«Ամենակարեւորը անտարբեր չլինելն է: Հայաստան աշխարհը, որն ունի տարբեր խնդիրներ, պետք է հասկանա, որ այսպիսի ծանր իրավիճակում գտնվող Արցախի ապագան ազդելու է մեր՝ բոլորիս վրա»: Երեկ Ամերիկյան համալսարանում «Ապագա հայկականը» առաջին համաժողովի արդյունքների ամփոփմանն առցանց միանալով՝ ասաց «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող ենք անել ՀՀ-ում, սփյուռքում՝ արցախցուն օգնելու համար:
Նա նկատեց, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետք է պայքարել ազգովի ու պայքարը միայն զենքով չէ. «Պայքարը ե՛ւ խոսքով, ե՛ւ տարբեր գործողություններով, որոնցով կարող ենք աջակցել Արցախին… ես վստահ եմ, որ Արցախից է սկսվելու հայկական աշխարհի վերածնունդը»:
Վարդանյանի խոսքով՝ «Ապագա հայկականը» նախաձեռնության շրջանակում փորձում են քննարկել ոչ միայն այսօրվա խնդիրները, այլեւ ավելի երկարաժամկետ խնդիրներ, ու շատ մարդիկ իրենց քննադատում էին, ասելով՝ ինչպե՞ս կարելի է երկարաժամկետ խնդիրների մասին խոսել, երբ ունենք այսօրվա կոնկրետ խնդիր. «2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ մեր հասարակության մեջ այդ գաղափարների շուրջ համախմբվելու, իրավիճակը հասկանալու խնդիր կա»:
Ռուբեն Վարդանյանը նաեւ ասաց, որ վերջին երկու ամսում գտնվելով Արցախում շրջափակման մեջ՝ քննարկել են Արցախի ապագայի հարցերը: «Թեեւ գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, կարողացանք մեր մեջ գտնել ուժ ու հավատ ու քննարկում ունեցանք Արցախի 2035 ծրագրերի շուրջ, որոնք տեսլական են՝ ինչ ենք տեսնում, ինչ նպատակներ ունենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ