Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ամիս առաջ Փաշինյանն ինքն էր խոսում էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի մասին

Մայիս 20,2023 14:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արձանագրել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Փակագծում նշվում է, որ Ադրբեջանի տարածքը 86.6 հազար քառ. կմ է:

Այսպիսով, հայկական իշխանություններն այլևս չեն կարող թաքցնել, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական են համարում:

Իրատեսությունը թույլ չի տալիս հավատալ, որ արցախահայությունը կարող է ապրել Բաքվի ենթակայության ներքո գտնվող Արցախում: Արցախի «ադրբեջանականացումը» հակասում է ո՛չ միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշմանը, որին հղում է արվում ՀՀ Անկախության հռչակագրում և մինչ օրս պահպանում է իրավական ուժով, այլ նաև հակասում է հասարակ տրամաբանությանը: Չէ՞ որ վարչապետ Փաշինյանն ինքն էր 2 ամիս առաջ ընդգծում. «Մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում»:

 

Էթնիկ զտում և ցեղասպանություն նախապատրաստող պետությունն ինչպե՞ս կարող է ապահովել մարդկանց անվտանգությունն ու իրավունքների իրացումը: Հայաստանի Կառավարության հայտնած դիրքորոշման և կատարած քայլերի միջև առկա է տրամաբանական հակասություն:

Արցախցի ոստիկանների սպանությունը, խաղաղ բնակչության հաճախակի թիրախավորումը, ԼՂ-ին առնչվող միջազգային պարտավորությունների չկատարումը և տարիների ընթացքում Բաքվի իրականացրած բոլոր ոճրագործություններն իրեղեն ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանում ատում են հայերին: Պատկերացնել, որ հայը կարող է արժանապատվորեն ապրել և արարել ադրբեջանական անձնագիր կրելով անհեթեթություն է:

Նաև պետք է չմոռանալ, որ Հայաստանին օրենսդրորեն արգելված է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս: 1992-ի հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշել է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Կամա թե ակամա, Նիկոլ Փաշինյանը խախտում է Հայաստանի օրենսդրությունը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031