Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում քաղցկեղով հիվանդ ոչ մի երեխա առանց բուժման չի մնում, իսկ նրանց 75 տոկոսն ապաքինվում է: Սա լավ ցուցանիշ է, բայց զարգանալու տեղ միշտ կա». Անահիտ Ավանեսյան

Մայիս 19,2023 16:42

«Մանկական ուռուցքաբանության միջազգային հանրույթում Հայաստանի ուռուցքաբանների ունեցած կարևոր դերի ու մասնագիտական ներուժի շնորհիվ այս տարի ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն անց է կացվում Հայաստանում»,- մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) բացմանը, ողջունելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած 200 ուռուցքաբաններին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մայիսի 18-21-ը Երևանը դարձել է բժշկագիտական առաջատար մտքի կենտրոն: Մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետներ, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարներ ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հանդես են գալու ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ զեկույցներով ու դասախոսություններով: Ականավոր բժիշկներ ու գիտնականներ ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանն ու գիտական ներուժին, հանդիպումներ են ունենալու մեր մասնագետների հետ:

Քառօրյա ամենատարբեր միջոցառումների շնորհիվ` փորձի փոխանակման ու համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծվելու: Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նպատակն է՝ «Ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորին»:

Հայաստանում քաղցկեղով հիվանդ ոչ մի երեխա առանց բուժման չի մնում, իսկ նրանց 75 տոկոսն ամբողջովին ապաքինվում է: Նախարարի խոսքով` սա բավականին լավ ցուցանիշ է, բայց զարգանալու տեղ միշտ կա: Մեր երկրում արվում է ամենը, որ ոչ միայն երեխաների, այլև մեծերի շրջանում քաղցկեղը դատավճիռ չլինի:

«ԵՊԲՀ տանիքի ներքո մենք հավաքվել ենք ազդարարելու Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովի մեկնարկը: Համաժողովն ամփոփելու է բժշկագիտական ամենածանր և ամենակարևոր ոլորտի՝ մանկական  ուռուցքաբանության մեջ գրանցած միջազգային հաջողությունները: Այս ոլորտը  մշտապես ուշադրության կենտրոնում է, և Հայաստանում գրանցվող հաջողություններն ակնառու են»,- նշեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, հայտնում է SIOP Asia XV համաժողովի մեդիա թիմը։

 Հարյուրավոր ականավոր բժիշկներ և գիտնականներ նաև ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին,  ինչը նորանոր հնարավորություններ է ձևավորելու տարաբնույթ համագործակցությունների հաստատման և զարգացման համար։
«Նշանակալի օր է յուրաքանչյուր բժշկի  և, մանավանդ, արյունաբանությամբ և ուռուցքաբանությամբ զբաղվող մարդու համար: Մեր մայր բուհի կամարների ներքո մեզ բախտ է վիճակվել հյուրընկալելու մեր բնագավառի ամենահանրահայտ մասնագետներին: Դարավոր կամարները հերթական անգամ ականատես են լինում իրենց շրջանավարտների նվաճումներին և ձեռքբերումներին: Ես հպարտ եմ»,- ասաց  Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի  տնօրեն, ՀՀ առողջապահության արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության գծով խորհրդատու Սամվել Դանիելյանը։

 Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։ Միության առաքելությունն է պայքարել, որ ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից: Այժմ քաղցկեղից ապրելիության ցուցանիշը Հայաստանում արդեն իսկ ձգտում  է 75%-ի։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկայացնել SIOP-ը  Երևանում՝ այս գեղեցիկ քաղաքում։ Մեր նպատակն է SIOP անդամ երկրների շրջանում ստեղծել հնարավորություններ՝ հետազոտությունների իրականացման, կրթության կազմակերպման, փորձի փոխանակման համար, և զարգացած երկրների փորձը ներդնել տարածաշրջանի զարգացող երկրներում և հասարակություններում»,- նշեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլիերմո Շանտադան։

 Այս առաքելությանն է նվիրված նաև 2023 թվականին անցկացվելիք համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

 «Ինձ համար շատ կարևոր օր է, քանի որ Հայաստանի նման փոքր երկրի մանկական ուռուցքաբանները այսօր հյուրընկալում են այսպիսի մասշտաբային միջոցառում։ Կրկնակի հպարտություն է ընդունել SIOP Asia XV համաժողովը Հայաստանում և հատկապես՝ իմ հարազատ բուհում։ Մենք` մանկական ուռուցքաբաններս, ամեն օր մեկ երեխայի կյանք ենք փրկում, և վստահ եմ՝ համաժողովի ընթացքում կփոխգործակցենք և կավելացնենք այս ցուցանիշը»,-նշեց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։

 SIOP Asia նախագահ Հիրոկի Հորին նշեց, որ կազմակերպության համար մեծ պատիվ է անցկացնել SIOP Asia 15-րդ համաժողովը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը կնպաստի Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում մանկական ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց հայ մասնագետներին կազմակերպչական մեծ ջանքերի համար։

 Համաժողովի ծրագիրն ամբողջությամբ հասանելի է www.siopasia2023.am կայքում:

Հանրության համար ներառված են նաև բաց և անվճար բացառիկ հանդիպումներ, սեմինար-քննարկումներ առողջության ու առաջնորդության վերաբերյալ՝

  • Մայիսի 20֊ին, ժամը 16:10 «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» / “Women leadership in oncology”, խոսնակների և թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով՝ https://bit.ly/3obEwFp։
  • Մայիսի 20-ին, ժամը 17։00 «Համաշխարհային առողջապահական համայնք» / «Global Health Network» (անգլերենը), խոսնակների և թեմաների վերաբերյալ մանրամասները ներկայացված են հղումով՝ https://bit.ly/3Bu2miQ ։
  • Մայիսի 19-ին, ժամը 19։30-ին՝ ի աջակցություն Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի հանրայնացման`  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագիրը Երևանի պետական բժշկական համալսարանում։

Համաժողովի համակազմակերպիչներն են՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մաս, Իմունաուռուցքաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտը (IMMONC) և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։

Համաժողովն անց է կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։

Համաժողովի գլխավոր հովանավորներն են Agenus բիոտեխնոլոգիական ընկերությունը (ԱՄՆ) և Team Telecom Armenia ընկերությունը։

Գործընկերներն են՝ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը,  Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF), Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (HFC), DNA Strategy խորհրդատվական գործակալությունը, Just Travel տուրիստական գործակալությունը, SODA դիզայն ստուդիոն։

Ընկերներն են՝ Farma Mondo դեղագործական խումբը (Շվեյցարիա), Astex բիոտեխնոլոգիալան  ընկերությունը (ԱՄՆ), «Զվարթնոց» միջազգային օդանավակայան֊«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ֊ն, Գրանդ Հոթել Երևան հյուրանոցը, My child matters (Մայ չայլդ մեթըրս) նախաձեռնությունը։

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին տեղեկատվություն կարող եք գտնել սոցիալական մեդիայի էջերից՝
https://www.facebook.com/cancerarmenia

https://www.facebook.com/hematologycenterarmenia

 Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսի մասին (SIOP Asia)

 Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական մայրցամաքային մասնաճյուղը հիմնել է իր սեփական միությունը, որը կոչվում է SIOP Asia կամ Asian Society of Pediatric Oncology (Մանկական ուռուցքաբանության ասիական միություն):  SIOP Asia-ն նպատակ ունի նպաստելու քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բարձրորակ խնամքի կազմակերպմանը։ Այս միությունը նվիրված է մանկական քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը, ախտորոշման և բուժման բարելավմանը:

Այս տարի ամենամյա  SIOP Asia֊ի 15֊րդ համագումարը կանցկացվի 2023 թվականի մայիսի 18-21-ը Երևանում, Հայաստան։

https://siop-online.org/sp_cb/asia/

 Մանկական ուռուցքաբանության միջազգային միության մասին (SIOP)

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունը (Société Internationale d’Oncologie Pédiatrique/International Society of Pediatric Oncology, SIOP) աշխարհում միակ միությունն  է` կազմված մանկական արյունաբանության/ուռուցքաբանության շուրջ 2600 մասնագետներից։ Այն կազմավորվել է 1969 թվականի նոյեմբերի 6-ին, որպես մասնագետների փոքր խումբ Գուստավ-Ռուսիի ինստիտուտում (IGR) Վիլժյուիֆ, Փարիզ, որի առաքելությունն էր զարգացնել քաղցկեղով հիվանդ երեխաների ուսումնասիրությունը և խնամքը, հիմնաքարային առաքելություն, որով առաջնորդվում են մինչ օրս։ 

Այսօր այս նպատակներն ընդլայնվել են՝ ընդգրկելով հիմնական հետազոտությունների, ինչպես նաև կլինիկական ուսումնասիրությունների արդիականացումը, բուժքույրերի, առողջապահական այլ մասնագետների և ծնողների ներգրավումը, ինչպես նաև ուսուցման և հանրայնացման ծրագրերի կազմակերպումը զարգացող երկրներում և հասարակություններում` ուղղված երեխաների վիճակի բարելավմանը։

SIOP-ի տեսլականն է՝ «ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»:

SIOP-ն ունի մայրցամաքային մասնաճյուղեր Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայում։

https://siop-congress.org/about-siop/

https://siop-online.org/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031