Վահագն Վերմիշյանի, Վազգեն Պողոսյանի, Գագիկ Գալստյանի, Ջոն Ֆարխոյանի, Ռազմիկ Խուրշուդյանի, Մուշեղ Ավետիսյանի, Էլեն Գրիգորյանի եւ Վրեժ Ասրյանի քրեական գործը՝ «8-ի գործը», 2021 թվականի հունվարի 15-ին մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել էր Երեւան քաղաքի քրեական դատարան: Ամբաստանյալներից մեկի՝ Վերմիշյանի նկատմամբ կիրառվել էր կալանավորումը, 3-ի նկատմամբ կիրառվել էր գրավ, 4-ի նկատմամբ ստորագրություն խափանման միջոցը: Վահագն Վերմիշյանն անազատության մեջ էր 2020 թվականի փետրվարի 5-ից: Այս գործով միակ կինը մեղադրվում էր օժանդակության համար:
Մայիսի 12-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, որը կբողոքարկվի, ինչպես ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը: Վերջինս նաեւ հայտնել էր, որ ՄԻԵԴ գանգատ կներկայացնի: Հիշեցնեմ, Վերմիշյանը պահվում էր ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, եւ նրա առողջական խնդիրների մասին անցյալ տարվա հուլիսին պաշտպանի կողմից ահազանգ էր հնչեցվել, որ ՔԿՀ-ում հրաժարվել են շտապօգնություն կանչել, նրան բժշկական կենտրոն տեղափոխել…
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ մասի. «Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը (հետագայում՝ Կոմիտե), 2019 թվականի սեպտեմբերից մինչեւ 2020 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջներն առ այն, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ ստացել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի` խոշոր չափերի հասնող գույք»:
Դատավորն էր Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Անդրանիկ դատական նիստը նշանակվել էր 2021 թվականի մարտի 19-ին:
Կարդացեք նաև
2021թ. մարտի 15-ին, դատարանում՝ դռնբաց դատական նիստում, քննության առնելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021թ. փետրվարի 1-ի որոշման դեմ մեղադրյալ Վահագն Վերմիշյանի պաշտպաններ Մուշեղ Առաքելյանի եւ Էդգար Արամյանի վերաքննիչ բողոքը` դատարանը մերժել էր բողոքը, փետրվարի 1-ի որոշումը թողնելով անփոփոխ:
Մոտ 47 նիստ էր հրավիրել Մարտիրոսյանը, ապա հընթացս բողոքարկվել էին խափանման միջոցի հետ կապված դատարանի որոշումները: Քրեական գործով դատական քննության ընթացքում, 2022թ. մայիսի 18-ի դատական նիստում պաշտպան Ա. Կոչուբաեւը միջնորդություն է ներկայացրել՝ իր պաշտպանյալ Վահագն Վերմիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու եւ որպես խափանման միջոց գրավն ընտրելու մասին, հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահագն Վերմիշյանն անազատության մեջ է 2020 թվականի փետրվարի 5-ից, իսկ խափանման միջոցի վերանայման հարց վերջին անգամ բարձրացվել է 2022 թվականի փետրվարի 25-ին։ Ինքնին նման մեծ ժամկետի առկայությունը պետք է դիտարկել կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու հարցի քննարկման ավտոնոմ հիմք։ Գործով վարույթի իրականացման հիմնավորումները բավարար չեն կասկածյալի կալանքը հիմնավորելու համար:
Թեեւ անձին շարունակական կալանքի տակ պահելու հիմնավորվածությունը պետք է պարբերաբար վերանայվի դատական իշխանության կողմից (կոնվենցիոն պահանջ է), սակայն ներպետական օրենսդրության համաձայն՝ դատական քննության ընթացքում այն երկարացնելու ընթացակարգ, նույնիսկ առավելագույն ժամկետ սահմանված չէ: Կալանավորման վերանայումների միջեւ ժամանակահատվածը սովորաբար չպետք է գերազանցի մեկ ամիսը։ Տվյալ դեպքում պաշտպանական կողմը նոր միջնորդությունը ներկայացրել է նույն հարցով իրենց նախորդ միջնորդությունը դատարանի կողմից մերժվելուց շուրջ 2 ամիս անց, որպիսի պարբերականությունը ողջամիտ է (պաշտպանների կողմից այդ իրավունքը չարաշահելու մասին խոսք գնալ չի կարող):
Իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքից բխում է նաեւ, որ այն դեպքում, երբ կալանավորման նպատակը օրենքով սահմանված պարտավորության կատարումն է (քրեական վարույթի ընթացքում պատշաճ վարքագիծ), պետք է հավասարակշռել ժողովրդավարական հասարակությունում տվյալ պարտավորության կատարումն անհապաղ ապահովելու կարեւորությունը եւ ազատության իրավունքի կարեւորությունը: Կալանավորման տեւողությունն էական գործոն է այդ հավասարակշռությունը հաստատելու գործում»:
Եթե ամփոփիչ, 2021 թվականի հունվարի 18-ին թիվ ԵԴ/0083/01/21 քրեական գործն ընդունվել է առաջին ատյանի դատարանի վարույթ: Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ որոշվել է՝ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ա. Կոչուբաեւի 2022թ. հոկտեմբերի 4-ի միջնորդությունը՝ ամբաստանյալ Վահագն Վերմիշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու՝ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կամ 30 մլն ՀՀ դրամի չափով գրավ կիրառելու մասին, ամբողջությամբ մերժել:
2022 թվականի նոյեմբերի 8-ին վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ դատարան է ստացվել Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւի հատուկ վերանայման բողոքը։
2022 թվականի նոյեմբերի 21-ին հանձնվել է վերաքննիչ դատարանի դատավոր Կ. Ամիրյանին։ 2022 թվականի նոյեմբերի 24-ին վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է «Հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու եւ դատական վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին» որոշում։
2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Դ. Աղաջանյանի կողմից վերաքննիչ դատարան է ներկայացվել հատուկ վերանայման բողոքի պատասխան։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին վերաքննիչ դատարան է ստացվել Վերմիշյանի պաշտպանի կողմից ներկայացված «Դատական վարույթը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին» միջնորդությունը։ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Դ. Աղաջանյանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 2-ին վերաքննիչ դատարան է ստացվել «Ի լրումն թիվ ԵԴ/0083/01/21 գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքի պատասխանի» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլեկտրոնային եղանակով վերաքննիչ դատարանի էլեկտրոնային հասցեին ուղարկվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին։ Այն նաեւ Վճռաբեկ դատարանում մերժվել էր:
Այս գործով ուշագրավ նկատառումներ կան, այն կներկայացնենք, երբ ամբողջական ձեռքի տակ կունենանք դատավճիռը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2023