Ադրբեջանին ու Հայաստանին Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններում հաջողվել է մերձեցնել ըմբռնումը խաղաղության պայմանագրի ընդհանուր տեսլականի շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո:
«Խաղաղության պայմանագրի և մի շարք այլ կետերի առումով, որոնք այսօր քննարկվել են, հաջողվել է մոտեցնել երկու կողմերի ըմբռնումն ընդհանուր տեսլականին: Այժմ սկսվել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որի արդյունքում նրանք մեզ կտեղեկացնեն այն մասին, թե ինչի է հաջողվել հասնել»,- ասել է նա:
Լավրովի խոսքով՝ Մոսկվան «հետագայում էլ կնպաստի առաջ շարժվելուն, որպեսզի լիարժեք իրականացվեն բոլոր եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները, որոնք կազմում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերի հիմքը»:
Լավրովը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել են, թե առանց Ղարաբաղում անվտանգային իրավիճակի բարելավման խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը բարդ է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ