Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվեցինք Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության սխալների պատճառով

Մայիս 20,2023 13:30

Երբ թերթում ենք հայ ժողովրդի անցած ճանապարհի պատմությունը, ապա տեսնում ենք հերոսական հաղթանակներ, անգամ փոքր ուժերով՝ թշնամու մեծ ուժերի դեմ, շատ ու շատ բացառիկ հերոսականության օրինակներ: Տեսնում ենք նաեւ դառը պարտություններ, դավաճանություններ, սակայն երբ հայերը հանդես են եկել միասնական դիրքերից, հիմնականում հաղթել են: Այդ հաղթանակների հիմնական պատճառը հայրենիքի նկատմամբ մեծ սերն է եղել՝ ամուր հայրենասիրությունը:

Փորձենք զուգահեռներ անցկացնել մինչեւ 2018թ. հայ ժողովրդի՝ հայրենիքի նկատմամբ ունեցած կեցվածքի ու հայ ժողովրդի այսօրվա կեցվածքի միջեւ: Ինչ է կատարվում նրա հետ, ինչ է ուզում, իրականում ինչ է անում եւ որն է նրա նպատակը:

Ասեմ, որ մինչեւ 2020թ. սեպտեմբերյան 44-օրյա պատերազմը ժողովուրդը շատ ոգեւորված էր տեղի ունեցած հեղափոխությամբ (գուցե՝ հեղաշրջմամբ), ուներ շատ մեծ սպասումներ ու ակնկալիքներ եւ բացի հեղափոխության ազդեցությունից, ոչինչ չէր ընդունում: Դրանից դուրս, կարծես նրա համար ոչ մի լուրջ բան չկար ու մոտ երկու տարի նա ապրում էր միայն դրանով եւ սպասվելիք հետեւանքներով: Նրա ուղեղն այնքան էր լցված դրանով, որ չէր նկատում անգամ Ադրբեջանի հսկայածավալ նախապատրաստությունը բանակը լիովին վերազինելու, անվտանգային համակարգը կատարյալ ապահովագրելու եւ օր օրի նախապատրաստությունը Արցախի վրա լայնածավալ հարձակում կատարելու համար: Իհարկե, զարմանալի էր, որ այդ ամենը կատարվում էր բացահայտ տեսանելի, իսկ Հայաստանի իշխանությունը կարծես չէր տեսնում այդ ամենը, շարունակում էր հագիստ՝ նույն կերպ ապրել, ու այդ վիճակին ադեկվատ որեւէ քայլ չէր անում: Ընդամենը պետք էր կույր լինել՝ այդ ամենը չնկատելու համար: Այդ իսկ պատճառով, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակումն անակնկալի բերեց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչպես նաեւ ողջ հայ ժողովրդին: Մի բան չեմ հասկանում, բա ո՞ւր էին մեր բանակը, նրա հետախուզությունը, որ չկարողացան տեղեկանալ շարունակաբար ընթացող մի բանի մասին, որն ընթանում էր 1994թ.-ից՝ շուրջ 16 տարի, արցախյան առաջին պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ մինչեւ այդ օրը: Բնական է, որ հիմնականում այդ պատճառով էլ, մենք ամոթալի եւ սարսափելի լուրջ պարտություն կրեցինք 44 օր տեւած այդ պատերազմում, տվեցինք մեծ թվով զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, որոնց մի մասը մինչ այսօր Բաքվի բանտերում են ու համարյա կորցրեցինք Արցախը: Այդ պարտությունը հիմնականում կրեցինք Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության սխալների՝ պատերազմի ոչ ճիշտ կառավարման պատճառով: Նույն թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց եռակողմ՝ խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագիրը, եւ հետագայում պարզվելու էր, որ դրանից հետո երեք կողմերից էլ կատարված քայլերի՝ պահելաձեւի համեմատ, սրբագույն փաստաթուղթ էր: Եվ, ի վերջո, 44-օրյա պատերազմից մինչ այսօր տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ մեր ժողովուրդը եւ իշխանությունները թքած ունեն եւ Արցախի, եւ Հայաստանի վրա, քանզի անգամ երկու հայկական պետությունների հնարավոր կորստի պայմաններում, նրանք լիովին լուռ ու անտարբեր են, կարծես խոսքը գնում է ոչ թե հայկական երկու՝ դեռեւս գոյություն ունեցող պետությունների, այլ որեւէ հարեւան կամ ոչ հարեւան երկրի մասին…

Ի՞նչ հայրենասիրություն, ի՞նչ պետություն, ի՞նչ պետականություն, ժողովրդի եւ իշխանությունների համար նման կատեգորիաներ, կարծես, չկան: Կա միմիայն թալանի մոլուցք ու առեւտրականի հոգեբանություն: Այլ խոսքով, առկա է միայն հայրենասիրության եւ առեւտրականի հոգեբանությամբ հակադարձ համեմատական իրավիճակ:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031