ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությունն ամփոփեց առաջին Համաժողովի արդյունքները
Մայիսի 19-ին Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությունը ներկայացրեց առաջին Համաժողովի ամփոփիչ զեկույցը: Միջոցառմանը մասնակցեցին նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Արթուր Ալավերդյանը: Արցախի հանցավոր շրջափակմամբ պայմանավորված՝ նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Արցախից միացավ առցանց: Փարիզից առցանց միացավ նախաձեռնության հիմնադիր Ռիչարդ Ազարնիան, Հռոմից՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, նախաձեռնության «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը:
Համաժողովի ամփոփիչ զեկույցի համահեղինակ, Համաժողովի կազմակերպման գործում խորհրդատվություն տված բրիտանական OSCA և ISWE ընկերությունների նախագահ Ռիչարդ Ուիլսոնը խոսեց զեկույցի մանրամասների և համաժողովի արդյունքների մասին:
Արդյունքների ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում լսարանի հետ և հարցուպատասխան հիմնադիրների մասնակցությամբ։
Կարդացեք նաև
«Արցախի անվտանգությունը և անկախությունը պաշտպանելը միայն արցախցիների խնդիրը չէ». Ռուբեն Վարդանյան
Նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախի հետ կապված հարցերը մեծ ազդեցություն են թողնելու ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայկական աշխարհի վրա։ Նա վստահություն հայտնեց, որ այդ ճանապարհը պետք է միասին անցնենք, որովհետև Արցախի անվտանգությունը և անկախությունը պաշտպանելը միայն արցախցիների խնդիրը չէ։
«Հակառակ կարծիքներ ունեցող մարդիկ կարող են բարդ խնդիրների շուրջ գալ միասնական որոշման». Արթուր Ալավերդյան
Նախաձեռնության հիմնադիր Արթուր Ալավերդյանի խոսքով, Համաժողովի մոդելը՝ որպես միասին որոշումներ կայացնելու նոր ձևաչափ, աշխարհում բարդագույն մարտահրավերներին ի պատասխան նոր ձևավորվող մոդելներից է։ Համաժողովը ցույց տվեց, որ այդ նորարարական մոտեցումը մեզ մոտ աշխատում է և հակառակ կարծիքներ ունեցող մարդիկ կարող են բարդ խնդիրների շուրջ գալ միասնական որոշման։
Միջոցառմանը Հռոմից միացած Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը, պատասխանելով հայության պառակտվածության մասին հարցին, ասաց, որ համահայկական երկխոսության հիմնական խթանիչ ուժը կարող է լինել բոլորիս սերը հայրենիքի հանդեպ, և որ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությունը փորձել է ստեղծել դրան նպաստող, այդ ջերմ ու սիրով լի միջավայր:
«Միավորվելը՝ այս պահի հրամայականն է». Ռիչարդ Ազարնիա
Առցանց եղանակով Փարիզից միացած նախաձեռնության հիմնադիր Ռիչարդ Ազարնիան հայտարարեց, որ այս պահին կարևորը միավորվելն է։ Համաժողովի ընդունած գաղափարներին միասին պետք է հետևենք, որովհետև դրանք մեր հավաքական գաղափարներն են։
«Եթե չկարողանանք պատկերացնել բոլորիս պատկանող ապագան, կվերադառնանք անցյալ». Նուբար Աֆեյան
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության հիմնադիր Նուբար Աֆեյանն իր խոսքում նշեց, որ եթե այսօրվա պայմաններում չկարողանանք քննարկել և պատկերացնել ապագա, որը կարող է պատկանել բոլորիս, և հանուն որի արժե անել այն ներդրումները և զոհողությունները, որոնք անհրաժեշտ են դրան հասնելու համար, մենք կմնանք ներկայում: Ավելի ճիշտ, կվերադառնանք անցյալ։ Իսկ մեր անցյալը, բացառությամբ մի քանի պայծառ պահերի, ըստ Նուբար Աֆեյանի, այնպիսին չէ, որին որևէ մեկը ցանկանում է վերադառնալ:
Ապագա Հայկականի առաջին Համաժողովը տեղի էր ունեցել մարտի 10-12-ը Երևանում:
Այն՝
- Համահայկական քաղաքացիական երկխոսության առաջին փորձն էր ազգային օրակարգում
- Նաև տարբեր երկրների հայերի՝ ազգի ապագան միասնաբար լուծելու առաջին փորձն էր
- Առաջին քաղաքացիական ասամբլեան էր հետխորհրդային տարածքում
- Աշխարհում առաջին քաղաքացիական ասամբլեան էր սփյուռքի ներգրավմամբ
- Տեղի ունեցան փորձագիտական հանձնախմբերի՝ աննախադեպ ձևաչափով քննարկումներ Հայկական աշխարհում՝ ներգրավելով 100-ից ավելի փորձագետների, որոնք աշխատեցին ավելի քան 5 ամիս
- Սփյուռքի ամենաներգրավված կառույցները մասնակցեցին փորձագիտական քննարկումներին և հանրային բանավեճին
- Հասարակության բևեռացումը և քաղաքական փակուղին հաղթահարելու և ներառականության միջոցով քաղաքացիներին կրկին ներգրավելու փորձ էր
Համաժողովի թոփ արդյունքներն էին
- Ամենաազդեցիկ քվեարկությունը՝ Արցախը համայն հայության խնդիրն է՝ 92,7%
- Հայաստանի և Սփյուռքի համար գործարարների համագործակցության ցանց ստեղծելու առաջարկ
- Հայկական ժառանգության միասնական ցանկ ստեղծելու առաջարկ
- Ներգաղթի կազմակերպման ու քարոզչության գործակալություն ստեղծելու առաջարկ
Համաժողովը մեկ դահլիճում էր համախմբել ներկայացուցչական ընտրանքով և թափանցիկ վիճակահանությամբ ընտրված 200 մասնակցի աշխարհի տարբեր երկրներից։ Երեք օրերի ընթացքում նրանք քննարկեցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ», ու քվեարկությամբ ընտրեցին յուրաքանչյուր նպատակին վերաբերող քաղաքականության առաջարկներ և նախաձեռնությունների առաջնահերթություններ։
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամ