Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակարևոր խնդիրն այն է, թե նշյալ «պինգ-պոնգի» մեջ ի՞նչ դերակատարություն են ստանձնել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

Մայիս 20,2023 10:29

Հասկանալի է, որ Մոսկվան փորձում է դուրս չմնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Իսկ Արևմուտքն՝ ի դեմս ԵՄ-ի, բայց առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ձեռամբ, փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանից վերցնել կարևորագույն խաղացողի դերակատարությունը։ Նկատի ունենանք, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Պրահայում ԵՄ-ի ու Ֆրանսիայի միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Բաքուն և Երևանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրին։ Պրահայի հանդիպմանը հետևեց Մոսկվայի միջնորդությունը և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումը, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդգծեցին խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։

Բայց, մեծ հաշվով, Սոչիի հանդիպման ընթացքում վերահաստատվեցին առկա պայմանավորվածությունները, և ոչ մի նոր ու նշանակալի պայմանավորվածություն ձեռք չբերվեց, քանի որ Ադրբեջանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարացնելու առաջարկը։ Դրանով Մոսկվան փորձեց ընդամենը ցույց տալ, թե իր դերակատարությունը չի կորցրել, բայց, ինչպես տեսանք, Սոչիի հանդիպումից հետո միջնորդական նախաձեռնությունը կրկին անցավ ԵՄ-ի կողմը։ Ստացվում է, որ գործ ունենք աշխարհաքաղաքական յուրատեսակ «պինգ-պոնգի» հետ, երբ նախաձեռնությունը մե՛կ անցնում է ԵՄ-ի կողմը, մե՛կ՝ Ռուսաստանի։ Բայց դեռ հարց է, թե արդյո՞ք մայիսի 25-ի հանդիպումը կտարբերվի Սոչիի հանդիպումից ու նախկին պայմանավորվածությունների հետ մեկտեղ նոր պայմանավորվածություններ ևս ձեռք կբերվեն։ Ակնհայտ է, որ Մոսկվայի և Բրյուսելի դիրքորոշումների միջև կոնկրետ տարբերություններ կան։ Մոսկվան շահագրգռված է, որ Արցախի կարգավիճակի լուծման հարցը մնա ապագային, իսկ Բրյուսելը հակված է կարգավիճակի հարցը փակելուն։

Դրա համար էլ Ադրբեջանը չի համաձայնում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարացման առաջարկին և առավել հակված է հաշտության պայմանագրի բրյուսել յան տարբերակին, որպեսզի Արցախի կարգավիճակի թեման փակի։ Այսինքն, ռուսական միջնորդական ջանքերի հաջողությունը կախված է նաև նրանից, թե արդյոք Մոսկվան ի վիճակի կլինի՞ Բաքվի վրա ճնշում գործադրել ու հակել մոսկովյան տարբերակին։ Բայց այստեղ զարմանալին այն է, որ, Բաքվին սիրաշահելուց բացի, Ռուսաստանը գործնական քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Բաքուն խախտում է նույնիսկ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն՝ այդ թվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Վերջապես այս ամենի մեջ ամենակարևոր խնդիրն այն է, թե նշյալ «պինգ-պոնգի» մեջ ի՞նչ դերակատարություն են ստանձնել Հայաստանի իշխանությունները…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել