ԱՄՆ առևտրի նախարարությունը հայաստանյան մեկ ընկերություն ներառել է պատժամիջոցների ցանկում: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը, թե որքանով է Հայաստանը ներգրավված դեպի Ռուսաստան արևմտյան արգելված ապրանքների վերաարտահանման գործում
Այսօր՝ մայիսի 19-ին, ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հաղորդել է ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ընկերությունների ցանկի ընդլայնման մասին, որի արդյունքում պատժամիջոցներ և սահմանափակումներ են սահմանվել ավելի քան յոթ տասնյակ ընկերությունների նկատմամբ: Դրանց թվում է նաև Երևանում գրանցված, հայաստանյան Medisar ՍՊԸ-ն:
2010 թվականին ստեղծված Medisar ընկերությունն արդյունաբերական և լաբորատոր քիմիական նյութերի, սննդանյութերի և լաբորատոր սարքավորումների խոշոր ներմուծողներից է Հայաստանում: Այն ավելացվել է պատժամիջոցների ցանկում, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, ներգրավված է այնպիսի գործունեության մեջ, որը անհնարին է դարձնում ԱՄՆ օրենսդրության համաձայն ամերիկյան ապրանքների վերջնական օգտագործման ստուգումը:
Բացի հայկական ընկերությունից, ցանկում տեղ է գտել Tro.Ya ղրղզական մեկ ընկերություն և 69 ռուսական ընկերություններ: Ըստ ամերիկյան կողմի՝ այս ընկերությունները գործում են ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության շահերին հակառակ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել էր Հայաստանով Ռուսաստան արգելված ապրանքներ վերաարտահանելու վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հարցմանը։ Գրավոր պատասխանում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն, նշել է, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, Միացյալ Նահանգները՝ դաշնակիցների և գործընկերների հետ տնտեսական պատժամիջոցների մի ամբողջ շարք սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, որոնք աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից ի վեր։
Ըստ պետքարտուղարության՝ 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի հիման վրա սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև՝ արտահանման նկատմամբ վեահսկողությունը, մաքսատուրքերը և այլ միջոցառումները սահմանափակում են ժամանակակից արդյունավետ պատերազմ վարելու Կրեմլի հնարավորությունները և կրճատում նրա ֆինանսական կարողությունները:
«Շատ [երկրների], ներառյալ՝ Հարավային Կովկասի [պետությունների] կառավարություններ պարտավորվել են հետևել միջազգային պատժամիջոցներին և արտահանման նկատմամբ վերահսկողությանը։ Կշարունակենք աշխատել այդ կառավարությունների, մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ պահպանելու սահմանափակումները, ինչպես որ հայտարարված է»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Հ.Գ. Նշենք, որ «Մեդիսար» արդյունաբերական եւ լաբորատոր քիմիայի ներմուծման ընկերություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարն է Մանվել Գաբրիելյանը: