ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգուլի Տասմագամբետովը Բելառուսի մայրաքաղաքից կրկին հայտարարում է կազմակերպության դիտորդներին հայ-ադրբեջանական սահման ուղարկելու եւ Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին: Բայց այս դեպքում շեշտվում է սահմանապահ ստորաբաժանումներին համապատասխան տեխնիկական սարքավորումներ տրամադրելու մասին:
Հատկանշական է, որ նա շեշտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը եւ դրականորեն արձագանքում բրյուսելյան հանդիպման ժամանակ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու մասին հայտարարությանը: Այլ կերպ ասած՝ Իմանգուլի Տասմագամբետովը ակնարկում է, որ այդ օգնությունը կտրամադրվի այն դեպքում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության գան սահմանների սահմանազատման հարցում:
Հարց է ծագում, թե ինչ նշանակություն կարող է ունեալ ՀԱՊԿ աջակցությունը սահմանազատումից հետո, առավել եւս, որ կառավարության նույն նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմն առաջարկում է զորքերի հայելային հետքաշում եւ այնտեղ ապառազմականացված գոտու ստեղծում: Այսօր առանցքային նպատակը նոր էսկալացիա հրահրելու Ադրբեջանի գործողությունների կանխարգելումն է, որի համար անհրաժեշտ են միջազգային լրացուցիչ մեխանիզմներ, եւ Հայաստանն այդ ակնկալիքն ունի միջնորդ կազմակերպություններից ու դաշնակից պետություններից, որոնք բավարար չափով չեն աջակցում այդ հարցում, իսկ խաղաղության պայմանագրի հաստատումից հետո սահմանային հարցերն այլ կարգավիճակ կստանան:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: