Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների հարցերին չպատասխանեց

Մայիս 19,2023 22:25

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով նիստը։ Դատարանը փաստաթղթերի ուսումնասիրության փուլում է: Աղվան Հովսեփյանի ապօրինի գույքին վերաբերվող գործը 12 հատոր է, որից հետազոտված է 5 հատորը:

Այսօրվա նիստում հետազոտվեց մեկ հատոր գործի նյութ, որտեղ առկա է մեկ զննության արձանագրություն, որը վարույթ իրականացնող մարմինը ժամանակին՝ կալանքը, որպես խափանման միջոց, հարցի քննարկումից հետո, դատական նիստի ձայնագրառման կրիչն էր վերցրել եւ զննել էր, որտեղ դատական նիստի ժամանակ Աղվան Հովսեփյանը որոշակի հայտարարություններ է արել, դիրքորոշումներ է հայտնել: Լազերային սկավառակը դրվել է ապացույցների շարքում:

Աղվան Հովսեփյանն այդ նիստի ժամանակ ասել է, ինչն էլ առկա է ձայնագրությունում, որ «Երևան» հեռուստաընկերության 30 տոկոսը պատկանել է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին, որը վերջինս նվիրաբերել է «Ապարան» հայրենակցական միությանը՝ հանձինս Աղվան Հովսեփյանի:

Պաշտպանության կողմի կարծիքով այդ զննության արձանագրությունը, որը ներկայացվում է իբրեւ ապացույց, ունի ապացուցողականության խնդիր, որովհետեւ պաշտպանության կողմը հավասարության եւ մրցակցության տիրույթում, զրկված է այդ լազերային սկավառակին՝ թե քննիչի միջոցով, թե դատարանի միջոցով՝ ապացուցողական նշանակություն տալ:

«Շատ դեպքերում, մենք՝ պաշտպաններս, դատական նիստի լազերային սկավառակը վերցնում ենք, միջնորդում ենք քննիչին կամ դատարանին, որպեսզի այդ սկավառակն այլ փաստաթուղթ ճանաչեն, քանի որ այն գործի համար նշանակություն ունեցող ինչ-որ տվյալներ է պարունակում: Քննիչները, դատարանները մշտապես ասում են, որ դրանք այլ փաստաթուղթ չեն կարող ճանաչվել, որովհետեւ այդ կրիչները քրեական վարույթի շրջանակներում ձեւավորված փաստական տվյալներ են: Եվ իրավացի են. իրականում օրենքն ասում է, որ այլ փաստաթուղթ է ճանաչվում այն փաստաթուղթը, որը քրեական վարույթի շրջանակներից դուրս ձեւավորված փաստաթուղթ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ այդպիսով պաշտպանները, շատ դեպքերում, զրկված են լազերային սկավառակին ապացուցողական նշանակություն տալու հնարավորությունից: Քննիչները նույնպես այդ լազերային սկավառակներն այլ փաստաթուղթ ճանաչելու հնարավորություն չունեն, բայց այլ գործիքակազմ կիրառելով, օրինակ, զննություն կատարելով, նրանք կարողանում են այդ փաստական տվյալին տալ ապացուցողական նշանակություն եւ քրեական գործով օգտագործել:

Պաշտպանական կողմն, այդպիսով, խնդրահարույց է համարում տվյալ կրիչի՝ իբրեւ ապացույց լինելը, քանի որ, ստացվում է, որ անհավասար պայմաններում են քննչական եւ պաշտպանական կողմերը: Ուստի, պաշտպանական կողմը միջնորդություն կներկայացնի՝ այդ կրիչն ապացույցների շարքից հանելու մասին:

Նիստի ավարտից հետո, Աղվան Հովսեփյանը լրագրողների հարցերին չպատասխանեց:

Հիշեցնենք, Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ այդ, ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Աղվան հովսեփյանը զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ստանալով առանձնապես խոշոր չաչի՝ 788 մլն ՀՀ դրամի եկամուտ, որի ծագումը թաքցնելու նպատակով Աղվան Հովսեփյանը նշված գումարով 2009-2015թթ. վերանորոգել և կառուցել է առանձնատուն:

Իսկ դրա պատկանելությունը թաքցնելու համար նախ այն հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, այնուհետև՝ 2015թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի ձևական պայմանագրով, Նարեկ Հովսեփյանը ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ արժեք ունեցող վերոհիշյալ առանձնատունը 90 մլն ՀՀ դրամով իբր վաճառել է մորը՝ Աստղիկ Հովսեփյանին: Այդ կերպ Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված 788 մլն ՀՀ դրամը:

Ըստ մեղադրանքի, Աղվան Հովսեփյանը ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացված ևս 55 մլն ՀՀ դրամով 2009-2011թթ. ընթացքում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում վերանորոգել է բնակարաններ, գնել ավտոտնակ, որոնց պատկանելությունը թաքցնելու և անօրինական ծագումը խեղաթյուրելու նպատակով դրանք գրանցել է այլ անձանց անուններով՝ այդպիսով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարը:

Բացի դրանից, Աղվան Հովսեփյանը, մտադրվելով իրեն պատկանող առանձնատան հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում կառուցել և շահագործել փոքր ՀԷԿ, 2010թ. հոկտեմբերին, իր մտերիմ, նույն համայնքի նախկին ղեկավար Հ. Ա.-ին համոզելու եղանակով դրդել է ձևական աճուրդի կազմակերպմամբ ապահովել 27.796 հա ընդհանուր մակերեսով 10 հողատարածքների սեփականության իրավունքով վաճառքը որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ: Նշված եղանակով Աղվան Հովսեփյանն օրինականացրել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 27.796 հա մակերեսով հողամասերը:

Ըստ մեղադրանքի, Աղվան Հովսեփյանը նաեւ նախկին «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ սեփականատեր Վ. Ղ.-ից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրեական գործերի առկայության մասին, ծառայության գծով հովանավորչության համար 2011թ. ընթացքում նրանից, որպես կաշառք, պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ վերը նշված ընկերության շուրջ 206 մլն ՀՀ դրամ արժողությամբ 50 հատ բաժնետոմսերը, որոնք ստացել է նույն թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրով իր որդուն՝ Արմեն Հովսեփյանին նվիրաբերելու եղանակով: Այնուհետև, Աղվան Հովսեփյանն իբրեւ, անօրինական ճանապարհով ստացված բաժնետոմսերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, Վ. Ղ.-ին հիշյալ բաժնետոմսերը ընկերության մյուս 50 բաժնետոմսերի հետ վաճառել մեկ այլ ընկերության: Բաժնետոմսերի վաճառքից ստացված՝ Աղվան Հովսեփյանի մասնաբաժինը կազմող գումարի մի մասը փոխանցվել է որդու անվամբ բացված հաշվեհամարին և այն ձևակերպվել որպես ավանդ, որի տոկոսային եկամուտը 2014-2017 թթ. ընդհանուր կազմել է ավելի քան 31 մլն ՀՀ դրամ: Արդյունքում Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 237 մլն ՀՀ դրամը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031