Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանդիսատեսին 90 րոպեով կախարդելու ճանապարհը

Մայիս 20,2023 12:30

Ուժեղ, գեղեցիկ ձայնով եւ բեմական խարիզմայով. հայ բարիտոնին այսպես են բնութագրում օտարերկրյա ունկնդիրները (Resmusica, Das Opernmagazin եւ այլն)։ Հայաստանում երաժշտասերների կողմից մեծ սիրո եւ արձագանքի են արժանացել Գուրգեն Բավեյանի նաեւ առցանց՝ «մարդ-քառյակ» կատարումները։

Երգչի կարիերան նա սկսել է Երեւանի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում։ Աշխատել է Երեւանի, ապա Ֆրանկֆուրտի օպերային թատրոններում։ Գուրգենն այժմ ազատ արվեստագետ է.  առաջիկայում ծրագրեր ու պայմանագրեր ունի Իտալիայի մի քանի քաղաքներում։

– Այս ամենը՝ մի արտիստի մասին, ում երազանքը ոչ թե երգիչ, այլ ֆուտբոլիստ դառնալն է եղել։

– Այո, ծնողներս աշխատել են օպերային թատրոնում, եւ իմ՝ երգարվեստում լինելու որոշումը կայացրել են հենց իրենք։ Ինքս  գուցե ֆուտբոլն ընտրեի. բայց ուրախ եմ, որ ինձ այդ ճանապարհից շեղել են դեպի երաժշտություն։ Սկզբում չէի սիրում, բայց հիմա առանց իմ մասնագիտության չեմ կարող. այն իմն է դարձել։

– Գուրգեն, մեր կոնսերվատորիայում սովորելուց հետո երաժշտական բարձրագույն կրթություն եք ստացել նաեւ Ֆրանկֆուրտում։ Ի՞նչ տարբերություններ եք նկատել հայաստանյան եւ արտերկրի կրթության միջեւ։

– Տարբեր են, իհարկե, բայց ես գոհ եմ կոնսերվատորիայում ստացած կրթությունից։ Նախ՝ դասախոսի առումով, որովհետեւ իմ երջանկահիշատակ ուսուցիչը՝ Վալերի Հարությունյանը, ոչնչով չի զիջել Եվրոպայի բարձրակարգ դասախոսներին, ապա՝ արտիստ ձեւավորելու տեսանկյունից:  Կոնսերվատորիայում մենք սովորել ենք կարեւոր դետալներ, որոնց պետք է տիրապետի արտիստը բեմ բարձրանալիս, օրինակ՝ պար եւ բեմական շարժում, ինչն ինձ  մեծապես օգնում է այսօր։ Գերմանիայում դա չեն անցնում։

Թերությունները մեզ մոտ ծրագրային են։ Ցանկալի կլիներ այն ամբիոնում, որտեղ ես սովորել եմ, օրինակ, տարբեր ժամանակաշրջանների (այդ թվում՝ նախաբարոկյան, բարոկյան) երաժշտության ուսումնասիրություն։  Պետք է ուշադրություն դարձնել նաեւ ավելի նոր գրականության ձեռքբերմանը։

– Իսկ ի՞նչ նկատառումներ է թույլ տալիս մեր ակադեմիական թատրոնում եւ եվրոպական օպերային թատրոններում աշխատանքային փորձառությունը։

-Մեր օպերային թատրոնում կան խնդիրներ, որոնք համակարգային լուծում են պահանջում։ Օրինակ՝ մինչեւ այժմ գործում է թատրոնի ղեկավարման՝ Խորհրդային միությունից մնացած սիստեմը, որը պետք է փոխել՝ փոխառելով, օրինակ՝ գերմանական թատրոնների ղեկավարման համակարգը։

Մեր օպերան նաեւ խաղացանկի խնդիր ունի. շատ քիչ են պրեմիերաները, հետեւաբար՝ բեմ դուրս գալու քիչ հնարավորություններ կան այլ ռեպերտուար ունեցող երգիչների համար։ Այստեսակ խնդիրների հաղթահարումը նախեւառաջ  պետական ուշադրություն եւ հովանավորություն է պահանջում։ Ցավոք, պետության համար սա առաջնահերթ չէ։

– Միջազգային լրատվամիջոցներում  ձեր ելույթների արձագանքները վկայում են, որ բոլոր դերերը ստացված են։  Ձեզ բնութագրում են, օրինակ, իբրեւ առաջնակարգ Ֆիգարո (Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» օպերայում)՝ շատ բեմերում այն ձեր ինքնատիպ ու անգերազանցելի դերը համարելով (Resmusica)։  Ինչպե՞ս է դա հաջողվել։

– Ես խաղում եմ՝ այդ կերպարներում ինձանից մի մասնիկ դնելով։ Առօրյայի բնույթով ես նույնիսկ նման եմ Ֆիգարոյին՝ «Figaro qua, Figaro lՈ» (Ֆիգարոն այստեղ, Ֆիգարոն այնտեղ). հիմա այստեղ եմ, հինգ րոպե հետո կարող է անհավանական մեկ այլ տեղում լինեմ։  Կոմիկական կերպարները մոտ են նաեւ իմ էությանը. իրական կյանքում՝ ընտանիքում, մտերիմների, կոլեգաների հետ ինձ դուր է գալիս հումորի լեզվով խոսելը։

– Ֆիգարոն եղել է նախընտրելի դերերգերից։  Այն արդեն «Ձերն է»։ Կա՞ն էլի կերպարներ, որոնք կցանկանայիք մարմնավորել։

– Շատ կուզեի Եվգենի Օնեգին երգել Չայկովսկու համանուն օպերայից, Մալատեստա՝ Դոնիցետտիի «Դոն Պասկուալե»-ում, Մոցարտի՝ «Այդպես են վարվում բոլոր կանայք» օպերայում եւ այլն։

– Բեմական կյանքի ծիծաղաշարժ պահերից։

– Երբեմն ելույթի ժամանակ մոռանում ես բառերը. դուրս ես գալիս բեմ ու ջնջվում են մտքիցդ։ Կարեւոր է՝ թե դու ոնց դուրս կգաս այդ ծիծաղելի իրադրությունից՝ հումորով կամ ինչ-որ ճարպիկ կերպով։ Եղել է ժամանակ, որ ուղղակի կանգնել եմգ ծափահարություն է, զգում են, որ ինչ-որ բան այն չէ… կոլեգան է հուշել ետնաբեմից։ Քանի որ հիմա արդեն չկան հուշարարներ (ավելորդ ծախս են համարում թատրոնները), նմանատիպ իրադրություններ հաճախ են լինում։

– 2021թ.-ին հանդես եկաք իտալացի լեգենդար դիրիժոր Ռիկարդո Մուտիի հետ՝ «Ռավեննա» փառատոնում։ Այդ ժամանակ դա ձեզ համար կարիերայի գագաթնակետ էր։ Ինչ-որ բան փոխվե՞լ է այս ընթացքում։

– Առայժմ չէ, նույնն է։ Իր հետ ելույթի հնարավորություն, առաջարկ էլի եղել է, բայց քանի որ արդեն պայմանագիր ունեի եւ զբաղված էի, ցավոք, չկարողացա ընդունել։ Հուսով եմ՝ նորից առիթ կլինի։ Պետք է նշեմ, որ ինձ համար մեծ պատիվ է նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ աշխատելը, ում հետ համագործակցում եմ 2016թ.-ից։

– Գուրգեն, ի՞նչը կարող է ոգեշնչման, էներգիայի աղբյուր լինել ձեզ համար։

– Հենց երաժշտությունը։ Այս պահին, օրինակ, ինձ համար բացահայտել եմ «ՃՈՐրՍՈÿ վպՉպրՑՈ»» օպերան. հատկապես նախերգանքը (ցՉպՐՑþՐՈ-ն) կարող եմ ժամերով ունկնդրել։ Մի ժամանակ շատ էի լսում նախաբարոկյան երաժշտություն՝ իտալական, իսպանական եւ այլն։ Սիրում եմ նաեւ ժողովրդական երաժշտությունը. ոչ միայն մեր, այլեւ տարբեր ազգերի։ Այն մեզ փոխանցում է տվյալ ժողովրդի դիմագիծն ու առանձնահատկությունները։ Հատկապես բազմաձայն ֆոլկ երաժշտությունն իմ ամենասիրելին է։

– Դուք նաեւ երգել եք երգչախմբերում…

-…Ինչն էլ հենց սեր է արթնացրել բազմաձայն երգեցողության հանդեպ։  Մոտ տասը տարի երգել եմ «Գառնի» կվինտետում։

Միշտ երազանք եմ ունեցել ունենալու արական խումբ, որը կկարողանար մշակել եւ ներկայացնել հայ ժողովրդական կամ էստրադային երաժշտությունը։ Դա նվիրում, աշխատանք ու ժամանակ է պահանջում. ցավոք, ինձ մոտ չստացվեց զբաղվածության պատճառով։

– Օպերային արվեստը շատ ազատություն չի տալիս ստեղծագործելու։ Երգարվեստի՝ քեզ հոգեհարազատ ճյուղը, որտեղ սեփական մեկնաբանության հնարավորություն ունես։

– Շատ եմ սիրում մեր գուսանական եւ աշուղական արվեստը, որտեղ ինձ համար չգերազանցված է մնում Սայաթ-Նովան՝ իր մեղեդայնությամբ։ Համերգների ժամանակ՝ Հայաստանում կամ արտերկրում, եթե կա հնարավորություն, միշտ երգում եմ։ Ծրագիր ունեմ Սայաթ-Նովայի մի քանի երգերով նաեւ փոքրիկ դաշնամուրային մշակումներ ներկայացնել։ Ստեղծագործելու առումով սա ինձ մեծ ազատություն կտա։ Սայաթ-Նովան նաեւ ամենահոգեհարազատն է. ինձ ավելի շատ գտնում եմ իր մեջ, ինքս ինձ ճանաչում իր միջոցով։

Զրուցեց Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031