությունը գնում է իր ժողովրդի դեմ, պետք է հրաժարական տա, հեռանա եւ թույլ տա, որպեսզի ժողովուրդը ձեւավորի այնպիսի իշխանություն, որը համապատասխանում է նրա քաղաքական օրակարգին ու պատկերացումներին։ Ես համոզված եմ, որ այդ օրը մոտ է»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ