Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է. Մելիքյանը հայտնեց, որ հերոսածին տիկին Գայանեին տեղափոխել են կալանավայր

Մայիս 20,2023 18:27

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գայանե Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մեկ րոպե մեզ հնարավորություն չտվեցին, որ մենք մեր վստահորդին բացատրեինք՝ ինչ է կատարվել, մեղմ եմ ասում շատ: Մենք բոլոր երաշխավորության տարբերակները տվեցինք, 10 միլիոն և ավելի միջնորդեցինք, առաջարկեցինք տնային կալանքի տարբերակը, բոլոր հնարավոր տարբերակները դատարանի սեղանին էին: Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է, տարբերություն չկա՝ մեկ ամսով, թե երկու ամսով»,-ասաց Մելիքյանը:

Երթի մասնակիցները մի պահ կանգ առան Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց, կոչ անելով վերջ տալ այս անարդարություններին, այնուհետև երթով շարժվելով դեպի Հանրապետության հրապարակ՝ նրանք վանկարկեցին ու խնդրեցին տիկին Գայանեին դադարեցնել հացադուլը:

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանի կալանավորման դեմ բողոքող քաղաքացիների երթը կանգ էր  առել նախ՝  ՀՀ-ում Ֆրանսիայի, ապա՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատների մոտ և կոչ արել ազատ արձակել  հերոսածին մորը: Այնուհետև, երթի մասնակիցները կանգ էին առել  «Որդիների կանչ»  ՀԿ գրասենյակի մոտ, նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց և  վանկարկում էին  «Ազատություն Գայանեին»: Երթը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Մինչ այդ, այսօր ժամը  15:00-ին  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) վճռեց մեկ ամսով  կալանավորել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝  Գայանե Հակոբյանին, այդ մասին հայտնել էր զոհված հերոսի մոր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Այս մասին լսելով՝ դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների հարազատների, Գայանե Հակոբյանի աջակիցների  շրջանում դժգոհություն  առաջացավ, նրանք որոշեցին անհնազանդության ցույցերը շարունակել՝ նախ փակեցին Արշակունյաց պողոտան, ապա՝ զոհված հերոս Մխիթար Գալեյանի հոր կոչով խաղաղ երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Հակոբյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ էր  հայտարարել։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031