ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պատմեց վերջերս ԱՄՆ կատարած իր այցի, շփումների եւ ԱԺԲ անելիքների մասին:
«ԱՄՆ այցը կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը՝ հանդիպումները գործող եւ նախկին պաշտոնյաների հետ, երկրորդը՝ ներազգային շփումները: Սկսելով վաշինգթոնյան շփումներից՝ կարող եմ ասել, որ խիստ անհրաժեշտ էր մեր նման ուժի ներկայացուցիչների այսպիսի մակարդակով կազմակերպված այցը: Պատկերացրեք, որ շատերի համար զարմանալի էր, որ Հայաստանում կա այսպիսի քաղաքական ուժ, որովհետեւ երկար տարիներ կարծիք է ձեւավորվել, թե Հայաստանում գերիշխում է ռուսի ենթական լինելու տեսակետը:
Ես շատ եմ կարեւորում միայն այն հանգամանքը, որ կարեւորագույն ատյանները մեր մասին լսեցին, մեր տեղն իմացան: Էլ չեմ ասում՝ ինչպիսի բովանդակությամբ զրույցներ ենք ունեցել»,-ասաց Սեֆիլյանը ու տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում պայմանավորվածություն են ձեռք բերել լոբբիստական մի հայտնի կազմակերպության հետ, որն աջակցելու է ԱԺԲ-ին իրենց քաղաքական գաղափարները, նպատակները առաջ մղելու հարցում:
Ժիրայր Սեֆիլյանը ամերիկյան հանդիպումներից տպավորություն է ստացել, որ իրենց ուժի կանխատեսումները ճիշտ են: Նրա խոսքով, Վաշինգտոնում գոյություն ունի, կա որոշում, որ Ռուսաստանը Հարավային Կովկասից պետք է հեռացվի: Ու վերջին տարիներին ԱՄՆ-ի գերակտիվությունը մեր տարածաշրջանում իրենց ուրախացնում է:
Կարդացեք նաև
ԱԺԲ խորհրդի անդամը ներազգային հանդիպումների ընթացքում աշխատել է սփյուռքի հայրենակիցներին հասկացնել, որ ֆիզիկապես հեռու գտնվելը էական չէ, որ կարեւոր է քաղաքական ներդրում ունենալը: Եվ այս հարցում ավելի արագ ի մի գալու հնարավորություն տեսնում է Ամերիկայի արեւմտյան ափում, որովհետեւ այնտեղ հայերի քանակն է ավելի մեծ եւ հայերն այնտեղ ապրում են ավելի կոմպակտ ու կազմակերպված:
Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Արցախի եւ Հայաստանի շուրջ լարված վիճակի եւ անցուդարձի հետ կապված շատերը սպասում են «Բեւեռի» ակտիվացմանը: «Հանրությունը նյարդայնացած է ու սպասում է, թե երբ ենք ազատվելու այս պատուհասից: Առիթից օգտվելով՝ ուզում եմ հորդորել զսպվածություն հանդես բերել: Մենք իրավունք չունենք նյարդերը պարպելու: Բայց բոլորը պետք է վստահ լինեն, որ «Բեւեռը» այն, ինչ ասել է, անելու է: Հիմա կարող եմ տեղեկացնել, որ այդ պատմական պահը խիստ մոտենում է: Վաղը մենք հանրապետական մասշտաբով ակտիվի խորհրդակցություն ենք հրավիրել: Եվ մենք վաղվանից պիտի կազմակերպվենք եւ լծվենք մեր ժողովրդին պատրաստելու՝ արդեն պատրաստելու եմ ասում, այլ ոչ թե նախապատրաստելու, այդ պահին: Թե երբ ենք հրապարակները լցնելու, շատ կարեւոր է: Մենք սխալվելու իրավունք չունենք եւ պիտի ճիշտ որսանք այդ պահը: Աշխարհաքաղաքական զարգացումները հասունացած են եւ նպաստավոր պահը, որին մենք սպասում ենք, շատ մոտ է եւ մենք այդ պահը բաց թողնողը չենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բազմաթիվ անգամներ ասել եք ու չեք արել դրա համար էլ ոչ մեկը ձեզ չի հավատում