2023 թ. մայիսի 20-ին Կոռնիձորում կայացած հանրահավաքի մասնակիցների ուղերձը
Մենք՝ Արցախի եւ արցախահայության զորակցության հանրահավաքի մասնակիցներս հայտարարում ենք, որ՝
- հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները եւ բեկում մտցնելու վիճակի մեջ.
- հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար.
- Արցախի ազատության եւ ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի.
- Արցախի ինքնիշխանության եւ արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումը եւ գործադրումը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պարտավորությունն է.
- Հայաստանի որեւէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռչակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են.
- Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որեւէ համաձայնության կայացում.
- Իրական եւ երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը.
- Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.
- Որպես արժանապատիվ եւ հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք եւ ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։
Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։
Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը։
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ