«Հանուն Գայանեի մենք այսօր ոտքի ենք կանգնել, ժողովուրդ, միացեք մեզ, որովհետեւ այս կառավարությունն ամեն մի կարմիր գիծ հատել է, ամեն մի սրբություն ոտնահարել, այժմ կպնում են հերոսածին ծնողին, որը միայնակ մեծացրել է որդուն ու աղջկան, որդին զոհվել է հանուն հայրենիքի, իսկ այսօր նրան կալանքի տակ են վերցրել»,- ասաց զոհված զինծառայողի հայր Վահիդ Սահակյանը:
Ի նշան բողոքի՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման դեմ բողոքի երթ իրականացնող զոհվածների հարազատները, տիկին Գայանեի աջակիցները կանգ առան «Որդիների կանչ» ՀԿ գրասենյակի մոտ և քաղաքացիներին կոչ արեցին միանալ իրենց:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման դեմ բողոքող քաղաքացիների երթը կանգ էր առել նախ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի, ապա՝ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատների մոտ և կոչ արել ազատ արձակել հերոսածին մորը: Երթի մասնակիցները վանկարկում են «Ազատություն Գայանեին»: Երթը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:
Մինչ այդ, այսօր ժամը 15:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) վճռեց կալանավորել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, այդ մասին հայտնել էր զոհված հերոսի մոր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Կարդացեք նաև
Այս մասին լսելով՝ դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների հարազատների, Գայանե Հակոբյանի աջակիցների շրջանում դժգոհություն առաջացավ, նրանք որոշեցին անհնազանդության ցույցերը շարունակել՝ նախ փակեցին Արշակունյաց պողոտան, ապա՝ զոհված հերոս Մխիթար Գալեյանի հոր կոչով խաղաղ երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
Այս պահին երթը Զաքյան-Ամիրյան փողոցներով հասնում է Հանրապետության հրապարակ:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Հակոբյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ էր հայտարարել։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ