Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե գտնում եք, որ Բաքվի հետ չպիտի խոսել, ապա Արցախի և Հայաստանի առաջին թշնամին եք»․ Սամվել Բաբայան

Մայիս 19,2023 23:33

Aravot.am-ի զրուցակիցն է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը

-Արցախում իշխող ուժի և ձեր ներկայացրած քաղաքական ուժի կոնսուլտացիաներից

ի՞նչ ակնկալիքներ կան, ինչի՞ շուրջ պիտի ընթանա խոսակցությունը, արդեն կայացած հանդիպումներից ի՞նչ տպավորություն ունեք:

-Արցախում քաղաքական կոնսուլտացիան հենց այնպես չի սկսվել, այն պարտադրվել է մեր հանրահավաքի մասնակիցների պահանջով։ Ես, որպես հանրահավաքի նախաձեռնող, ընդառաջել եմ նախագահի՝ հանրային պահանջի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկին և 10 օր ժամանակ վերցրել միմիայն ցնցումներից խուսափելու նպատակով։ Բազմիցս հայտարարել եմ, որ պաշտոն չեմ ուզում, այլ եկել եմ ծառայելու իմ ժողովրդին։ Հանրահավաքի հաջորդ օրը նախագահի հրավերով հանդիպումը հենց դրա շուրջ էր։ Բայց, ինչպես տեսնում եմ, իշխանությունները միայն մեկ խնդիր ունեն՝ ամեն գնով պահել թագավորությունը։ Հակառակ դեպքում հանրահավաքի հարևանությամբ չէին տեղավորվի ոստիկանական ուժեր, հատուկ ջոկատայիններ, հրշեջ-ջրցան մեքենաներ, դիպուկահարներ։

-Ձեր կազմակերպած հանրահավաքը եւ ներկայացրած պահանջը միանշանակ չընկալվեց։ Շատերը տպավորություն ունեն, որ նույն մանիպուլյացիաներն եք կիրառում Արցախում, ինչ-որ Նիկոլ Փաշինյանն էր Հայաստանում կիրառում՝ իշխանության գալիս: Տեսակետներ կան, որ Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորված եք գործում եւ Արցախում իշխանության գալով իրագործելու եք Ադրբեջանի հետ համակեցության ծրագիրը, որի մասին Դուք խոսել եք:

-Ո՞վ չընկալեց՝ իշխանական և մերձիշխանական խմբակնե՞րը։ Եթե Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորված գործեի, վաղուց իշխանության մեջ հարմար տեղավորված կլինեի, ոչ թե տուն-տուն կգնայի, բացատրեի, որ Արայիկ Հարությունյանը կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ լուծարել է բանակը, զինաթափում է բանակի մնացորդները։ Եվ հեռու չէ այն օրը, երբ նա կասի, որ մենք ուժ չունենք դիմակայելու Ադրբեջանի ճնշումներին, ռուսներն էլ չեն օգնում, մեզ այլ բան չի մնում, քան միասին ապրելը, հպատակվելը։

-Երկար ժամանակ էիք նախապատրաստվել այդ հանրահավաքին, բավական աշխատանք էր տարված ու այդ ամենով հանդերձ, հանրահավաքը սակավամարդ էր. հետեւաբար, ինչո՞ւ պիտի Ձեր պահանջները բավարարվեն, ինչո՞ւ պիտի Դուք դերակատարում ունենաք Արցախի ժողովրդի ճակատագրում:

-Իշխանական տոտալ ճնշումների և հակազդեցության, ինչպես նաև անձրևային եղանակի պայմաններում, ինքնուրույն, առանց վարչական ռեսուրսի օգտագործման 5.5-6 հազարանոց հանրահավաքին սակավամարդ որակելը ընդամենը Ձեր կարծիքն է։ Արցախում դերակատարում ունենալը ոչ միայն հանրային պահանջ է, այլ նաև հիմնավորված է իմ՝ քաղաքական երկրորդ ուժի ղեկավար լինելու հանգամանքով։ Բացի այդ, միակ գործիչն եմ, ով կոնկրետ ծրագիր է ներկայացնում՝ ի տարբերություն անգործունակ իշխանության, իրեն ընդդիմություն հռչակած խմբակների և ֆեյք փրկիչների։

Փրկության Ձեր ծրագիրը ո՞րն է։ Եվ արդյո՞ք հիմնավորված է այդ ծրագիրը:

-Ես փրկիչ չեմ։ Ես իրատեսական ծրագիր եմ առաջարկում, որով հնարավոր է Արցախը դուրս բերել փակուղուց։ Առաջարկում եմ 5 կետից բաղկացած զուգահեռ քայլերով ծրագիր, որը ենթադրում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծում, սոցիալ-տնտեսական կայունություն, ճանապարհի բացում, արտաքին քաղաքական ճկունություն։

-Նախկինում Դուք խոսում էիք համակեցությունից, այժմ խոսում եք Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելուց. ինչպե՞ս հասկանանք:

-Երբեք չեմ խոսել համակեցությունից, ընդհակառակը, ասել եմ՝ Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։ Ես առաջարկում եմ փոխվստահություն։ Փոխվստահությունը ինտեգրացիա չէ։ Այսինքն՝ Ստեփանակերտը պետք է ուղիղ խոսի Բաքվի հետ, իր հարցերը լուծի։ Եթե դուք գտնում եք, որ Բաքվի հետ չպիտի խոսել, ապա Արցախի և Հայաստանի առաջին թշնամին եք։ Քանի դեռ մենք չենք խոսում մեր աշխարհագրական հարևանի հետ, շրջափակումը շարունակվելու է, խորանալու է տնտեսական, սոցիալական և հոգեբանական ճգնաժամը։ Իսկ դա բերելու է լուրջ խնդիրների։

-Ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո թողեցիք ԱԽ քարտուղարի պաշտոնը, ինչո՞ւ հրաժարվեցիք Արցախի Ազգային հերոսի կոչումից: Տարբեր ժամանակներում այս հարցերի վերաբերյալ խոսել եք, բայց դրանք մի տեսակ լղոզված են: Խնդրում եմ, հնարավորինս հստակ պատասխանեք։

-Նման ծեծված հարցերի փոխարեն առաջարկում եմ մտածենք նրա մասին, որ հայրենիք չունենք, հայրենիքը և մեզ հանձնել են։ Այդ մասին Հայաստանի իշխանությունը օֆիցիալ հայտարարել է՝ ասելով, որ իր խնդիրը նա է, որ Ադրբեջանը ճանաչի իր 29,8-ը։ Դուք հասկանու՞մ եք ինչ է նշանակում Շարլ Միշելի վերջին հայտարարությունը։ Եթե չեք հասկանում պարզ ասեմ՝ Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Որպես մամուլի աշխատողներ, լավ կանեք այդ հարցերով զբաղվեք։ Մեր լինել-չլինելու հարցն է։ Դուք, ընդհանրապես, հասկանու՞մ եք։

-Ի տարբերություն հայկական մամուլի, որը Ձեզ կապում է հայաստանյան իշխանությունների հետ, ադրբեջանական մամուլը համառորեն պնդում է, որ Դուք սերտ հարաբերություններ ունեք ռուսական հետախուզական ծառայությունների հետ՝ միևնույն ժամանակ հակադրելով Ձեզ Ռուբեն Վարդանյանի հետ։ Ի՞նչպես եք մեկնաբանում սա։

-Ես ինքնուրույն գործիչ եմ, անկախ որևէ ուժից։ Մեզ մոտ այդպես է, ամեն մեկը մյուսին իր արշինով է չափում․ եթե դու ինչ-որ մեկի մարդն ես, քեզ թվում է մյուսներն էլ են այդպես։ Ռուսական հատուկ ծառայությունների հետ երբեք կապ չեմ ունեցել։ Ավելին՝ 2020թ․ Արցախի ընտրությունների ժամանակ հայաստանյան իրենց արբանյակների միջոցով առաջարկել են սատարել իրենց նախընտրելի նախագահի թեկնածուին, մերժել եմ, որից հետո արգելափակել են իմ մուտքը Ռուսաստան։ Ավելին՝ խոսում են նաև, որ ՌԴ-ում ռազմական ակադեմիա եմ ավարտել։ Սրանք հայկական մեդիայի ստերն են, որոնք արտատպում է ադրբեջանական մամուլը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Զրույցը վարվել է գրավոր ընթացակարգով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031