«Կամավորական շարժում» ՀԿ նախաձեռնության՝ Կոռնիձորում հրավիրված հանրահավաքը եւ նրա հազարավոր մասնակիցներին օրհնեցին Սյունյաց թեմի հոգեւոր հայրերը՝ նշելով․ «Վստահ եղեք, որ Քրիստոսի զորավոր բանակը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, եղել է միշտ եւ միշտ էլ լինելու է թիկունք եւ պաշտպան հայրենիքի սուրբ հողին եւ նրա հավատարիմ զավակներին»։
«Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանն իր ելույթում ասաց․ «31 տարի առաջ՝ մայիսի 18-ին, արցախյան զորագնդերի հետ միասին մենք ստեղծել ենք «Կյանքի ճանապարհը», որը դարձել է միասնության ճանապարհ։ Սակայն, ցավոք սրտի, հինգ տարի առաջ իշխանության եկան ոմանք, որոնք ստիպեցին մեզ անձնատուր լինել։ Եկան մարդիկ, որոնք մեր արժանապատվությունը փորձեցին նսեմացնել, փորձեցին ստորացնել մեզ եւ դարձնել մի ազգ, որի պիտակը կոչվում է «վախկոտ»։ Սակայն մեր ազգը դա չէ։ 26 տարի շարունակ ես Արցախ եմ մտել հպարտորեն, արժանապատվորեն, որպես հաղթանակած հրամանատար։ Սակայն վեջին հինգ տարում՝ հինգ եւ ավելի անգամ պարտություն եմ կրել։ Առաջին անգամ պարտվել եմ, երբ 2018 թվականին սրանք եկան իշխանության։ Երկրորդ անգամ պարտվել եմ, երբ 2020 թվականին այս իշխանությունները մեզ արհեստական պարտության տարան։ 2021 թվականին ես պարտվել եմ, երբ նորից ընտրվեցին սրանք, 2022-ին պարտվել եմ, երբ սկսեցին մեր սահմանները զատել եւ նվիրել թուրքերին։ Հիմա պարտվում եմ ամեն օր։ Ամեն օր պարտվում եմ, երբ սպանում են իմ հաղթած գեներալին, երբ բանտարկված են իմ գեներալները։ Ամեն օր պարտվում եմ, երբ ձեռք են բարձրացնում մեր վեհի, մեր եկեղեցու վրա։ Ամեն օր պարտվում եմ, երբ մեր հերոսածին մորն են դատում»։
Կարդացեք նաև
Աշոտ Մինասյանը ոտքի ելնելու կոչ արեց․ «Արցախը մենակ չէ։ Մենք բոլորս արցախցի ենք, մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս մի ժողովուրդ ենք։ Ես կոչս ուղղում եմ համայն հայությանը, սփյուռքին, ուզում եմ՝ Արցախն իմանա, որ մենակ չէ։ Մենք Արցախի հետ ենք, Արցախը՝ մեր հետ։ Ես որպես հայ ազգի զավակ, պատրաստ եմ մշտապես լինել Արցախի հետ, Արցախի կողքին՝ միասնական մեր ժողովրդի հետ միասին։ Ոչ ոք իրավունք չունի մեզ զատելու, ոչ ոք իրավունք չունի մեզ կոտրելու։ Մեր տեսակը կոտրվողը չէ։ Հայ ազգը երբեք չի կոտրվել։ Սրանք ինչ ասում են, սուտ է, շինծու է։ Նայեք, մեր թիկունքին Բերձորն է, Քաշաթաղն է, որը մեզ բաժանում է մեր Արցախից։ Մենք իրավունք չունենք Արցախին մենակ թողնել։ Եվ մենք տեր ենք Արցախին։ Ոչ ոք իրավունք չունի Արցախը նվեր տալու։ Կրկին կոչ եմ անում հայությանը․ տեր եղեք Արցախին։ Թուրքերը նստած են Երեւանում, թուրքերը մեր մեջ են։ Դրա համար է այսօր բաժանում տեղի ունեցել։ Եվ մենք պարտավոր ենք դուրս մղել նրանց»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ