2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերահաստատեցին իրենց «աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը»: 86.600 քկմ-ի մեջ մտնում է նաև Արցախը: ԳԽ պատգամավոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը կարծիք էր հայտնել, թե 86.6 ք/կմ-ի մասին հստակ ընդգծումը նշանակում է, որ Փաշինյանը կատարում է Ալիեւի պահանջը, որը բոլորովին վերջերս հոխորտում էր, որ Փաշինյանը պետք է հայտարարի՝ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ»։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը (Սուրեն Զոլյանի որդին․-խմբ․) պատասխանելով հարցին, թե կարծում է արդյոք, որ Ադրբեջանի նախագահի պահանջը իրոք կատարվեց այդ հայտարարությամբ՝ ասաց․ «Ձեր նշած քաղաքագետի հետ մենք բազմիցս բանավիճել ենք տարբեր թեմաներով, եւ շատ մեծ հարգանքով ենք վերաբերվում միմյանց դիրքորոշումներին։ Բայց նաեւ հաճախ համաձայնում ենք չհամաձայնել։
Կոնկրետ սրա վերաբերյալ մի քանի նկատառում կա։ Նախ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նշումն այս իրավիճակում, կարծում եմ, ավելի շատ ձեռնտու է Հայաստանին, քանի որ ռազմական բալանսն այնպիսին է, որ Ադրբեջանը եթե չի ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ դրա հետեւանքները Հայաստանի համար կարող են շատ ավելի վատը լինել, քան հակառակը։ Այսօր մենք հայտարարենք, թե չենք ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի՞նչ կարող ենք անել դրանից հետո»։
Պետք է զիջել Արցախը՝ Հայաստանը պահելո՞ւ համար հարցին ի պատասխան էլ Միքայել Զոլյանը մասնավորապես ասաց․ «Չեմ կարծում, թե մենք Արցախը զիջել ենք։ Մենք Արցախը կորցրել ենք 2020 թվականի պատերազմի արդյունքում։ Այսօր Արցախն օկուպացված է մասամբ ռուսական զորքերի կողմից, մասամբ՝ ադրբեջանական»։ Հավելեց, թե դա չի նշանակում, որ հրաժարվել ենք Արցախի հայության իրավունքների պաշտպանությունից։
Կարդացեք նաև
Հաղորդման մյուս հյուրը՝ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող, իրանագետ Աննա Գեւորգյանն այս առնչությամբ ասաց․ «Երբ խոսում ենք ռուսական ուժերի ներկայության մասին Արցախում եւ դա մեկնաբանում որպես նաեւ ռուսական օկուպացիա այն դեպքում, երբ ունենք նոյեմբերի 9-ի հայտարարություն, որտեղ կա նաեւ ՀՀ վարչապետի ստորագրությունը, որ ինքը համաձայն է, որ այդ ուժերն այնտեղ լինեն՝ մենք, կարծում եմ, սխալ ուղերձներ ենք տալիս մեր հասարակությանը՝ ընկալելու համար ընդհանուր իրադրությունը եւ ուժերի բալանսը»։
Միքայել Զոլյանն արձագանքեց․ «Գուցե օկուպացվածն էմոցիոնալ գնահատական է, բայց փաստն այն է, որ Արցախը վերահսկվում է ռուսական ուժերի կողմից, ՌԴ վերահսկողության տակ է։ Եվ Հայաստանն այսօր չի կարող հանձնել կամ չհանձնել Արցախը՝ Ռուսաստանն է կարող հանձնել կամ չհանձնել Արցախը»։
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ