ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից՝ 500 000 դրամ գումար, իբրեւ իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնաս, նաեւ ներողություն խնդրել եւ հերքել 2022 թվականի, նոյեմբերի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած հայտարարությունները:
Այսօր այդ գործով նախնական դատական լսումներն էին: Նախագահող դատավորն Արշակ Պետրոսյանն է: Ալեն Սիմոնյանը դատարան չէր եկել:
Ըստ հայցի հիմքի, ԱԺ նախագահի պատիվն ու արժանապատվությունը խոցել են ընդդիմադիր պատգամավորի հիշեցումները ԱԺ նախագահի քաղաքական հետագծի մասին, մասնավորաբար, 2018 թվականի հեղափոխության օրերին մարդկանց տների մոտ «դագաղներ տանելու» մասին հիշատակումները: Աննա Մկրտչյանը նաեւ ասել է՝ «այդ անհայրենիքը, որ վաճառել է Ակնան», «պատերազմ կեղծող» եւ այլն:
Աննա Մկրտչյանն Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է վերջինս «այդ անհայրենիքը, որ վաճառել է Ակնան», «պատերազմ կեղծող» արտահայտությունները վերագրել իրեն, ո՞րն է դրա հիմքը, ինչի արդյունքում էլ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորվել է: Հայցվորի ներկայացուցչի պատասխանն էր՝ «ընդհանուր համատեքստից այդպես է հասկացվում» կամ «գործի նյութերին չի վերաբերվում, չենք պատասխանում»:
Կարդացեք նաև
Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առարկում են հայցի դեմ ամբողջությամբ. «Այն, ինչ ասել է իմ պաշտպանյալն, ասել է խոսքի ազատության շրջանակներում, ինչը պաշտպանվում է մի շարք միջազգային կոնվենցիաներով: Մի շարք արտահայտություններ կան, որոնք հայցվորի դեմ են ուղղված. այդ արտահայտությունները բավարար հիմք ունեցող արտահայտություններ են, ինչը մենք կապացուցենք, մի շարք արտահայտություններ էլ, մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է հայցվորն իրեն վերագրել, որովհետեւ դրանք իրեն ուղղված չեն եղել, եղել են ընդհանրական բնույթի՝ իշխանություններին ուղղված քննադատություն:
Մենք այսօր հարցերի միջոցով փորձում էինք պարզել, թե ի՞նչն է հիմք հանդիսացել, որ մի քանի կոնկրետ արտահայտություն կան, որոնք հայցվորն իրեն է վերագրել: Ոչ մի հարցով բովանդակային պատասխան չենք ստացել. կամ նշել են, որ հարցը գործի հետ կապ չունի եւ այդ հիմքով չեն պատասխանել, կամ էլ՝ նշել են, որ ընդհանուր համատեքստից երեւում է, որ հենց հայցվորին նկատի ուներ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ