Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստ Մանարյանը հունիսի 1-ին մանուկներին հրավիրում է օպերային թատրոն՝ «երաժշտական հրաշքի»

Մայիս 20,2023 13:00

Հայաստանի 90-ամյա օպերայի եւ բալետի ազգային թատրոնում առաջին մանկական օպերան՝ Հարո Ստեփանյան «Քաջ Նազար» բեմադրվել է 1935թ., որին հաջորդել են Անուշավան Տեր-Ղեւոնդյանի «Արեգակի ցոլքերումը», (1949թ.), Էրիկ Հարությունյանի «Մի կաթիլ մեղրը» (1958թ.), Յուրի Գևորգյանի «Խարույկ» օպերան (1960-ականներ), Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» (1974թ.), Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» (1978թ.) եւ միայն 45 տարի անց՝ այսօր, օպերային թատրոնը ձեռնամուխ է եղել Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա»-ի բեմադրական աշխատանքներին։

Օրերս ներկա գտնվելով «ՄուկՕպերայի» փորձին, զրուցեցինք հեղինակի հետ։ Արվեստի մի քանի ոլորտներում՝ երգարվեստ, թատերարվեստ, կինո, միաժամանակ որպես թատերական պիեսների հեղինակ, երգահան, դերասան, սցենարիստ, ռեժիսոր հանդես եկող Քրիստ Մանարյանին, կարծում ենք, ներկայացնելու կարիք չկա։ Բայց, այնուամենայնիվ, տեղին է հիշեցնել մանուկների համար նրա աշխատանքները. «Ոսկեջրած ձկնիկը» եւ «Ջին ջան» թատերական պիեսները, թողարկել է մանկական երգերով «Երաժշտական այբուբեն» տեսասկավառակը, «Տուն-Տունիկ», «Ֆելոն ու խելառների գնացքը», «Մոխը, Դըմբըլդոխն ու Քրիստ քեռու հեքիաթները» գրքերը։ Տասնամյակներ շարունակ արվեստագետը նաեւ հեղինակել է սիրված հեռուստածրագրեր, այդ թվում՝ «Ալամբուչիկ», «Տուն-տունիկ», «Օլյայի օրագիրը», «Քրիստոմանիա», «Հոպլյաթիռ», «Թեթեւ սոլիդ», «Մուլտի-պուլտի այբուբեն»… Թվարկածները, կրկնում ենք՝ միայն մանուկների համար գործերն են, այն էլ ոչ լրիվ ցանկը։

Անդրադառնալով «ՄուկՕպերա»-ին, մեզ հետ զրույցի սկզբում արվեստագետը այսպիսի մի «գովազդային» միտք արտահայտեց. «Թե ուզում ես հայտնվել հեքիաթում կախարդական, դու պարզապես շուրջդ նայիր՝ հրաշքներ ամենուր կան»։ Ռեպլիկին՝ մեր օրերո՞ւմ էլ կարելի է հրաշքների սպասել, Քրիստ Մանարյանն անկեղծացավ. «Ես երբեք հրաշքների չեմ հավատացել, բայց երեխաների համար միշտ պատրաստ եմ եղել ու հիմա էլ պատրաստում ենք երաժշտական հրաշք»։ Հավելեց նաեւ, թե իր առաջին մեծակտավ այս օպերան նվիրել է սիրելի մոր հիշատակին, իսկ օպերան գրելու համար խթան է հանդիսացել դստեր մայրանալն ու իր պապիկ դառնալը. «Հավանաբար գիտեք, որ լիբրետոյի հեղինակն էլ եմ ես։ Վստահ եմ՝ այն կհետաքրքրի երեխաներին։ Պատմությունը սկսվում է այսպես. Մկնիկի ծննդյան օրն է ու հանկարծ պարզվում է, որ ծննդյան ամենակարեւոր ատրիբուտի՝ տորթի համար ալյուր չկա… Չէ, երեխաները չեն տխրի, հերոսները՝ Մկնիկը, Բուն, Կատուն եւ մյուսները, տարբեր դժվարություններ հաղթահարելով ու իրավիճակներում հայտնվելով ալյուր են հայթայթում։ Ի վերջո, տորթը թխվում է… Այո, այս գործը ձոն է մայրական անմնացորդ, անձնազոհ սիրո, նաեւ մաքուր, անշահախնդիր ընկերության»։ Իսկ թե ինչպես հիշյալ օպերան արժանացավ թատրոնի ղեկավարության ուշադրությանը, մեր զրուցակիցը հայտնեց. «Բնականաբար, մաեստրո Կարեն Դուրգարյանի հավանությունը ստանալուց հետո, ինչպես տեսնում եք, նվագախումբը, երգչախումբը, մենակատարները սիրով ու նվիրումով աշխատում են։ Պրեմիերան արդեն նշանակված է. երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին։ Նշեմ, որ երաժշտական ղեկավարը ինքը՝ Կարեն Դուրգարյանն է, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Սահակյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը։ Չմոռանամ նշել գործիքավորման մասին, որն իրականացրել է կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը։ Տեսնում եք, չէ՞, ի՜նչ պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել (ժպտում է-Ս. Դ.)։ Անուն առ անուն չբարձրաձայնեմ այս բեմադրության մեջ ներառված մեներգիչներին, հրաշք ձայներ են»։

Դիտարկմանը՝ կարճ ժամանակ հետեւելով փորձին, տպավորություն ստացանք, թե այս ստեղծագործությունն ավելի շատ «մյուզիքլային» է, Քրիստ Մանարյանը մասամբ համակարծիք լինելով, ընդամենն ասաց. «Սա մանկական օպերա է՝ մյուզիքլի որոշ տարրերով»։ Շտապելով փորձին, արվեստագետն ասաց. «Գոհ եմ փորձերի ընթացքից։ Վստահ եմ՝ դիտելով ներկայացումը, հանդիսատեսի դեմքին՝ մեծ թե փոքր, ժպիտ կհայտնվի»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031