Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները գնում են բանակցությունների, քայլերի ղարաբաղյան հարցի հետ կապված, բայց այդ թեմայով հայ հասարակության հետ քննարկում չկա»․ Օլեսյա Վարդանյան

Մայիս 19,2023 17:56

«Այն սրացումները, որոնք տեսնում ենք սահմանին, այս ամենը շղթայի մի մասն է»,-«Հոդված 3» ակումբում կազմակերպված «Հայաստան-Ադրբեջան․ ինչպե՞ս կառավարել անվտանգային մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը։

Ըստ նրա՝ այն, որ տեղի են ունենում ակտիվ գործողություններ Արևմուտքի և ՌԴ-ի կողմից, սա դրական փաստ է։ Նրա համոզմամբ՝ այդ բանակցությունները քիչ թե շատ կողմերին մեկ սեղանի շուրջ են պահում և թույլ չեն տալիս, որ լուրջ էսկալյացիա չլինի։ Օլեսյա Վարդանյանի համոզմամբ՝ մի քանի բանալի հարցեր կան․ «Առաջինն այն է, թե որքանով ՀՀ-ն ու Ադրբեջանը պատրաստ կլինեն քայլ առ քայլ գնալ առաջ։ Այդ ճանապարհին կան մի շարք բանալի հարցեր։ Այն, որ նրանք փորձում են բանակցել, թե ինչ կլինի Ղարաբաղի ճակատագիրը՝ դա ինչ-որ ձևով արձանագրելով՝ փաստաթղթով կամ համաձայնությամբ, բայց դրա համար պետք են քայլեր, որոնք առաջին հերթին պետք է Բաքվի կողմից լինեն։ Տեսնում ենք Արևմուտքի կողմից ճնշումներ, բայց դրան նաև ՌԴ-ն է միացել` ասելով, որ անհրաժեշտ են կոնտակտներ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Երկրորդ հարցն է իրավիճակը սահմանին։ Ես դա միայն սահմանագծում և սահմանազատում չէի համարի, որովհետև այնտեղ հարցեր կան անվտանգության, ՀՀ-ի կողմից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման պահանջի և այլնի հետ կապված։ Դրանք ինքն իրենցով ևս շատ բարդ հարցեր են։ Երրորդ հարցը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցություններին։ Այս ուղղությամբ մենք տեսնում ենք առաջընթաց»։

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ի երաշխավորության և դերակատարության մասին՝ նա ասաց․ «Այն, որ այսօր Մոսկվայում կլինի, այն հանդիպումը, որը մայիսի երկրորդ կեսին է նշանակված, ոչ այն ՌԴ-ի փորձն է ակտիվ կերպով միջնորդություն կատարել, այլ իր մասնակցությունը գործընթացում ապահովելու համար է»։

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտողը նկատեց, որ բանակցություններին զուգահեռ օգտագործվում են նաև ուժային ճնշման մեթոդները։ Անդրադառնալով Սոթքի ուղղությամբ սրացումներին՝ նա ասաց․ «Այն, ինչ Սոթքի ուղղությամբ տեղի է ունենում, դա վկայում է այն մասին, որ հայկական կողմի վրա որոշակի ճնշում է գործադրվում։ Համենայն դեպս, դա հայկական կողմից այդպես է ընկալվում։ Այն, ինչ Սոթքում է տեղի ունենում, խնդրահարույց է տեղի բնակիչների համար, որոնք Ադրբեջանից հայ փախստականներն են հիմնականում։ Սոթքի մարտերն ազդանշան են տալիս այն տրամադրությունների մասին, որոնք կան Բաքվում, որոնք ուզում են Երևան հասցնել, որ կարող են լինել այնպիսի զարգացումներ, որոնք հիմնարար փոփոխությունների կարող են բերել և′ հողային առումով, և′ բանակցային գործընթացի։ Ցավոք, հայկական կողմում ներկայումս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բացի բանակցությունների գնալուց, այլ ելք չկա։ Այլ բան չի մնում պաշտոնական Երևանին, եթե ոչ գնալ ցանկացած բանակցության՝ ցանկացած հարթակում և օրակարգով»։

Ըստ Օլեսյա Վարդանյանի՝ ՀՀ իշխանությունները չեն խոսում հանրության հետ բանակցությունների թեմայով․ «Երբ ՀՀ իշխանությունը գնում է կոնկրետ քայլերի, օրինակ՝ սահմանի մասին է խոսքը, երբ այլ մայրաքաղաքներում գնում են բանակցությունների ղարաբաղյան հարցի հետ կապված, այդ թեմայով հայ հասարակության հետ քննարկում չկա։ Մենք ունենք մեծ թվով մարդիկ, որոնք արհամարհական վերաբերմունք ունենք, կասկածանքով են վերաբերվում բանակցային գործընթացին։ Սա լուրջ խնդիր է հենց ՀՀ իշխանությունների համար, որոնք ինչ-որ պահի պետք է հասկանան, որ պետք է հանրության հետ խոսել, ոչ թե խորհրդարանում հայտարարություն անել։ Մենք տեսնում ենք՝ կա տրամաբանական հարց հանրության շրջանում՝ եթե ՀՀ իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության մասին, ինչո՞ւ են սահմանին շարունակում մարդկանց սպանել։ Դա չէր լինի, եթե ՀՀ իշխանություններն ավելի շատ մոտիվացված լինեին խոսել հանրության հետ, այլ ոչ թե սեփական տարբերակն առաջարկել, որը հասկանալի չէ հանրության շրջանում»։

Ըստ Օլեսյա Վարդանյանի՝ արևմտյան երկրների կողմից բաց պատուհան կա ՌԴ-ի համար ղարաբաղյան հակամարտության բանակցություններում համագործակցելու, որ չլինեն կասկածներ, թե ՌԴ-ն կարող է ապակայունացնել իրավիճակը։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031