«Շվեդիան մեկ անգամ եւս ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, բայց այս անգամ մարտահրավերներով լի ժամանակահատվածում, խոսքը պատերազմի մասին է»,-Կապանում Եվրոպայի օրվան նվիրված ասուլիսում մասնավորապես նշել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատան խորհրդական, զարգացման հարցերով ղեկավար, փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը։
«Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումն առաջացրել է մի շարք կարեւոր հարցեր, որոնք առաջնահերթ են Եվրամիության ու Շվեդիայի համար։ Հասկանալի է, որ Հայաստանում անվտանգային հարցերը նույնպես առաջնային են։ Եվ հետևաբար, ապրումակցում ենք Սյունիքի բնակչությանը։ Նման բարդ իրավիճակում մեկ անգամ եւս ընդգծում ենք, թե ինչքան կարեւոր են մեր ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը եւ խաղաղությունը»,-ասաց Կլաս Վալդենստրյոմը։
Անդրադառնալով «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը»՝ նա շեշտեց, որ համատեղ արվող նախագծերը միտված են Սյունիքում ապահովելու դիմադրողականությունն ու տոկունությունը։
Հիշեցնենք, որ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գումարներն ուղղված են լինելու Սյունիքի ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը, ինչպես նաեւ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվելու։
Կարդացեք նաև
«Առաջին հերթին մենք լսողի դերում ենք, պիտի ծանոթանանք այն իղձերին, նպատակներին, որոնք դուք եք հետապնդում, միաժամանակ՝ պատասխանատվություն ենք ստանձնում դրանց իրականացումը ապահովվել»,-խոսքը եզրափակեց Կլաս Վալդենստրյոմը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ