Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների ծնողները անժամկետ հացադուլ հայտարարեցին կառավարության մոտ

Մայիս 20,2023 19:05

«Մենք՝ ծնողներս, նստելու ենք այնքան ժամանակ, որպեսզի այս անօրինական երկրում պայքարենք այս անօրինական դատական համակարգի դեմ: Չեմ հասկանում իրավապահ համակարգի գործելաոճը, ոնց կարելի է ծառայել այս թուրք իշխանություններին»,- լրագրողներին ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

Հանրապետության հրապարակում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են հավաքված:

Հիշեցնենք,  այսօր ժամը  15:00-ին  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) վճռեց մեկ ամսով  կալանավորել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝  Գայանե Հակոբյանին, այդ մասին հայտնել էր զոհված հերոսի մոր փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նա  ավելի ուշ տեղեկացրեց, որ Գայանե Հակոբյանին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։

Դատարանի վճռի մասին լսելով՝ դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների հարազատների, Գայանե Հակոբյանի աջակիցների  շրջանում դժգոհություն  առաջացավ, նրանք որոշեցին անհնազանդության ցույցերը շարունակել՝ նախ փակեցին Արշակունյաց պողոտան, ապա՝ զոհված հերոս Մխիթար Գալեյանի հոր կոչով խաղաղ երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Գայանե Հակոբյանի կալանավորման դեմ բողոքող քաղաքացիների երթը կանգ էր  առել նախ՝  ՀՀ-ում Ֆրանսիայի, ապա՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատների մոտ և կոչ արել ազատ արձակել հերոսածին մորը: Այնուհետև, երթի մասնակիցները կանգ էին առել «Որդիների կանչ» ՀԿ գրասենյակի մոտ, նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց և  վանկարկում էին  «Ազատություն Գայանեին»: Երթը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Երթի մասնակիցները մի պահ կանգ առան Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց, կոչ անելով վերջ տալ այս անարդարություններին, այնուհետև երթով շարժվելով դեպի Հանրապետության հրապարակ նրանք վանկարկեցին ու խնդրեցին տիկին Գայանեին դադարեցնել հացադուլը: Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ էր  հայտարարել։

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը իրեն իբր առևանգելու դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031