Հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հետ փոխկապակցված անձանց՝ որդիներ Տիգրան Խաչատրյանի ու Տրդատ Խաչատրյանի, Լորետա Բարսեղյանի, Վարդան Բարսեղյանի, Մանվել Մալինցյանի, Էրիկ Համբարձումյանի, Լուսինե Բարսեղյանի եւ Նորայր Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Դատարանին պահանջ է ներկայացվել հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն, բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ (անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ), մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում, 614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:
Դատարանն այսօրվա Սուրիկ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանին ժամանակ տվեց՝ միջնորդություն ներկայացնելու՝ այս կամ այն դրվագով Սուրիկ Խաչատրյանի հետ առնչություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին դատավարությանը ներգրավելու վերաբերյալ։ Վահագն Գրիգորյանը պարզաբանեց․ «Ցանկացած ընկերություն, որի բաժնեմասը ցանկանում է հայցվորը բռնագանձել, եւ այդ ընկերությունները, եւ ընկերությունների մասնակիցներն իրավունք ունեն ներգրավվել դատավարությանը։ Այդ իրավունքը մի քանի տարբեր ձեւով է իրացվում, կամ պետք է հայցվորը միջնորդի, իսկ հայցվորը չի միջնորդում, կամ պետք է մենք միջնորդենք, կամ պետք է հենց այդ ընկերությունն ինքը գա եւ ասի՝ ես տեղյակ եմ այս գործի մասին, ուզում եմ ներգրավվել, կամ էլ դատարանը պետք է սեփական նախաձեռնությամբ ծանուցում ներկայացնի։ Դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել չի կարող։ Ծանուցումներն ուղարկվել են, որոշ ընկերություններ չեն ստացել դրանք։ Բոլոր այդ ընկերությունների մասով մենք ինքներս այդ միջնորդությունը կներկայացնենք»։
«Առավոտի» հետ զրույցում Վահագն Գրիգորյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի տեսակետն այս գործի վերաբերյալ այն է, որ դատախազության հայցը հիմնավոր չէ։ «Այսինքն՝ ի սկզբանե կան որոշ դրվագներ, որոնք գոյություն ունենալու իրավունք էլ չունեն, բայց հայցում ներկայացվել են։ Դա իրավական մասով, իսկ այն, ինչը ողջամտորեն կարող էր հարց առաջացնել դատախազության մոտ, այդ հարցի պատասխանները համապատասխան փուլում կներկայացնենք։ Այսինքն՝ երկու մասից է բաղկացած, կան բաներ, որոնց մասով մենք համարում ենք, որ հարցադրում բարձրացնելու իրավունք ընդհանրապես ոչ ոք չունի, որովհետեւ դատախազությունը շատ իրականությունից կտրված դիրքորոշումներ ունի։ Այդ մասով մենք չենք պատրաստվում պարզաբանել մի բան, որի պարզաբանման պարտականություն չենք կրում։ Օրինակ՝ երրորդ անձը քեզ գումար է փոխանցել, դատախազությունն ասում է՝ դա ապօրինի գույք է։ Ասում է՝ դուք բանկային քաղվածքում նշել եք, որ եղել է նվիրատվություն, բայց մենք չենք համարում, որ սա նվիրատվություն է, ուզում ենք, որ սրանով ձեռք բերված գույքը բռնագանձվի։ Այդտեղ մենք չենք կարծում, որ մեր պարտականությունն է բերել բոլոր այն մարդկանց, որոնցից երբեւէ ինչ-որ գումար է ստացվել, եւ այդ մարդիկ ցուցմունք կան, պայմանագիր ցույց տան, թե ինչի հիման վրա է դա գումարը փոխանցվել։ Դա ընդունելի դիրքորոշում չէ, ստացվել է գումար, գումարն օրինական եկամուտ է, հատկապես եթե նվիրատվություն է։ Այն մասով, որով դատախազություն ինչ-որ բաներ չի տեսնում, իր մոտ հարց է առաջացել, այդ մասով մեր դիրքորոշումը ու ապացույցները կներկայացնենք»,- ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ