Համալսարանում անցկացվեց «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների մոտ 150 աշակերտներ:
Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի կազմակերպած աշխատաժողովի նպատակն էր խթանել դպրոցում հետազոտական աշխատանքների կատարումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Աշխատաժողովի մասնակից աշակերտները կստանան էլեկտրոնային վկայականներ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով աշխատաժողովի անցկացումը, հույս հայտնեց, որ մասնակից աշակերտներից շատերն ապագայում կընդունվեն ԵՊՀ՝ դառնալով համալսարանական մեծ ընտանիքի անդամ։
«ԵՊՀ-ում արդեն երկրորդ տարին անցկացվող այս միջոցառումը հիանալի հնարավորություն է` խթանելու աշակերտների հետազոտական ու հաղորդակցական հմտությունների զարգացումը և նպաստելու նրանց մասնագիտական կողմնորոշմանը։ Վստահ եմ, որ մտքերի փոխանակումը, քննարկումներն ու քննադատական մոտեցումն ապահովում են մեծ առաջընթաց, իսկ այսօրվա միջոցառումն իր ձևաչափով միտված է հենց դրան»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
Կարդացեք նաև
Նա հաջողություն մաղթեց աշակերտներին և կոչ արեց երբեք չվախենալու նոր գաղափարներ արտահայտելիս, զարգացնելու ազատ մտածողությունն ու քննադատական միտքը և երբեք չդադարել սովորելուց։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, արժևորելով հետազոտական աշխատանքների դերը ուսումնական գործընթացում, ընդգծեց. «Վստահ եմ, որ նախագծային և հետազոտական աշխատանքը, որը դրված է հանրակրթության նոր չափորոշիչի հիմքում, հենց այն մեթոդն է, որը սովորողներին առավելագույնս ինքնուրույն և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու հնարավորություն է ընձեռում։ Լիահույս եմ, որ այսօրվա աշխատաժողովում մեր աշակերտների ներկայացրած գաղափարներից շատերը հետագայում կարող են դառնալ հետաքրքիր հետազոտություն՝ ծառայելով հանրային ու պետական շահերին»։
ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը նշեց՝ հիմնադրամի համար կարևոր է, որ աշակերտները տեսնեն՝ ինչ մեծ ու կարևոր գիտական կենտրոն ունի ՀՀ-ն՝ հանձին ԵՊՀ-ի:
Անդրադառնալով աշխատաժողովի կարևորությանը՝ Ա. Թորոսյանն ասաց. «Այսօրինակ միջոցառումները նպատակ ունեն ցույց տալու այն հսկայական աշխատանքը, որ դպրոցներում կատարում են ուսուցիչներն ու աշակերտները, որպեսզի բոլորս տեսնենք հաջողության ճանապարհը»:
Մասնակից աշակերտները ներկայացրին զեկուցումներ հայոց լեզվին և գրականությանը, հայրենագիտությանը, օտար լեզուներին, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաներին, մաթեմատիկային, արվեստին և արհեստին, հասարակությանը, հասարակական գիտություններին առնչվող թեմաներով:
Երևանի N 119 ավագ դպրոցի տնօրեն Շողեր Վերդյանը շեշտեց, որ հետազոտական աշխատանքների թեմատիկ ուղղությունները պատահական չեն. դրանք յուրաքանչյուր անհատի ընդհանուր զարգացվածության մի մասն են, և աշխատաժողովի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ստացել հետազոտելու թեմաները՝ նոր բացահայտումներ անելով ու ամրապնդելով ունեցած գիտելիքները:
Կոտայքի մարզի Աբովյանի N 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանն ընդգծեց, որ աշխատաժողովը կրթական օջախները միավորելու և դրանց միջև կամուրջներ ստեղծելու հրաշալի հնարավորություն էր, որը միտված էր նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:
Խոսելով դպրոցի աշակերտների՝ բուհի ընտրության մասին՝ Ա. Տաշչյանը նշեց. «Ես ամեն ինչ անում եմ, որ մեր դպրոցի աշակերտներն առաջին հերթին մտածեն իրենց գիտելիքները հարստացնելու և մեր երկրի «ուղեղի կենտրոն»՝ Երևանի պետական համալսարան ընդունվելու մասին»:
Մասնագիտական կողմնորոշման առումով այս աշխատաժողովը կարևոր նշանակություն ունեցավ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 2-րդ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Հեղինե Աբրահամյանի համար:
«Աշխատաժողովն ինձ համար հրաշալի հնարավորություն էր ոչ միայն ուսումնասիրելու մեդիագրագիտության թեման, այլև հստակ կողմնորոշվելու բուհի ընտրության հարցում: Այսօր ես վերջնական որոշում եմ կայացրել. սովորելու եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում»,- նշեց նա:
Աշխատաժողովի ավարտին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները հանդես եկան պարային և երաժշտական կատարումներով:
ԵՊՀ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ