Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարեկը ակտ չգրելու դիմաց քաղաքացուն ստիպել է խանութից իր համար կոշիկ առնել. պարեկների նոր «օյինները» եւ Վահե Ղազարյանի պայքարը՝ պարեկների դեմ

Մայիս 20,2023 20:01

Պարզվում է՝ մերօրյա պարեկները ոչ թե վկայականի մեջ դրած թաքուն փող են վերցնում, այլ՝ կաշառքն ընդունում են նոր ձեւերով. «Բազմաթիվ պարեկներ բռնվել են, որ փող են առել: Նաեւ ես ինֆորմացիա ունեմ, որ պարեկ է եղել՝ քաղաքացուն բռնել է ու ասել՝ վրեդ ակտ չեմ գրում, էս խանութում մի հատ կոշիկ եմ տեսել, կառնե՞ս էթաս: Ա՛յ Աբուհասան: Աբուհասանի մաշի՞կն ա, որ ասես: Էդ կոշիկը առել, տվել է, պարեկը վրեն ակտ չի գրել: Դե հիմի թող գնա Վարդաշենի գաղութ, միլիցեքի գաղութ, կոշիկները հագնի, իրան զգա Ալլադին, խցից դուրս գա, էթա ֆռա, հետ գա»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հիշեցնենք՝ երբ երկու տարի առաջ Երեւանում ներդրվեց պարեկային ծառայությունը, մեզ խոստանում էին անկաշառ, գերպրոֆեսիոնալ «կինոյի հերոսներ»: Շամշյանի խոսքով՝ որոշ պարեկների հակաօրինական գործողությունների եւ «հաբրգածության» հետեւանքով վարկաբեկվում է ողջ պարեկային ինստիտուտը. «Ես բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ եւ տեսանյութեր եմ արել, որ նույն պարեկը մարդու կյանք է փրկել: Վթարի վայրում քաղաքացին կանգնած ծխախոտը բերանին, բերանը մինչեւ ստամոքսը բաց հռհռում է, ասում է՝ «հլը նայի, պարեկը ձորից պատգարակով մարդուն հանում ա, չի կարում իրա գլխարկը բռնի, պարեկի գլխարկը ընկնում ա»: Դե արի էդ ժամանակ ասա՝ ա՛յ տախտակ, պարեկը մարդ է փրկում, գլխարկն էլ կարա էդ ժամանակ ընկնի, ոտքն էլ կարա սայթաքի»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ անկախ արձանագրված արատավոր մի շարք դեպքերից, երբ պարեկը գողություն է անում ու բռնվում, «կրիստալ» թմրամիջոցների վաճառքով է զբաղվում, վթարի է ենթարկում ու փախուստի դիմում, ընդհանուր առմամբ պարեկային ծառայությունը ստացված ռեֆորմ է. «Երեւանում արտաքին ծառայության կողմից հանցագործությունների բացահայտումը ավելացավ 2,5 անգամ: Շիրակի, Լոռվա մարզերում՝ 14 անգամ: Եթե մենք նայենք խմածության մահացու վթարների քանակը, եթե մենք նայենք մի շարք հանցատեսակներ, ապա կտեսնենք, որ իրոք փոփոխություն կա: Հետախուզվող հանցագործությունների հայտնաբերումն ավելացել է 600%-սով»:

Ըստ Իոաննիսյանի, «շան գլուխը» ուրիշ տեղ է թաղված՝ պարեկների այս հաջողությունները ոստիկանական համակարգը շատ խանդով է ընդունում. «Իրենք ասում են՝ ո՞նց, մենք էսքան տարի էս գործի մեջ, հիմա ինչ-որ «սորոսականներ» կարողացան ավելի էֆեկտի՞վ ստեղծել: Եվ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի պարեկայինը չստացվի, ոստիկանական վատ ավանդույթները չքանդի եւ այլն: Իրենք զգում են, որ մանրից ռեֆորմը իրենց էլ է հասնում»:

Պարեկայինի հետ կապված լուրջ խնդիր կա էն առումով, որ ոստիկանական համակարգը պարեկային ծառայությանը չի սիրում: Հիմնականում չի սիրում այն պատճառով, որ պարեկային ծառայությունը երբ որ ներդրվեց, հիմնականում ներդրվեց ոստիկանական ավանդույթներին ի հեճուկս եւ ինքը հանցագործությունների բացահայտման շատ բարձր ցուցանիշներ միանգամից ապահովեց»:

Պարեկները, Իոաննիսյանի գնահատմամբ, խփում են հին ոստիկանների գրպանին ու դա եւս մեկ պատճառ է՝ պարեկներին չսիրելու. «Ոստիկանները սովոր են, որ իրենք չեն տուգանվում, իրենց չե՛ն տուգանում: Վկայականը ցույց են տալիս, քշում գնում են: Բայց դա էլ է ինչ-որ առումով փոխվել, իդեալական չի ցավոք սրտի, եւ դա էլ դուր չի գալիս ոստիկաններին: Ոստիկանները հաճախ իրենց իշխանությունը շրջապատում ցույց տալու համար մարդկանց ասում էին՝ արխային խմած քշի, եթե քեզ կանգնացնեն, ինձ կզանգես: Հիմա էլ չեն կարողանում դա անել»:

Իոաննիսյանը կոնկրետ օրինակներ մատնանշեց, երբ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պարեկին հանցագործների խումբ բռնելու համար չի պարգեւատրել՝ տարիներ առաջ մի փոքր թղթի կտոր կորցրած լինելու համար:

Երբ հարցրեցինք՝ Վահե Ղազարյանը չի՞ սիրում պարեկներին, Շամշյանը պատասխանեց. «Եթե ծառայողական քննություն է անում, նկատողություն է տալիս, ասում են՝ ըհը, թազա պարեկ է, ջահել պարեկ է, տես, ողնաշարը կոտրին, выговор տվին, выговор էլ չտան, կասեն, իյա՛, էս հաբրգացնո՞ւմ եք ձեր պարեկներին: Ուրեմն ասեմ, նույն պարեկը Վահե Ղազարյանի վրա էլ է ակտ գրել, Վահե Ղազարյանի վարորդի վրա էլ է ակտ գրել, ոստիկանապետի ազգականի վրա էլ է ակտ գրել»: Իսկ թե ինչ է եղել այդ «ակտ գրող» պարեկի հետագա ճակատագիրը, Շամշյանի պնդմամբ՝ դեռ համակարգում է:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ առաջինը հենց Վահե Ղազարյանն է պատասխանատու պարեկների գործողությունների համար. «Հետեւաբար ինչպե՞ս կարող է նախարարը ուզենա կամ ցանկություն ունենա, որ այդ ծառայությունը ձախողվի: Եթե ծառայությունը ձախողվեց, կձախողվի առաջինը իր աշխատանքային գործունեությունը»: Ինչ վերաբերում է պարեկների՝ ոստիկանների խախտումների համար ակտ գրելուն՝ նա ասաց. «Սա շատ լավ է, որովհետեւ ժամանակին մենք բոլորս հիշում ենք՝ պատգամավորի օգնականի հարեւանը չէր կարա տուգանվեր կամ դժվար կտուգանվեր, բայց այսօր մեր իշխանական պատգամավորներից, անունները չեմ տալիս, բայց մի օր ամբիոնից կասեմ, հատ-հատ անուններով ասելու եմ ով ինչի համար է տուգանվել: Շատ լուրջ սանկցիաներ են կիրառվել մեր պատգամավորների նկատմամբ»:

Ուշագրավ է, որ այս տարին հաջող չսկսվեց պարեկների համար: Պարեկների հանցագործությունների, խայտառակ դեպքերի ու տարբեր օյինբազությունների պակաս չկա: Առաջարկում ենք դիտել պարեկների հետ կապված ուշագրավ դեպքերի «թոփ յոթնյակը» եւ ոլորտի գիտակների մեկնաբանությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031