Հայաստանի տնտեսության աճի տեմպը, որակը բավականին մտահոգիչ է, քանի որ այս աճը պայմանավորված է դրսի գործոնով, ոչ թե ներքին տնտեսական ներուժով և կարողություններով: Այսպես հակադարձեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե «մեր տնտեսությունն աճում է իր պոտենցիալից ավելի, այն կարող է շնչահեղձ լինել»:
Նա համաձայնեց, որ անցած և այս տարի արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ, սակայն ընդգծեց, որ դա պայմանավորված է Ռուսաստանից հոսող մեծ գումարներով, միայն անցած տարի 3,6 մլրդ դոլար է մտել Հայաստան և ուղղորդվել դեպի ծառայությունների և առևտրի ոլորտներ, ինչպես նաև իրականացվել է վերաարտահանում դեպի Ռուսաստան, որը մեծածախ առևտուրի դեպքում խթան է:
«Այսինքն, Հայաստանի ներքին տնտեսական աճը պայմանավորված է Ռուսաստանով, ոչ թե ներքին տնտեսական արտադրությունների, նոր ձեռնարկությունների, նոր ենթակառուցվածքների, նոր բիզնեսների ստեղծմամբ: Այնպես որ, հենց այս գործոնը վերանա՝ կարձանագրվի անկում, սրան գումարած շինարարության բումը, որն անշարժ գույքի շուկայում հանգեցրել է սպեկուլյատիվ գնաճի, նույնիսկ Կենտրոնական բանկն արձանագրեց, որ շինարարության ոլորտում առկա են սպեկուլյատիվ գներ: Դրանով իսկ ԿԲ-ն ազդակ ուղարկեց բանկերին, որ սպառողներին հիփոթեքային վարկ տրամադրելիս՝ հաշվի առնեն այս հանգամանքը: Հետևաբար, բանկերը դժվարությամբ են տալիս հիփոթեքային վարկ, որը նաև կտրուկ նվազեցրել է պահանջարկն անշարժ գույքի շուկայում: Եթե հիփոթեքային վարկերի ծավալը նվազի և գները կտրուկ նվազեն, ապա անշարժ գույքի շուկան պարզապես կարող է փլուզվել, քանի որ շինարարների զգալի մասը վարկով է սկսել իր բիզնեսը: Նրանցից ոմանք, օրինակ, հողատարածք ունեն, որը գրավ են դրել բանկում և վարկ վերցրել, որով և սկսել են շինարարությունը, իրենք նույնիսկ չեն կարող գները իջեցնել, ասենք, բնակարանի մեկ քառմետրը 410 հազար դրամ է, իրենք չեն կարող կտրուկ իջեցնել 300 հազար դրամի, քանի որ մեծ ծախսեր են կատարում վարկի սպասարկման համար և այլն: Այն մարդիկ կարող են թույլ տալ, որոնք իրենց գումարն են ներդրել»,-դետալային բացատրեց տնտեսագետն ու հավելեց,- «Մենք բավականին լուրջ խնդրի առջև ենք կանգնած. մի քանի տասնյակ շինարարական ընկերություններ կարող են պարզապես սնանկանալ: Արդեն այսպես ասած «առաջին ծիծեռնակները» երևում են, որոնք դադարեցնում են շինարարությունը, քանի որ ենթադրենք իրենք բնակարանները վաճառել են 3-4 տարի առաջ, հիմա շինանյութի գները բարձրացել են և չեն կարողանում շենքն ավարտել, ստիպված դադարեցնում են շինարարությունը, գնում սնանկացման և իրենց հետ միասին «սնանկացման տանում» հարյուրավոր մարդկանց»:
Սուրեն Պարսյանը հիշեցրեց, որ նման իրավիճակ եղել է նաև 2000-ական թվականներին, երբ շինարարության ոլորտում կար երկնիշ աճ, շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում գերազանցում էր 25 տոկոսը, երբեմն հասնելով 27 տոկոսի և երբ դրսի գումարների հոսքը կրճատվեց՝ 2009թ. արձանագրվեց 14,4 տոկոս անկում: «Մենք պետք է որակական և դինամիկ աճի տեսանկյունից այնպիսի տնտեսություն կառուցենք, որ նման ճգնաժամեր և խորը անկումներ չունենանք, հակառակ դեպքում՝ մենք պարբերաբար նման խնդրի հետ ենք առնչվելու»:
Կարդացեք նաև
Տնտեսագետի գնահատմամբ, առկա տնտեսական իրավիճակը բավականին մտահոգիչ է և կառավարությունն այս տնտեսական աճի հետ շատ քիչ կապ ունի, այն դրսի գործոնով է պայմանավորված, որը մեր տնտեսության մեջ բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում: «Տնտեսության մեջ գոյություն ունի «հոլանդական հիվանդություն», երբ մի ոլորտ կտրուկ աճ է արձանագրում ՝ դրանով վնաս է տալիս մյուս ոլորտներին: Օրինակ` շինարարության, առևտրի և սպասարկումների ոլորտները, Ռուսաստանից եկող տրանսֆերտները հանգեցրեցին մեծ քանակի դոլարի հոսքի Հայաստան՝ դրամն արժևորվեց, որի հետևանքով տեղական արտադրողներն իրենց արտահանման շուկաները կորցնում են: Օրինակ, անկում ունեք սննդի ոլորտում՝ պահածոների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության ոլորտներում, որոնք ավանդաբար մեր մրցունակ, իմիջային ոլորտներն են, այս ամենը պայմանավորված է հատկապես մեր դրամի արժևորմամբ, մեր ապրանքը ռուսական շուկաներում էլ ավելի է թանկանում, հատկապես վերջին ամիսներին, երբ ռուսական ռուբլին 500-ից դարձավ օրինակ՝ 80 դրամ: Իրավիճակը բավականին մտահոգիչ է, Հայաստանի կառավարությունը, էկոնոմիկայի բլոկը իրենց են վերագրում տնտեսական աճը, այո, իրենց ժամանակ է՝ իրենց կարող են վերագրել, բայց նաև ապագայում սպասվելիք մեծ անկումը, մեծ ճգնաժամը ևս իրենցն է լինելու: Եթե այս աճից օգտվում են սահմանափակ մարդիկ, բանկային համակարգը, վերարտահանողները, հյուրանոցային տնտեսությունը, ապա, ցավոք, սպասվելիք ճգնաժամից տուժելու են բոլոր քաղաքացիները և այդ պարագայում, իրոք բավականին լուրջ սոցիալական բունտերի առջև են կանգնելու»:
Ո՞րն է այս պարագայում պետության կարգավորիչ դերը, մեր հարցին՝ Պարսյանը պատասխանեց․ «Իրենք կարճաժամկետ են նայում խնդրին. հիմա երկնիշ տնտեսական աճ ունենք, ուրեմն նորմալ է, մտածում են այլ գործողություն, անելիքներ չունեն, բայց իրականությունն այն է, որ կառավարությունը և հատկապես տնտեսական բլոկի արդյունավետությունը շատ ցածր է, դրա վառ օրինակը գյուղատնտեսության ոլորտն է, վերամշակման ոլորտն է, երբ որ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է, որ վերամշակման ոլորտում աճ ունենք, աճը պայմանավորված է սիգարետի և ոսկերչության ոլորտներով, մնացած ոլորտներում բավականին լուրջ մտահոգիչ իրավիճակ է: Կառավարությունը պետք է հասցեական քաղաքականություն վարի, այս արժևորված դրամը մեր տնտեսության, տնտեսվարողների համար պարզապես աղետ է, իրենք փորձում են սրանով գնաճը զսպել, բայց սա խնդրի լուծում չի, վերջնարդյունքում մենք ունենալու ենք թույլ, սնանկացող բիզնեսներ»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ