Հունիսի 6-ին այս տարի արդեն 19-րդ անգամ կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտների և աշխարհում հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Մրցույթն այս տարի կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում։
Ամեն տարի տարբեր երկրներից Հայաստան են ժամանում բազմաթիվ երիտասարդ կատարողներ, որոնք մասնակցելով խաչատրյանական ստուգատեսին, սովորում, նաև իրենց նվագացանկերում ներառում են Խաչատրյանի ստեղծագործությունները։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 19 տարիների ընթացքում բացահայտել է բազմաթիվ երաժիշտների, որոնք հետագայում գրավել են համաշխարհային մեծ բեմեր։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ներգրավված են անվանի երաժիշտներ, որոնք ներկայացնում են տարբեր երաժշտական դպրոցներ։ 19-րդ մրցույթի ժյուրին կգլխավորի անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանը։ Ժյուրիի կազմում է նաև Չինաստանը ներկայացնող դաշնակահար Սիանդոն Կոնը։
Սիանդոն Կոնի խոսքով՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հեղինակավոր միջոցառում է. «Որպես այսօր աշխարհի ամենակարևոր երաժշտական մրցույթներից մեկը՝ Խաչատրյանի անվան մրցույթը նշանակալի դեր է խաղում դասական երաժշտության զարգացման և նոր տաղանդների բացահայտման գործում: Մրցույթը նաև հնարավորություն է տալիս երիտասարդ երաժիշտներին ճանաչում ձեռք բերել, ինչը կարող է օգնել նրանց կարիերայի մեկնարկին: Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը միջազգային մրցույթների ընտանիքի կարևոր մասնիկն է և նպաստում է դասական երաժշտության տարածմանն առավել լայն լսարանի համար»:
Կարդացեք նաև
Սիանդոն Կոնը նկատում է, որ մրցույթները մասնակիցների համար ոչ միայն տեխնիկական վարպետությունը ներկայացնելու, այլ երաժշտության միջոցով ինքնարտահայտվելու միջոց են։ «Մասնակիցները պետք է ձգտեն կապ հաստատել հանդիսատեսի հետ և փոխանցեն իրենց կատարած երաժշտության զգացմունքային բովանդակությունը: Նրանք նաև պետք է լավ պատրաստված լինեն և խորը պատկերացում ունենան ներկայացվող ստեղծագործությունների մասին: Վերջապես, մասնակիցների համար կարևոր է մնալ կենտրոնացած և լինել վստահ ամբողջ մրցույթի ընթացքում՝ մատուցելով իրենց հնարավոր լավագույն կատարումը»,- ասում է Սիանդոն Կոնը՝ կարևորելով նաև ելույթ ունեցողների արտիստիզմը, ստեղծարարությունը, հանդիսատեսի հետ կապ հաստատելու ունակությունը:
Խոսելով Խաչատրյանի արվեստի մասին՝ չինացի դաշնակահարն ընդգծում է, որ Խաչատրյանը 20-րդ դարի նշանավոր կոմպոզիտորներից է, որի արվեստի մեջ յուրահատուկ կերպով միաձուլվում են հայկական ժողովրդական և դասական երաժշտությունը։ «Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետները, դաշնամուրի, ջութակի և թավջութակի կոնցերտները, դարձել են համաշխարհային դասական երաժշտության առանցքային ստեղծագործություններից և հնչում են տարբեր բեմերում։ Խաչատրյանի երաժշտությունը զգալի ազդեցություն է ունեցել դասական երաժշտության զարգացման վրա, նրա արվեստը բարձր է գնահատվում նաև Չինաստանում»,- նշում է Սիանդոն Կոնը։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ