Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացման առաջնախաղ շրջափակված Արցախում

Մայիս 20,2023 12:00

«Ծիլ» տիկնիկային ստուդիան չի դադարում ստեղծագործել

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան հիմնադրվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնադիրը Շուշիի պետական թատրոնի տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանն է։ Ստուդիան հասցրել է Արցախում ապրող երեխաների համար բազմաթիվ ներկայացումներ խաղալ, այցելել դպրոցներ, մանկապարտեզներ, գրադարաններ, նաեւ աշխատանք ծավալել գյուղական համայնքներում։

Օրերս Ստեփանակերտի Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացավ ստուդիայի երկար սպասված առաջնախաղը։ «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումը համալրեց «Ծիլ» տիկնիկային ստուդիայի խաղացանկը՝ նոր ու թարմ շունչ հաղորդելով Արցախի թատերական կյանքին։ Հովհաննես Թումանյանի հեքիաթը թատրոնի եւ կինոյի դրամատուրգ Վովա Արզումանյանը բեմականացրել է Արցախի բարբառով՝ ընդհանուր գծերով համապատասխանեցնելով այսօրվա երեխաների հետաքրքրություններին։ Իսկ բեմադրիչ եւ դերասան Արմեն Գաբրիելյանը փորձել է ստեղծագործությանը մոտենալ միանգամայն այլ տեսանկյունից։ Նա կերպարանավորում է բոլոր գործող անձանց, ինչն էլ բավականին բարդ է։

«Միանգամից երեք կերպար խաղալը թեկուզ բարդ է, բայց նաեւ հետաքրքիր է։ Անընդհատ պետք է մտնես հերոսի հոգեվիճակի մեջ, ստեղծես այն բնավորությունը, որն ինքն ունի, իսկ անցումների ժամանակ լինես համոզիչ, որովհետեւ փոքրիկ հանդիսատեսին չես կարող խաբել։ Նա տեսնում է ամեն ինչ եւ անգամ անհետաքրքիր մեկ վայրկյանը կարող է ձախողել ամողջ ներկայացումը»,- ասում է Արմեն Գաբրիելյանը։ Ներկայացումն ուղեկցվել է նաեւ ավանդական խաղերով։

Ստուդիայի ղեկավարը նշեց, որ կարճ ժամանակահատվածում «Ծիլը» ջանք ու եռանդ չի խնայել արցախաբնակ փոքրիկներին հեքիաթի մաս դարձնելու համար։ Իսկ այդ հեքիաթում նրանք նաեւ ներկայացումների համար են դեկորացիներ եւ տիկնիկներ պատրաստել, սկսել են սիրել ու ճանաչել թատրոնը։ Արմեն Գաբրիելյանը ուրախությամբ հայտնեց, որ այժմ վերանայվում է ստուդիայի կրթական ծրագիրը, երեխաները բացի «Հեքիաթաթերապիա», «Տիկնիկաթերապիա», «Բեմական խոսք», «Բեմական շարժում», «Տիկնիկավարություն», «Երգ» առարկաներից, կուսումնասիրեն նաեւ «Տիկնիկային թատրոնի պատմություն» եւ «Պար» առարկաները։

«Ծիլ» տիկնիկային ստուդիան չի դադարում ստեղծագործել անգամ շրջափակման պայմաններում։ Վստահեցնում են՝ վճռական են, ապրում եւ ստեղծում են հանուն Արցախի։

Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031